Աշխարհ

14.08.2018 20:10


Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը

Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումն անցել է փակ դռների ետևում, որից հետո արտգործնախարարները մամուլի ասուլիս են տվել։

Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում Ղարաբաղի, Սիրիայի Իդլիբի քաղաքի, Բալկանների և Ուկրաինայի հարցերը։

Այն, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սակայն Չավուշօղլուն որևէ կերպ չի անդրադարձել Ղարաբաղի թեմային։

Օրակարգային հարցը եղել է Իդլիբում տիրող իրավիճակը, որի մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է. «Այս պահին պարզ է Իդլիբում տիրող իրավիճակը։ Մենք 12 դիտակետ ենք հիմնել այնտեղ։ Դրանց նպատակն է նախապես իմանալ հնարավոր բախումների մասին: Իդլիբում 3մլն փախստական կա, սակայն ահաբեկիչներ էլ կան։ Վերջիններս այստեղ են եկել Հալեպից և Արևելյան Գութայից։ Այդ ահաբեկչական խմբավորումներն Իդլիբի ներսում ահաբեկում են խաղաղ բնակչությանը, ինչպես նաև Սիրիայի ընդիմադիր ուժերին։ Մենք Ռուսաստանի և մյուս գործընկերների հետ պետք է ունենանք մեկ ռազմավարություն, որի արդյունքում կտարբերակենք ահաբեկիչներին։ Սակայն, եթե մենք ասենք ահաբեկիչ և ռմբակոծենք Իդլիբը, ապա կոտորած տեղի կունենա։ Պետք է կարողանանք ահաբեկիչներին տարբերել չափավոր ընդդիմադիրներից։ Դա Սիրիայի ապագայի համար կարևոր է»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Իդլիբում Ալ-Նուրսա ահաբեկչական կազմակերպությունը զինված հարձակումներ է գործել։ Դրանց ժամանակ հարձակման է ենթարկվել հարևանությամբ գտնվող ռուսական ռազմաբազան։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը