Աշխարհ

26.08.2018 12:14


Վերլուծաբաններ. Կասպիական ավազանի համաձայնագիրը չի կարգավորում հիմնական խնդիրները (տեսանյութ)

Վերլուծաբաններ. Կասպիական ավազանի համաձայնագիրը չի կարգավորում հիմնական խնդիրները (տեսանյութ)

Վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումներից էր Կասպիական ավազանի կարգավիճակի շուրջ համաձայնագրի կնքումը: 5 ծովափնյա երկրները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենիստանն ու Ղազախստանը, ավելի քան 20 տարի բանակցում են ավազանի կարգավիճակի շուրջ: Խնդրին անդրադառնում են փորձագետները:

Ղազախստանում վերջերս կայացած Կասպիան ավազանի երկրների գագաթաժողովին ստորագրվեց ավազանի կարգավիճակի շուրջ համաձայնագիրը: Կողմերը եկել են համաձայնության, որ ավազանի մակերեսը դիտարկվում է որպես ընդհանուր, իսկ ընդերքը՝ բաժանված: Ընդերքի հետ կապված հարցերը կկարգավորվեն երկկողմանի համաձայնագրերով:

Չնայած մասնակից երկրներն ընդգծում են համաձայնագրի աննախադեպ ու հիմնարար նշանակությունը՝ փորձագետներն ունեն այս հարցի շուրջ իրենց վերապահումները:

«Այն ներկայացված չափով արժեք չունեցող պայմանագիր է, չափազանց խորհրդանշական: Երբ ծանոթանում ես բովանդակությանը, ակնհայտ է դառնում, որ այն չի կարգավորում ավազանի հարցի հիմնախնդիրները»,-ասում է Քարնեգիի անվան կենտրոնի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

«Այս պայմանագիրը չի կարգավորում բազմաթիվ կարևոր հարցեր»,-նշում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը:

Փորձագետներն ընդգծում են պայմանագրի ստորագրման կարևորությունը Ռուսաստանի համար:

«Սա ընդամենը հանրային կարծիք ձևովորող միջոցառում էր, որը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար այս պահին: Այն վկայում է, որ Մոսկվան կարող է համաձայնության հասնել իր հարևան երկրների հետ, ներառյալ՝ բարդ դիվանագիտական հարաբերություններ ունեցող կողմերի»,-նշում է Սթրոնսկին:

«Այս պայմանագիրն ավելի շատ ունի քաղաքական բնույթ, քանի որ այսպիսով Ռուսաստանն ընդգծում է, որ որևէ այլ օտար ռազմական ուժ չի կարող ներկայացված լինել ավազանում, և այս մոտեցման հետ համամիտ է Իրանը»,-ընդգծում է Ռիչարդ Կազլյարիչը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Կազլյարիչն ընդգծում է՝ կողմերի միջև համաձայնագիրը երկար դիվանագիտական մի գործընթացի արգասիք է, որի միջոցով փորձ է արվել հնարավորին չափով մոտեցնել կողմերի դիրքորոշումներն իրավական առումով Կասպիական ավազանի ծով, եւ լիճ հանդիսանալու ամենագլխավոր խնդրի շուրջ: Միջազգային իրավունքը հստակ սահմանազատում է ծովերի ու լճերի կարգավիճակների տարբերությունը: Այս հարցը, սակայն, շարունակում է մնալ բաց:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը վստահ չէ, որ համաձայնագիրն ի վերջո կհանգեցնի Ադրբեջան-Թուրքմենստան կասպիական ընդերքով գազատարի կառուցմանը:

«Համաձայնագիրն, այո՛, տալիս է գազատարը կառուցելու հնարավորոթյուն, սակայն Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև չկան համաձայնություններ սահմանների մասին: Բացի այդ, կասպիական երկրներից յուրաքանչյուրը կարող է բարձրացնել բնապահպանական հարցեր, և այսպիսով խափանել նախագիծը»,-նշում է Կազլյարիչը:

Վերլուծաբան Փոլ Սթրոնսկին չի կիսում համաձայնագրի կարևորության հետ կապված կողմերի լավատեսությունը:

«Ես չեմ կարծում, որ համաձայնագիրը կարող է բերել որևէ փոփոխության: Փաստաթղթի բովանդակությունը միտված չէ դրան»,-ընդգծում է Սթրոնսկին:

Փորձագետները որոշակի վերապահումով են մոտենում Կասպիական ավազանում օտարերկրյա ռազմական ուժի ներկայության բացառման մասին համաձայնությանը՝ ընդգծելով, որ որևէ լուրջ քննարկում երբևէ չի ընթացել այստեղ Արևմտյան կամ ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության մասին:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը