Աշխարհ

26.08.2018 18:25


Հայաստանը հետաքրքրված է հնդկական Pinaka ՀԿՌՀ-ներով. Times of India

Հայաստանը հետաքրքրված է հնդկական Pinaka ՀԿՌՀ-ներով. Times of India

Օգոստոսի 25-ին հնդկական «Պատշպանական հետազոտութունների և զարգացման» ընկերության տնօրեն Կ․Մ․ Ռաջանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով (ՀԿՌՀ)։ Այս մասին հայտնում է հնդկական Times of India լրատվականը։ Ըստ աղբյուրի՝ ընկերության նախագահն ասել է․

«Հայաստանը հետաքրքրվում է Pinaka համակարգերով, այդ պատճառով մենք անցած ամիս Ռաջասթանի Փոխրան քաղաքում իրենց պատվիրակության համար կազմակերպեցինք ցուցադրական կրակի փորձարկումներ։ Արդյունքները հիանալի էին։ Քանի որ սա որոշում է երկու կառավարությունների միջև, մենք դեռ պետք է խոսենք գնման պաշտոնական համաձայնության մասին։ Հայաստանը հետաքրքրված է համակարգի երկու տարբերակներով էլ»։

Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում Pinaka ՀԿՌՀ-ն։ Համակարգի նախագծումը սկսվել է 1983թ․-ից, իսկ հնդկական բանակի սպառազինությունում հայտնվել է 1999թ․։ Նույն թվականին համակարգը կիրառվել է հնդկա-պակիստանյան Կարգիլյան պատերազմում։

Համակարգն ունի 12 հատ 214մմ տրամաչափի հրթիռներ, որոնք բաշխված են 2 կոնտեյներներում։ Հրթիռի մարտական մասի զանգվածը 100կգ է։ Ունի 6 տեսակի հրթիռ՝

  • ֆուգասային
  • բեկորա-ֆուգասային
  • հրկիզող
  • կասետային՝ լիցքավորված հակատանկային ականներով
  • կասետային՝ լիցքավորված կումուլյատիվ-բեկորային մարտական էլեմենտներով
  • փորձնական հրաձգության

Pinaka ՀԿՌՀ առաջին մոդելների հեռահարությունը 40կմ է, սակայն 2012թ․ Հնդկաստանը ներկայացրեց նաև համակարգի արդիականացված տարբերակը՝ նոր հրթիռներով, որոնցում հեռահարությունը հասցվել էր 55կմ, ինչպես նաև տեղեկություններ հայտնվեցին, որ նախագծվում է նոր, մինչև 120կմ հեռահարությամբ հրթիռ։

Առավել էական մարտավարատեխնիկական պարամետրերից հայտնի է նաև, որ 1998թ․-ին փորձարկումների ժամանակ հրթիռների շրջանային հավանական շեղումը թիրախից կազմել է հեռավորության 2-3%։ Դա բավականին համեստ ցուցանիշներ են․ օրինակ՝ 40կմ հեռավորության դեպքում, շրջանային հավանական շեղումը կկազմի 800-1200մ։ Սակայն պիտի հաշվի առնել, որ խոսքը 20 տարի առաջ կատարված փորձարկումների մասին է և նոր ու արդիականացված հրթիռների դեպքում այդ ցուցանիշը ամենայն հավանականությամբ զգալիորեն բարելավված է։

Հավելենք նաև, որ այս նորության հետ կապված ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Հնդկաստան էր մեկնել այս տարվա մարտին՝ Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Այն ժամանակ հաղորդվել էր, որ «քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր»։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը