Լրահոս

27.08.2018 16:37


«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողները բախվել են

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողները բախվել են

Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց «Լիդիան Արմենայի» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը:

«Օգոստոսի 27-ին Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհները փակած մարդիկ հարձակվել են ծրագրի մուտքերից մեկի մոտ հավաքված «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ու կողմնակիցների վրա, քարերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել, մարդկանց պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս ամենը կատարվել է ոստիկանության ծառայողների ներկայությամբ»,-ասաց Մելքումյանը:

Իրավաբանը շեշտեց նաև, որ ցուցարարներին ոգևորել է Ամուլսարի ծրագիրն ուսումնասիրող տեսչական խմբի հայտարարությունը:

«Այս կապակցությամբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է իր հիասթափությունը: Ընկերությունը վստահ է Ամուլսարի բնապահպանական կառավարման լավագույն չափանիշներին համապատասխանության վրա»,-նշեց Մելքումյանը: Նա հավելեց, որ ընկերությունը տեսչական խմբի հայտարարություններին արձագանքելու է բողոքարկմամբ և դատական կարգով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին, որ օրվա ընթացքում ՀՀ ոստիկանություն թե բողոքի ակցիայի մասնակիցների, և թե «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակցների կողմից տարբեր բովանդակություններով ահազանգեր է ստացել:

«Այս պահին բոլոր ահազանգերը ստուգվում են, և ոստիկանության կողմից կտրվի համապատասխան գնահատական»,-ասացին լրատվական ծառայությունից:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ի կողմից դատական կարգով հարցին լուծում տալը իրենց իրավունքն է:

Այս խորագրի վերջին նյութերը