Քաղաքական

28.08.2018 22:31


Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործն ուղարկվել է դատարան

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործն ուղարկվել է դատարան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է վերահսկող դատախազի կողմից․ վերջինս գործն այսօր ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին գլխավոր դատախազությունից։

33-ամյա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։ Նա կալանավորված է։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, 11 տարի առաջ, 2007 թվականին, հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին: Հարուցվել էր քրեական գործ, որը, սակայն կարճվել էր․ որոշվել էր Արթուր Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ կողմերի միջև հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունից հետո, սակայն, այդ փաստի առթիվ հարուցվեց նոր քրեական գործ, որի քննության արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին մարմնական վնասվածքը ոչ թե անզգուշությամբ պատճառել է Արթուր Ղևոնդյանը, այլ Սիմոնյանին փորձել են սպանել, իսկ սպանության փորձը կատարել է Հայկ Սարգսյանը։

Նախաքննական մարմնի փոխանցմամբ՝ Դավիթ Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի՝ Երևանի կենտրոն թաղամասում գտնվող տան նկուղային հարկում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին, հենց Սարգսյանի արձակած կրակոցի հետևանքով։

Ատրճանակը հայտնաբերվել և առգրավվել է: Ըստ իրավապահների, տուժողի որովայնի ուղղությամբ կրակոց է արձակվել կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինչի հետանքով նրան պատճառվել է «կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք՝ որովայնի խոռոչի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով՝ լյարդի և աջ երիկամի վնասումով, աջ երիկամի հեռացումով՝ ուղեկցված հետորովայնային հեմատոմայով, ներքին արյունահոսությամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը