Դեպի մոնոպոլիա՞. ինչու է Վրաստանն արգելում իր ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը
«Սա ապօրինի որոշում է, որը կհանգեցնի մթերքի՝ ալյուրի և հացի թանկացմանը: Միևնույն ժամանակ հազարավոր վարորդներ կմնան առանց աշխատանքի և երկրում կլինի մոնոպոլիա: Զգալիորեն կտուժի նաև հարևան Հայաստանը։ Միայն բացասական հետևանքներ կլինեն»,–այսպես է մեկնաբանել վրաց քաղաքագետ, Լեյբորիստական կուսակցության անդամ Գիորգի Գուգավան՝ հացահատիկի տեղափոխման հետ կապված Վրաստանի կառավարության որոշումը:
Նշենք, որ Վրաստանի ֆինանսների նախարարության որոշման համաձայն՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը։
«Կարծում ենք, որ առավել քաղաքակիրթ և արդյունավետ միջոց է ծովային տրանսպորտի և երկաթուղու օգտագործումը»,–նշել է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:
Այս որոշումն անսպասելի էր հատկապես Հայաստանի համար, որը ցորենը ներկրում է հիմնականում հենց օգտվելով վրաստանյան ավտոճանապարհներից։ Վրաստանի միջոցով Հայաստան ցորեն ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են որոշման մասին։ Նրանք բարձրաձայնել են հնարավոր ռիսկերի մասին և նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։
Մինչդեռ Վրաստանի ֆինանսների նախարարը նշել է, որ ցորենի փոխադրումները Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ միշտ եղել են երկաթգծի միջոցով:
«Մեր կարծիքով, դա տնտեսության մեջ որևէ դիսոնանս չի առաջացնի և գնաճի հետ որևէ կապ չի ունենա: Սա քաղաքակիրթ և ճիշտ որոշում է»,–ասել էՄաճավարիանին:
Ըստ նախարարի, մեքենայով ցորենի տեղափոխումը սահմանային անցակետում խցանումներ է առաջացնում, ինչն էլ երկար հերթերի պատճառ է դառնում՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների մուտքը Վրաստան:
Սակայն, ինչպես «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց Գիորգի Գուգավան, ցորենի և, հետևաբար, հացի գնաճն անխուսափելի է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում:
Ըստ Գուգավայի, քանի որ նոր կարգի համաձայն ցորենի ներկրումը լինելու է ծովային տրանսպորտի միջոցով, դա անմիջական կապ ունի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսների հետ.
«Հենց այդ խմբին (Իվանիշվիլի, Մամացաշվիլի, Փարցխալաձե) է պատկանում ծովային բիզնեսների մեծ մասը: Եվ հենց նրանք են իրականացնում բիզնես մոնոպոլիա։ Ցավոք, այս որոշումը մեծ ազդեցություն ունի նաև Հայաստանի վրա, քանի որ, եթե չեմ սխալվում, Ռուսաստանից՝ Վրաստանի միջոցով Հայաստան է ներկրվում տարեկան 300 հազար տոննա ցորեն: Բնականաբար, Հայաստանում ևս կթանկանա ցորենը և, հետևաբար, հացի գինն էլ կբարձրանա: Սա ծանր հարված կլինի նաև սոցիալապես անապահով խավի մարդկանց համար: Նշեմ նաև, որ ըստ մասնագետների, այս որոշման հետևանքով, մեկ տոննա ցորենի գինը կբարձրանա 50 դոլարով»:
Հայաստանում ցորենի ներկրմամբ զբաղվող խոշորագույն «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Գուրգեն Նիկողոսյանն «Ալիք մեդիային» ասում է, որ սա Հայաստանի համար բավականին վտանգավոր որոշում է, որի հետևանքով զգալիորեն տուժելու են հայաստանաբնակներն ու Հայաստանում գործող բիզնեսները։
«Այստեղ հստակ ընդգծված վրացական շահեր կան։ Բոլոր վագոնները ռուսական, վրացական կողմի սեփականությունն են, Հայաստանը մոտ 15 վագոն ունի ընդամենը, մինչդեռ վագոնի վճարն առանձին է, տեղափոխմանը՝ առանձին։ Մարդիկ կան շահագրգռված, որպեսզի ունենան առանձին զեղչեր և Հայաստանում գործող բիզնեսները չկարողանան գնային մրցակցությամբ աշխատել, այլ աշխատեն նորերը։ Կա շահերի բախում, սակայն հետևանքները շատ վատ կանդրադառնան հայ ժողովրդի վրա, կթանկանա հանապազօրյա հացը, իսկ Հայաստանը հարուստ երկրների շարքում չէ, որ նման ճոխություն թույլ տա իրեն։ Մեկ տոննա ցորենը մոտավորապես 70 դոլարով թանկանալու է»,–ասում է Նիկողոսյանը։
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից դեռ երեկ «Ալիք մեդիային» տեղեկացրին, որ այս հարցով վրացական կողմի հետ վերջին շրջանում ակտիվ բանակցություններ են ընթանում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացրեց, թե նախնական պայմանավորվածության համաձայն՝ վրացական երկաթուղին հայաստանյան փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա:

Աղբյուրը՝ aliq.ge