Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. մարտի-ի հանրահավաքում
Սիրելի հայրենակիցներ,
Օրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցությունը վայելող նրանց հարազատներին ու մերձավորներին։ Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար։ Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը։ Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերականգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով։
Այնուամենայնիվ, չնայած համապարփակ ուսումնասիրության պահանջին, առիթը հարմար չէ ձեզ ներկայացնելու ո՛չ մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների մանրամասն վերլուծությունը, ո՛չ էլ կատարելու դրանց հետեւանքների, մասնավորապես, իշխանությունների կողմից սանձազերծված լայնամասշտաբ քաղաքական հալածանքների եւ դատական խեղկատակությունների քննությունը։ Այդ գործը բավարար չափով արվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Փաստահավաք խմբի, իրավապաշտպան կազմակերպությունների, անկախ քաղաքագետների եւ լրագրողների ջանքերով։ Պատահական չէ, որ այս շարքում ես չեմ նշում խնդրի առիթով ստեղծված Խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որի նպատակը ճիշտ հակառակն էր, այն է՝ իրականության աղավաղումն ու հանցագործության կոծկումը։ Հատկանշական է, որ հանձնաժողովի զեկույցն, ըստ էության, այդպես էլ գնահատվեց ոչ միայն մեր հասարակության, այլեւ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից։
Զերծ մնալով հանդերձ հարցի հանգամանալից արծարծումից, ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել, սակայն, երկու առանցքային հանգամանքի վրա, որոնցից մեկը վերաբերում է ոճրագործության սկզբնապատճառին, իսկ մյուսը՝ մարտի 1-ի էջի փակված լինելու մասին պնդմանը։
Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի մի զգալի մասը նվիրված է ապացուցելու, որ մարտի 1-ի ողբերգությունն արդյունք էր երկրում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների, օրենսդրության անկատարության եւ մանավանդ ընդդիմության կողմից ստեղծված անհանդուրժողականության մթնոլորտի։ Այսինքն, երկար-բարակ խոսվում է ամեն ինչի մասին, բացի բուն պատճառից, այն է՝ ընտրությունների կեղծման իրողությունից։ Ավելի ողորմելի դատարկաբանություն կամ անսքող ամբարտավանություն դժվար է պատկերացնել։ Հանձնաժողովի մտքով անգամ չի անցել պարզելու, թե ինչն էր հարյուրհազարավոր մարդկանց ստիպում տաս օր շարունակ հավաքվել Ազատության հրապարակում, եթե ոչ ընտրությունների կեղծված լինելու գիտակցությունը։ Մի՞թե ակնհայտ չէ, որ ընտրությունների օրինական լինելու պարագայում հնարավոր չէր լինի անգամ հինգ հազար մարդ հավաքել։ Ոչ մի հոգեխանգարմունք կամ նեյրոլինգվիստիկա չէր օգնի, եւ ընդդիմությունը, որքան էլ ճարտար, որեւէ այլ փաստարկով չէր կարող ժողովրդին ոտքի հանել։
Հետեւաբար, եթե ընտրությունները կեղծված չլինեին, իշխանությունները մարտի 1-ին բռնության դիմելու կարիք չէին ունենա։ Թեեւ, ինչպես պարզվեց պաշտպանության նախարարի վերջերս հրապարակված գաղտնի հրամանից, բողոքի համաժողովրդական ալիքը ճզմելու ծրագիրը մտահղացված էր դեռեւս փետրվարի 23-ին, բայց իշխանություններն այդ մասին վերջնական որոշում կայացրին միայն այն բանից հետո, երբ սարսափով նկատեցին պետական համակարգում առաջացող ճաքերը, եւ մանավանդ, երբ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի կազմակերպված բազմամարդ հանրահավաքի մասնակիցները փետրվարի 26-ին լքեցին իրենց առաջնորդին եւ համարյա ամբողջությամբ միացան Ազատության հրապարակի ցուցարարներին։ Ըստ այդմ, ժողովրդի սառնասիրտ գնդակոծումը՝ ընտրագողությամբ նվաճված իշխանությունը պահպանելու վերջին եւ միակ միջոցն էր, որից եւ, միջազգային հանրության անտարբերության շնորհիվ, չխորշեց օգտվել Հայաստանի ավազակապետական վարչախումբը։ Մարտի 1‑ի սպանդի այլ պատճառների որոնումը հավասարազոր է անբարոյականության կամ նույնիսկ մեղսակցության։
ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23-ի ապօրինի հրամանի հրապարակումը վերջնականորեն ապացուցում է, որ այդ սպանդը սկզբից մինչեւ վերջ ծրագրել, կազմակերպել ու իրագործել են իշխանությունները, ինչն այլ բան, քան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից իրականացված պետական հեղաշրջում չի կարելի անվանել։ Պատահական չէ, որ այդ հրամանն արդեն իսկ հատուկ ուշադրության է արժանացել Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում եւ, վստահ եմ, դեռ ունենալու է շատ լուրջ հետեւանքներ։ Գալու է մի պահ, երբ միջազգային հանրության ձեռքում այն դառնալու է Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու ամենածանրակշիռ փաստարկը, իսկ Հաագայի դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվելիք քրեական գործի գլխավոր իրեղեն ապացույցը։
Ինչ վերաբերում է հաջորդ խնդրին, այն է՝ մարտի 1-ի էջը փակված տեսնելու ցանկությանը, ապա դա, անշուշտ, իշխանությունների մեծագույն երազանքն է, որովհետեւ դրանով թե՛ վերջնականապես լուծված կլիներ Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը, եւ թե՛ ոճրագործության իրական պատասխանատուները իսպառ կխուսափեին արդարադատությունից։ Բարեբախտաբար, այդ սեւ էջը ո՛չ դեկրետով, ո՛չ էլ իշխանության անմեղսունակ սպասարկուների մերկապարանոց հայտարարություններով հնարավոր չէ փակել։ Որեւէ բանական մարդու եւ առողջ հասարակության համար այն չի կարող փակված համարվել,
- քանի դեռ պետական հոգացողության չեն արժանացել ու անհրաժեշտ կերպով չեն փոխհատուցվել մարտի 1-ի զոհերի ընտանիքները,
- քանի դեռ իրենց ազատությունը չեն գտել դեռեւս զնդաններում տառապող մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալները,
- քանի դեռ դատական կարգով չեն արդարացվել ու կրած նյութական վնասների հատուցում չեն ստացել բացառապես քաղաքական գործունեության համար ապօրինաբար դատապարտված բոլոր անմեղ քաղաքացիները,
- քանի դեռ չեն բացահայտվել եւ արդարադատության առջեւ չեն կանգնել ոճրագործության բուն կատարողները, սադրիչներն ու կազմակերպիչները,
- քանի դեռ քրեական կամ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր անպարկեշտ եւ իրավախախտ դատախազներն ու դատավորները,
- եւ վերջապես, քանի դեռ կեղծված ընտրությունների ու սվինների միջոցով իշխանությունը զավթած ավազակախումբը չի հեռացել ասպարեզից։
Հայ Ազգային Կոնգրեսի տասնյակ հազարավոր նվիրյալ անդամների եւ անհամար թվով համակիրների անունից հավաստիացնում եմ. որքան էլ պայքարը երկար տեւի, մենք անդադրում հետամուտ ենք լինելու նշված բոլոր խնդիրների լուծմանը։ Մարտի 1-ի էջը դուք եք բացել, պարոնայք բռնազավթիչներ, բայց այդ էջը վերջիվերջո ժողովուրդն է փակելու։ Ամենեւին չկասկածեք. երբ էլ լինի, ժողովուրդն է փակելու նաեւ հոկտեմբերի 27-ի ձեր բացած էջը։ Եթե այս ամենը անհանդուրժողականություն եք համարում, ձեր գործն է՝ համարեք։ Դուք գնդակահարեք - իսկ մենք հանդուրժենք. դուք երկիրը թալանեք - մենք չտեսնելու տանք. դուք անմեղ մարդկանց բանտերը լցնեք - մենք չբողոքենք. դուք ընտրությունները կեղծեք - մենք հաշտվենք դրա հետ։ Անտարակույս, սա է հանդուրժողականության մասին ձեր պատկերացումը եւ, անշուշտ, սա է ձեր երազած իդեալական պետությունը, բայց այդ երազը մի գեղեցիկ օր անխուսափելիորեն փշրվելու է։ Իսկ մենք ձեր անկիրթ ու բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու, քանզի անիրավությունը, բռնությունը, տգիտությունն ու գավառամտությունը հանդուրժող ժողովուրդը ապագա չունի։
* * *
Անցնելով ընթացիկ քաղաքական իրավիճակի գնահատմանը, հարկ եմ համարում նախեւառաջ կանգ առնել մի տարօրինակ, եթե ոչ մտահոգիչ երեւույթի վրա։ Մինչ Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր միջոցներով (հանրահավաքներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ, պաշտոնական հայտարարություններ եւ այլն) հետեւողականորեն ձգտում է հստակեցնել հարցերը եւ դրանք մատչելի դարձնել հասարակությանը, լրագրողների ու քաղաքագետների մի զգալի մասը, կարծես-թե, իր առջեւ ճիշտ հակառակ խնդիրն է դրել, այն է՝ խճճել ու մշուշապատել ոչ միայն մշտապես ծագող, այլեւ նույնիսկ վաղուց հստակեցված ու պարզաբանված հարցերը։ Խոսքը չի վերաբերում պաշտոնական քարոզչության սպասարկուներին, որոնց գոյության իմաստը հենց հարցերի խճճումն ու փաստերի աղավաղումն է, որովհետեւ այլ կերպ նրանք չեն կարող իրականացնել ժողովրդին մոլորության մեջ պահելու իրենց սուրբ առաքելությունը։ Խոսքը, ցավոք, վերաբերում է անկախ կամ ընդդիմադիր լրագրողներին ու քաղաքագետներին, որոնց ազնվությանը թեեւ ոչ ոք չի կասկածում, բայց որոնք, իմ կարծիքով, տարերային լրահոսի ու պատահական քաղաքական հայտարարությունների ազդեցության տակ, հաճախ կորցնում են գործընթացների զգացողությունը։ Քավ լիցի, սա չպետք է կշտամբանք համարել. իրականությունն այնքան դինամիկ է, տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունն այնքան առատ, որ օբյեկտիվորեն իսկ չափազանց դժվար է հետեւել իրադարձությունների զարգացման ընթացքին։
Ավելի վտանգավոր է wishful thinking կոչեցյալ հասկացությունը, այլ կերպ ասած, ցանկալին իրականության տեղ դնելու հակումը, քանի որ այն, սին հույսեր արթնացնելով, բթացնում է հասարակության զգոնությունը։ Իսկ երբ նման հակում դրսեւորվում է պետության պատասխանատուների մոտ, դա արդեն հավասարազոր է աղետի։ Ցանկալին իրականության տեղ դնելու տիպական դրսեւորումներ են, մասնավորապես, վերջին շրջանում որոշ արեւմտյան գործիչների ու քաղաքագետների հայտարարությունների կամ ակնարկների հիման վրա հայկական մամուլում շրջանառության մեջ դրված այն առասպելները, թե իբր միջազգային հանրությունը լուրջ ճնշումներ է բանեցնում Թուրքիայի վրա՝ վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, թե վերջինիս համառելու պարագայում ԱՄՆ-ի կառավարությունն սպառնում է ապրիլ ամսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե Ռուսաստանն ու Իրանը փորձում են վիժեցնել Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, թե այդ գործընթացը կրկին փակուղի է մտնում եւ հետաձգվում անորոշ ժամանակով, թե Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունն աստիճանաբար հակվում է ազգերի ինքնորոշման սկզբունքի կողմը, թե տարածքների վերադարձի դիմաց Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստանալու կամ միավորվելու Հայաստանի հետ, թե Սերժ Սարգսյանը, հմուտ դիվանագիտությամբ, խաբում է բոլորին ու ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու, թե եթե նա որոշի էլ տարածքները վերադարձնել, Ղարաբաղի ժողովուրդն ու բանակը դա թույլ չեն տա, թե Սոչիի հանդիպման ժամանակ որոշվել է, որ այսուհետեւ Ղարաբաղը որպես հակամարտության կողմ մասնակցելու է բանակցություններին եւ այլն։
Ես չեմ պատրաստվում լրջորեն քննարկել, առավել եւս, մեկ առ մեկ հերքել այս հեքիաթները, քանի որ դրանք գործընթացների տրամաբանության հետ որեւէ կապ չունեն եւ, ինչպես ասվեց, ցանկալին իրականություն համարելու սովորական դրսեւորումներ են։ Փոխարենը, ավելորդ չեմ համարում պարզ, մարդկային լեզվով եւս մեկ անգամ փորձել հստակեցնել, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր երկրում, եւ ինչ քաղաքական զարգացումներ են ընթանում նրա շուրջ։
Հայաստանն այսօր կանգնած է հինգ կարևորագույն մարտահրավերների առջեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, ժողովրդավարության վերականգնում, օրինականության հաստատում եւ կոռուպցիայի հաղթահարում։ Բոլոր այս խնդիրները մեզ համար հավասարարժեք ու կենսական են, քանի որ նրանց համալիր լուծումից է կախված Հայաստանը բարգավաճ, ապահով ու ժամանակակից երկիր դարձնելու հեռանկարը։ Մինչդեռ միջազգային հանրությանը հետաքրքրում են միայն առաջին երկու խնդիրները, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, իսկ մյուսները կա՛մ ստորադասվում են այս երկուսին, կա՛մ ընդհանրապես անուշադրության մատնվում։ Նման մոտեցումը, որքան էլ մեզ համար տհաճ ու բարոյապես խոցելի, քաղաքական տեսակետից միանգամայն հասկանալի է։ Մենք պարզապես գործ ունենք Realpolitik կոչված տխրահռչակ երեւույթի հետ, որի էությունը սկզբունքների զոհաբերումն է քաղաքական նպատակահարմարությանը։
Չեմ ուզում ասել, թե դրանով միջազգային հանրությունը Հայաստանի վատն է ցանկանում կամ նրա դեմ դավ նյութում։ Պետք է ընդունել, որ գերտերությունների վարքը թելադրվում է առաջնահերթություններով, իսկ մնացյալ խնդիրներն ստորադասվում են այդ առաջնահերթություններին։ Այդպիսի առաջնահերթությունների թվին են պատկանում այն հակամարտությունները, որոնք սպառնում են, եթե ոչ միջազգային, ապա առնվազն տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Ուստի բնական է, որ աշխարհն այդքան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ (ինչն, ի դեպ, բխում է նաեւ հայ ժողովրդի շահերից), եւ այդքան բացահայտորեն աչքաթող է անում ժողովրդավարության, օրինականության ու մարդու իրավունքների հետ կապված Հայաստանում առկա խնդիրները, որոնք այս պահին երկրորդական են նրա համար։ Այս իրողության արձանագրումն ամենեւին չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման հույսը մենք կապում ենք միջազգային հանրության կամ, ավելի կոնկրետ, Արեւմուտքի հետ։ Դրսից հաստատված ժողովրդավարությունը մեզ պետք չէ, եւ այդպիսի բան իրականում չի էլ լինում։ Մենք երբեւէ չենք ակնկալել, առավել եւս պահանջել, որ աշխարհը միջամտի մեր ներքին գործերին կամ ճնշումներ բանեցնի Հայաստանի վրա։ Միակ ակնկալիքը եղել է այն, որ միջազգային հանրությունը, հավատարիմ մնալով իր դավանած սկզբունքներին, բարձրաձայնի ճշմարտությունը։ Այսինքն, բացեիբաց հայտարարի, որ նախագահական ընտրությունները կեղծվել են, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն առնվազն կասկածելի է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որ Հայաստանում ծաղկում է կոռուպցիան։ Եթե այս ամենի մասին խոսում էլ են, ապա խոսում են եւֆիմիզմներով՝ ,նշանակալիորեն կեղծված ընտրություններե, ,կասկածելիորեն մեծ թիվ կազմող քվեարկության մասնակիցներե, ,խոսքի եւ հավաքների ազատության սահմանափակումներե, ,քաղաքական դրդապատճառներով կամ քաղաքական գործունեության համար դատապարտված քաղաքացիներե եւ այլն։
Սա նշելով հանդերձ, մենք հասկանում ենք, որ միջազգային հանրությունն այլ կերպ չէր կարող վարվել, քանի որ դրանով կվտանգեր իր համար առաջնային նշանակություն ունեցող խնդիրների լուծումը։ Եթե, ասենք, կասկածի տակ դներ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, ապա վերջինիս կայացրած համաձայնությունները հայ-թուրքական հաշտեցման եւ Ղարաբաղյան կարգավորման հարցերում օրինական չէին կարող համարվել։ Ուստի պետք է հաշտվել այն մտքի հետ, որ քանի դեռ այդ հարցերը չեն լուծվել, միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնելու ժողովրդավարության, օրինականության եւ մարդու իրավունքների բնագավառներում Հայաստանում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։ Դրանից շուտ շահագրգիռ տերությունների ու միջազգային կազմակերպությունների վերաբերմունքը կարող է փոխվել միայն այն պարագայում, եթե կասկածներ առաջանան, որ Սարգսյանն, իր նախորդի օրինակով, փորձում է արհեստական պատճառաբանությունների ու խոչընդոտների հարուցմամբ ձգձգել հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները։ Թեեւ, մյուս կողմից, Սարգսյանի լեգիտիմությունն այնքան խոցելի է, որ նա ձգձգելու ռեսուրս չունի։
Շատերին թվում է, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փակուղի է մտել, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Հայաստանը չեն շտապում վավերացնել ցյուրիխյան արձանագրությունները։ Իրականում, սակայն, փակուղու մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ կողմերից մեկը՝ Թուրքիան, ինչ որ ցանկանում էր ստանալ այդ արձանագրություններից, արդեն ստացել է։ Այն է՝ անշրջելիորեն կասեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որը վերջին տասնամյակներին նրա ամենամեծ գլխացավանքներից մեկն էր։ Այնպես որ, Թուրքիան բոլորովին շտապելու կարիք չունի, եւ արձանագրությունների վավերացմանը կանդրադառնա միայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո, ինչն ակնհայտ էր ի սկզբանե։ Ընդ որում, այդ հարցում ճնշումները չեն օգնի, քանի որ Թուրքիան, առնվազն ,Ծոցի պատերազմիցե ի վեր, ապացուցել է, որ ճնշումների չի ենթարկվում։
Հետեւաբար, ավելի տեղին է խոսել ոչ թե փակուղու, այլ Սերժ Սարգսյանի հռչակած նախաձեռնողական արտաքին քաղաքականության խայտառակ ձախողման մասին։ Այդ կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ (,Հայքե, 3.02.2010թ.), որի բովանդակության առանցքը կազմում է հետեւյալ անհերքելի իրողությունը։ Թեեւ Ցեղասպանության ուրացման դիմաց Սարգսյանն ակնկալում էր՝ ա. բացել հայ-թուրքական սահմանը եւ բ. թուլացնել արտաքին ճնշումները Ղարաբաղի հարցում, փաստորեն ստացավ իր ակնկալածի ճիշտ հակառակը՝ սահմանը չբացվեց, իսկ ճնշումներն ավելի սաստկացան։ Ձախողումը ցցուն է դառնում մանավանդ այս տխուր արդյունքը Թուրքիայի նշանակալի ձեռքբերման հետ համեմատելու պարագայում։ Եւս մի այսպիսի նախաձեռնողական քաղաքականություն, եւ Ղարաբաղից ու Հայաստանից բան չի մնա։ Անհնար է չանդրադառնալ նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած նույնքան նախաձեռնողական, բայց չարաբաստիկ որոշմանը, որը հիանալի նվեր եղավ ,եղբայրական թուրք ժողովրդինե։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ապա որ այն մտել է հանգուցալուծման փուլ, կասկածից վեր է։ Ըստ էության վերջնականապես համաձայնեցված է ներկա հանգրվանում միջազգային հանրությանը հետաքրքրող գլխավոր հարցը՝ հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին։ Առայժմ վիճահարույց են մնում ապագայում լուծվելիք հարցերը, մասնավորապես, խաղաղապահ ուժերին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին եւ Լաչինի միջանցքի իրավական ռեժիմին վերաբերող ձեւակերպումները։ Հիմքեր կան պնդելու, սակայն, որ Սոչիի հանդիպման ժամանակ գտնվել է նաեւ այս հարցերի շուրջ առկա տարաձայնությունների հաղթահարման բանալին։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն ուշագրավ հայտարարությունը, որ կողմերին առաջարկվել է ներկայացնել վիճահարույց հարցերի վերաբերյալ իրենց ձեւակերպումները՝ դրանք շրջանակային համաձայնագրի բնագրում ընդգրկելու նպատակով։ Գաղափարի էությունն, ակնհայտորեն, հետեւյալն է. շրջանակային համաձայնագրում ամրագրվում են ոչ միայն համաձայնեցված դրույթները, այլեւ վիճահարույց հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունները։ Ասենք, Ադրբեջանի անունից նշվում է, որ ,Լեռնային Ղարաբաղին տրվելու է ինքնավարության կարգավիճակե կամ ,Լաչինի միջանցքը գտնվելու է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակե, իսկ Հայաստանի անունից՝ որ ,Ղարաբաղը հռչակվելու է անկախ պետությունե կամ ,Լաչինի միջանցքի վերահսկողությունն իրականացվելու է հայկական ուժերի կողմիցե։ Հասկանալի է, որ նման նորարարական մեթոդաբանության կիրառումը միտված է, առաջին հերթին, կողմերի դեմքը փրկելուն, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հնարավորություն ունենան իրենց հասարակություններին ներկայանալ որպես սեփական ազգային շահերին չդավաճանած պետական այրեր ու դրա շնորհիվ չեզոքացնել կամ գոնե մեղմացնել կարգավորման հակառակորդների հակազդեցությունը։ Տեսնում ենք, արդեն, թե կողմերն ինչպես են մեկնաբանում եւ իրենց հասարակություններին մատուցում զանազան փաստաթղթերում կողք-կողքի նշված տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները։ Այդուհանդերձ, հարկ է խոստովանել, սակայն, որ Սոչիում մտահղացվածը չափազանց սրամիտ գաղափար է, որի իրականացումն, իսկապես, կարող է վճռական տեղաշարժ ապահովել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Դա այդպես է, թե ոչ, կերեւա շատ մոտ ապագայում։
* * *
Իսկ այժմ, բնականաբար, մի քանի խոսք Հայ Ազգային Կոնգրեսի գործունեության եւ առաջիկա անելիքների մասին։ Բուն ասելիքին անցնելուց առաջ, սակայն, ես կխնդրեի իմ ընկերներին՝ հանդարտ վերաբերվել մեր հասցեին հնչող քննադատություններին, ուշադիր լինել հիմնավորված դիտողությունների նկատմամբ, չանհանգստանալ անարդար թվացող մեղադրանքներից ու Կոնգրեսին ներկայացվող անտեղի պահանջներից, իսկ բանավիճելիս էլ՝ դուրս չգալ փաստերի եւ փաստարկների շրջանակից։ Չեմ կարծում նաեւ, թե հարկ է անպայման արձագանքել բոլոր վիճելի հրապարակումներին, դա անհրաժեշտ է անել միայն այն ժամանակ, երբ այդ հրապարակումները վտանգ են ստեղծում մոլորեցնելու ժողովրդին։ Իսկ ընդհանրապես, քննադատությունից ու մանավանդ մեզ ներկայացվող անսպառ պահանջներից ոչ թե պետք է վշտանալ, այլ, ընդհակառակը, ուրախանալ։ Թեեւ կամավորության ու անձնվիրության հիմունքներով գործող հասարակական կամ քաղաքական կազմակերպություններից որեւէ բան պահանջելն անհեթեթություն է, քանի որ պահանջել կարելի է միայն հարկատուների հաշվին ապրող հաստատություններից, այսինքն պետությունից, եւ թեկուզ մեզ ներկայացվող պահանջները հաճախ ,Բա խի գլխարկ չես դրելե սինդրոմի տպավորություն են թողնում, բայց կարեւորը դա չէ, այլ այն, որ իշխանություններից ու քաղաքական մյուս ուժերից վաղուց ի վեր ոչինչ չեն պահանջում, ինչը նշանակում է, որ նրանցից այլեւս սպասելիք չունեն։ Բողոքում, դժգոհում ու պահանջում են միայն մեզանից, ինչն, իր հերթին, նշանակում է, որ փոփոխությունների հույսը հասարակությունը բացառապես Հայ Ազգային Կոնգրեսի հետ է կապում։ Սա, թերեւս, Կոնգրեսի գործունեության ամենաանկողմնակալ ու խոսուն գնահատականն է, որը, սակայն, մեզ համար ոչ թե ինքնագոհության, այլ մեր պատասխանատվությունն առավել հստակ գիտակցելու խթան պիտի հանդիսանա։
Կարծում եմ, Կոնգրեսը կարիք չունի ապացուցելու ո՛չ իր հետեւողականությունը, ո՛չ զոհողությունների գնալու պատրաստակամությունը, ո՛չ մարտավարելու ու խուսանավելու կարողությունը, ո՛չ կազմակերպական ունակությունները, ո՛չ էլ քարոզչական հմտությունն ու քաղաքական հասունությունը, այլապես նրան որեւէ կերպ չէր հաջողվի, տեղեկատվական շրջափակման, ամենօրյա հալածանքների ու ոստիկանական տեռորի պայմաններում, երկու տարուց ավելի առաջնորդել ժողովրդին եւ շարունակել վայելել նրա վստահությունը, ինչի վկայություններից մեկն է, թեկուզ, այսօրվա բազմամարդ հանրահավաքը։ Սովորաբար, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվության մասին դատում են հանրահավաքների եւ զանգվածային այլ միջոցառումների հաճախականությունից, մոռանալով այն ճշմարտությունը, որ հրապարակային ակցիաները քաղաքական ուժի գործունեության սոսկ մեկ, այն էլ՝ ոչ ամենակարեւոր կողմն են։ Բազմիցս բացատրվել է, որ հանրահավաքներն ինքնանպատակ չեն, որ ամենուրեք դրանք, որպես կանոն, տեղի են ունենում ընտրությունների ընթացքում կամ բացառիկ սոցիալ-քաղաքական իրավիճակներում, եւ որ հաճախակիությունը ոչ թե ուժեղացնում, այլ նվազեցնում է դրանց ազդեցությունը։ Բայց միեւնույն է, շատերը համառորեն չեն ընդունում այս բացատրությունը եւ անտեսում կամ երկրորդական են համարում այն ամենօրյա հսկայական աշխատանքը, որ Կոնգրեսը կատարել ու կատարում է իր ձեւավորումից ի վեր։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ.
Ոչ ոք առայժմ չի անդրադարձել այն հարցին, թե այդ ինչպես պատահեց, որ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածը երկու տարվա ընթացքում պարզապես փուլ եկավ եւ վերջնականապես ապացուցվեց, որ սադրիչ գործողությունները, մեքենաների հրկիզումները, խանութների թալանն ու սպանությունները նախօրոք ծրագրվել, կազմակերպվել ու իրագործվել են իշխանությունների կողմից, եւ որ իրականում ոչ թե ընդդիմությունն է իշխանության յուրացման փորձ կատարել, այլ ավազակապետական վարչախումբն է բանակի օգտագործմամբ պետական հեղաշրջում իրականացրել, ինչն այսօր ընդունվում է նաեւ միջազգային հանրության կողմից։ Այս կարեւորագույն, բայց բարդ խնդիրը լուծվեց, առաջին հերթին, Հայ Ազգային Կոնգրեսի համառ ջանքերի ու տքնաջան աշխատանքի գնով ձեռքբերված հազարավոր տեսանյութերի, լուսանկարների, ականատեսների վկայությունների եւ մանավանդ գաղտնի կամ կիսագաղտնի այն փաստաթղթերի հրապարակման շնորհիվ, որոնք լիովին պարզեցին թե՛ բուն ոճրագործության, թե՛ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի կամ, Թոմաս Համմարբերգի խոսքերով, քաղաքական վենդետայի ողջ էությունը։ Ավելորդ չեմ համարում թվարկել այդ փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրի հրապարակումը ժամանակին ուղղակի սենսացիա առաջացրեց.
- 2008թ. փետրվարի 19-ին, այսինքն՝ քվեարկության օրը, իմ նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկման եւ նրա նկատմամբ օպերատիվ այլ գործողությունների իրականացման վերաբերյալ դատավոր Ժ. Վարդանյանի կայացրած որոշումը, որը հրապարակումից հետո անմիջապես որակվեց որպես ,Հայկական Ուոթերգեյթե.
- 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի արձակած հրամանը ապօրինի զինվորական կառավարման մարմնի ձեւավորման եւ Երեւան քաղաքում բանակի զորամիավորումների կենտրոնացման մասին, որի գաղտնազերծումը լիովին բացահայտեց իշխանությունների կողմից իրականացված պետական հեղաշրջման փաստը.
- 2008թ. փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի կողմից ,Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվե քրեական գործ հարուցելու վերաբերյալ կայացված որոշումը, որը փաստորեն դարձավ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի հիմքը.
- 2008թ. մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վ. Հարությունյանի նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործ հարուցելու մասին կայացրած որոշումը, որից աներկբայորեն պարզվում են ոստիկանական գործողությունների բուն նպատակն ու ճշգրիտ ժամանակը.
- 2008թ. մարտի 1-ին պաշտպանության նախարարության մի պահեստից իշխանությունների հրահանգով հավաքագրված 950 ոճրագործների զինվորական համազգեստ տրամադրելու մասին կազմված գրությունը, որը միանգամայն բացահայտում է վարչախմբի քրեական էությունը.
- 2008թ. մարտի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հեղինակած շրջաբերական հրահանգը կամ ,քննչական հանձնարարականըե մարզային դատախազներին, որն անհերքելիորեն պարզում է ընդդիմության դեմ հարուցված քրեական գործի քաղաքական բնույթը, ինչի շնորհիվ արժանացավ թե՛ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, թե՛ Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համմարբերգի առանձնահատուկ ուշադրությանը.
- Եւ վերջապես, Փաստահավաք խմբի երկու հիմնավոր զեկույցները ոստիկաններ Տիգրան Աբգարյանի եւ Համլետ Թադեւոսյանի սպանության հանգամանքների մասին, որոնց բացահայտումները գլխիվայր շրջեցին քննչական մարմինների կատարած հետաքննության արդյունքները։
Եթե Հայ Ազգային Կոնգրեսը ոչ մի այլ բան արած չլիներ, ապա նույնիսկ այսքանը բավական էր պատկերացնելու եւ ըստ արժանվույն գնահատելու նրա գործունեության հսկայական ընդգրկումը։ Իսկ եթե սրան գումարենք Կոնգրեսի անդամ-կուսակցությունների ինքնուրույն ձեռնարկումները եւ նրա կառույցների՝ քաղաքական խորհրդի, կենտրոնական գրասենյակի, մամլո ծառայության, տարածքային ստորաբաժանումների եւ մասնագիտական հանձնաժողովների ամենօրյա գործերը, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա դիվանագետների հետ տարվող մշտական աշխատանքը, քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերվող իրավաբանական աջակցությունը, պարբերաբար անցկացվող ոչ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, անխտիր բոլոր կարեւոր իրադարձություններին արձագանքող պաշտոնական հայտարարությունները, ինչպես նաեւ տնտեսության առողջացմանն ուղղված լուրջ առաջարկներն ու քաղաքական զարգացումներին վերաբերող ճշգրիտ կանխատեսումները, ապա Կոնգրեսի գործունեության պատկերը լիարժեք կդառնա։ Ի դեպ, այդ առթիվ ուզում եմ կարեւորել նաեւ Կոնգրեսի մշակած Հայաստանի տնտեսական զարգացման, կամ ավելի ճիշտ, համակարգային տնտեսական վերափոխման ծրագիրը, որն օրերս ներկայացվել է հանրային քննարկման։ Կարծում եմ, ինձ հետ կհամաձայնեք, որ վերջին երկու տարիներին որեւէ այլ քաղաքական ուժ կամ նույնիսկ պետական կառույց այսքան գործ չի կատարել։
Առավել պարզեցնելու եւ հասկանալի դարձնելու համար Հայ Ազգային Կոնգրեսի կոչումն ու դերակատարությունը Հայաստանի քաղաքական կյանքում, անհրաժեշտ եմ համարում առանձնացնել եւ ձեր ուշադրությանը ներկայացնել այն գլխավոր խնդիրները, որոնք նա դրել է իր առջեւ։ Դրանք են.
- Ազգային, համամարդկային եւ բարոյական այն արժեքների պահպանումն ու հաստատումը, որոնք անխնա ոչնչացվում են ավազակապետության կողմից.
- Ներքաղաքական իրավիճակի առողջացմանն ուղղված ջանքերի գործադրումով Հայաստանին սպառնացող արտաքին վտանգների նվազեցումը.
- Ավազակապետական վարչախմբի արատավոր ու հանցավոր էության հիմնավորված, հետեւողական եւ լիակատար մերկացումը.
- Նոր քաղաքական մշակույթի ձեւավորումը՝ հիմնված ոչ թե կուսակցական մտայնության ու անպարկեշտ գործարքների, այլ բացառապես ազգային շահերի եւ հրապարակային երկխոսության վրա.
- Հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացումն ու քաղաքական հասունացումը.
- Արմատական վերափոխումների համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածի ձեւավորումը.
- Եւ հարմարագույն պահին մեր հռչակած գլխավոր նպատակի՝ իշխանափոխության իրականացումն ու սահմանադրական կարգի վերականգնումը։
Դժվար է չնկատել, որ բոլոր այս խնդիրների իրականացման ուղղությամբ Հայ Ազգային Կոնգրեսը մինչ այժմ արել է հնարավոր առավելագույնը, ինչը հիմք է տալիս պնդելու, որ այսուհետեւ եւս այդ առումով որեւէ հնարավորություն բաց չի թողնի։ Մանրամասների մեջ չեմ խորանում։ Հավաստիացնում եմ միայն, որ ընտրված ճանապարհից մենք երբեւէ չենք շեղվելու եւ պայքարելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջվի։ Թեեւ, ինչպես ասվում է հայիթյան մի ցնցող ասացվածքում, ,Լեռներից այն կողմ, նորից լեռներ ենե, այսինքն գոյություն ունեցող խնդիրների լուծումից հետո մեր առջեւ ծագելու են նոր խնդիրներ, մենք պարտավոր ենք հաղթահարելու ցանկացած արգելք եւ մագլցելու թեկուզ հազար լեռ։
Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք թե՛ իրենց հանցավոր բնույթի, թե՛ արհեստավարժության ու տարրական գրագիտության բացակայության պատճառով, ի վիճակի չեն լուծելու երկրի առջեւ կանգնած որեւէ խնդիր, կատարելու իրավիճակի բարելավմանը միտված որեւէ դրական քայլ կամ արձանագրելու թեկուզ չնչին հաջողություն որեւէ ոլորտում։ Դրանում համոզվելու համար բավական է հիշել, թե ինչ են նրանք ժողովրդին տվել իրենց գոյության անցած երկու տարիների ընթացքում. միայն բանտ ու արյուն, ոստիկանական ու հարկային տեռոր, տնտեսական գահավիժում ու գործազրկություն, մանր ու միջին գործարարության ոչնչացում, թանկացումներ ու դրամի արժեզրկում, արտագաղթ ու կապիտալի արտահանում, իսկ արտաքին քաղաքականության բնագավառում՝ Ցեղասպանության ուրացում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նվաստացուցիչ գործընթաց, Ղարաբաղի խնդրի խայտառակ հանգուցալուծման հեռանկար։
Հետեւաբար, որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա եւ որքան էլ ինքնավստահ ձեւանա, միեւնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո, մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշատիչները։ Մեր պարտքն է, արդ, պատրաստ լինել այդ օրվան՝ երկրի կորուստները նվազագույնի հասցնելու եւ պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար։ Քանի որ վարչախումբն այդպես էլ չգիտակցեց առկա մարտահրավերների դիմակայման համար ազնիվ երկխոսության ու ազգային համերաշխության հաստատման անհրաժեշտությունը, ուստի սոցիալական պայթյունից խուսափելու եւ զարգացումները սահմանադրական հուն տեղափոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։ Կոնգրեսի հրապարակած տնտեսական վերափոխումների ծրագիրն, ըստ այդմ, կարող եք այդ ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու հայտ համարել։