Հարցազրույց

31.08.2018 11:06


Ջո Թրևիք. «Լիդիան»-ի մոտեցումը կենսաբազմազանությանը բացառիկ է

Ջո Թրևիք. «Լիդիան»-ի մոտեցումը կենսաբազմազանությանը բացառիկ է

Ջո Թրեւիքը (Jo Treweek) պրոֆեսիոնալ բնապահպան է, ունի կենսաբազմազանության պահպանության բնագավառում տասնամյակների փորձ: Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի եւ բնապահպանական կառավարման ինստիտուտի անդամ է, Որակավորված բնապահպան (Chartered Environmentalist): Օքսֆորդի համալսարանի դոկտոր է: Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում բազմաթիվ ծրագրերից բացի՝ նաեւ աշխատել է Ամուլսարի ծրագրի կենսաբազմազանության պահպանության վրա: Բնապահպանական տեսչության վերջին ստուգման արդյունքում որպես ծրագրում աշխատանքները դադարեցնելու հիմք նշվել են Կարմիր գրքում ընդգրկված թիթեռն ու բուսատեսակը: Մեդիամաքսը զրուցել է Ջո Թրեւիքի հետ այս խնդիրների մասին:

-Դուք աշխատել եք Ամուլսարի կենսաբազամազանության խնդիրների վրա։ ՀՀ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը հրապարակեց Ամուլսարի տարածքում իրականացված ստուգումների արդյունքները՝ նշելով, որ ի հայտ են եկել նոր էկոլոգիական հանգամանքներ, մասնավորապես, Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված թիթեռի եւ բույսի մեկական տեսակ։ Հաշվի առնելով Ձեր փորձը՝ արդյո՞ք սա հիմնավոր պատճառ է նոր էկոլոգիական խնդիր հայտարարելու համար։

-«Ապոլո» թիթեռի դիտարկումը Ամուլսար լեռան վրա միանշանակ նոր չէ։ Թիթեռի կենսամիջավայրի (այսինքն՝ այն տարածքը, որտեղ սնվում եւ զարգանում են դրա թրթուռները) մի փոքր հատված հայտնաբերվել էր նախկին նախագծով նախատեսված հանքի ենթակառուցվածքի համար առաջարկվող տեղանքում, եւ սա հստակ նշված է Լիդիանի հաշվետվություններում, մասնավորապես, ԲՍԱԳ-ի ելակետային տվյալներում։ Լիդիանը փոխեց ենթակառուցվածքի տեղադիրքը՝ այսպիսով ամբողջովին խուսափելով այս կենսամիջավայրի վրա ազդեցություններից։ Սրա արդյունքում, ի դեպ, Ամուլսարի տարածքում դեռեւս կարելի է տեսնել հասուն թիթեռների առանձնյակներ։ Փաստորեն, սա դրական նշան է, որ մենք հաջողությամբ շրջանցել ենք կենսամիջավայրը, եւ այս տեսակը, ինչպես եւ մենք կանխատեսում էինք, պահպանել է իր կենսամիջավայրը՝ չնայած հանքի շինարարական աշխատանքներին։

Յուրաքանչյուր էկոլոգ գիտի, որ այս տեսակի հիմնական կենսամիջավայրը գտնվում է անտառածածկ տարածքներում, եւ որեւէ տեղ արձանագրված չէ, որ այն բազմանում եւ սնվում է այն բարձրության վրա, որտեղ մասնագետը մեկօրյա շրջայցի ընթացքում տեսել է Ամուլսար լեռան վրա։ Թիթեռի մեկ հասուն առանձնյակ գտնելը չի վկայում տեսակի կենսամիջավայրի առկայության մասին, քանի որ այդ թիթեռն այնտեղ կարող էր հայտնվել քամու միջոցով, ամենայն հավանականությամբ՝ հենց այն կենսամիջավայրից, որը մենք նախկինում արձանագրել էինք։ Կարեւոր է պահպանել կենսամիջավայրն ու պոպուլյացիան, ինչը «Լիդիանը» արել է։

Նշվում է նաեւ որոշ այլ թռչնատեսակների մասին, սակայն սրանք բոլորը նախկինում ուշադիր հետազոտվել եւ հաշվի են առնվել Ծրագրի կենսաբազմազանության ուսումնասիրությունների ժամանակ, եւ պարզվել է, որ դրանց ոչ մեկի կենսամիջավայրը հանքի գործունեության ազդեցություն չի կրում։

«Լիդիանն» իրականացրել է բուսատեսակների սկզբնական վիճակի ամենաբազմակողմանի եւ մանրամասն ուսումնասիրությունը, որ երբեւէ իրականացվել է Հայաստանում գտնվող որեւէ հանքի համար։ Բոլոր բուսատեսակների, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների, ներառյալ՝ ինչպես նշվում է, ստուգումների ժամանակ հայտնաբերված Ոզնաթուփ մեխակի (Acantholimon caryophyllaceum Boiss), նպատակաուղղված որոնողական աշխատանքներ են իրականացվել մասնագետների կողմից: Հետազոտության մի քանի տարիների ընթացքում տեղացի եւ միջազգային մասնագետները չկարողացան հաստատել դրա առկայությունը հանքի զբաղեցրած տարածքի սահմաններում, եւ 70 տարի ոչ ոք չի հաստատել դրա առկայությունը Գնդեվազի շրջակայքում գտնվող տարածքում (որտեղ այն վերջին անգամ տեսել են)։ Տեսչական մարմնի կողմից որպես նմուշ բերված առանձնյակը լավ վիճակում չէր, եւ հնարավոր չէ հաստատել դրա ինքնությունը, սակայն, ամեն դեպքում, սա նշանակություն չունի, քանի որ այն տարածքում, որտեղ հայտնաբերվել է այս բույսը, հանքարդյունահանում չի լինելու։

Սրանք, միանշանակ, նոր բացահայտումներ եւ դիտարկումներ չեն։ Ես տպավորություն ունեմ, որ մեր հետազոտության հաշվետվությունները ոչ ոք չի կարդացել։

-Տարիներ շարունակ ակտիվիստները Հայաստանում պնդում էին, որ Ամուլսարի ծրագրի պատճառով տարածքի ջրային ավազանները կաղտոտվեն։ Սակայն տեսչությունը ստուգումների արդյունքում որպես «նոր հանգամանք» նշել է միայն թիթեռի եւ բույսի մի տեսակը։ Չնայած ջրային ռեսուրսները Ձեր փորձագիտական ոլորտը չեն, ի՞նչ եք կարծում, արդյոք դրանք լա՞վ են պահպանվում Ամուլսարում, եւ թիթեռի եւ բույսի խնդիրն արդյոք այդքան մե՞ծ է։

-Ինչպես ասացիք, ես ջրերի մասնագետ չեմ, սակայն, իմ տեղեկությամբ, «Լիդիանն» այս առումով գերզգուշավոր մոտեցում է ցուցաբերել եւ, անկասկած, ծրագիրն իրականացվում է միջազգային վերջին չափանիշներին եւ կանոններին համապատասխան։ Լավ նախագծված եւ կառուցված ժամանակակից հանքերն այսօր լավ են աշխատում։ Կարծում եմ, արտանետումների ու արտահոսքերի մեծ մասը կլոկալիզացվեն եւ միայն մշակումից հետո բաց կթողնվեն։ Անշուշտ, կարեւոր է պահպանել առուների, գետերի եւ ստորգետնյա ջրերի լավ որակը եւ ապահովել համայնքների ջրամատակարման պաշտպանությունը։

Իհարկե, հազվագյուտ թիթեռներն ու բույսերը մեծ խնդիր են ցանկացած էկոլոգի համար, բայց կարեւորը դրանց կենսամիջավայրի եւ պոպուլյացիաների պահպանումն է։ Ջրային էկոլոգիայի տեսանկյունից՝ տեսակներն արդեն իսկ վտանգի տակ են հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ ջրերի աղտոտման հետեւանքով, որը կապ չունի հանքի հետ: Շատ բան կարելի է անել տարածքում, օրինակ՝ բարելավել ամբարտակները՝ ներառելով ձկնուղիներ, կամ չտեղադրելով քաղաքային աղբավայրեր ջրային հոսքերի հարեւանությամբ։

-Թե՛ որպես խորհրդատու եւ թե՛ որպես արտաքին աուդիտոր Դուք ներգրավված եք եղել բազմաթիվ նախագծերում ՄՖԿ եւ ՎԶԵԲ-ի պես հաստատությունների համար։ Ինչպե՞ս է կառավարվում կենսաբազմազանությունն Ամուլսարում։

-Ամուլսարի մոտեցումը մի քանի անգամ է ստուգվել եւ ուսումնասիրվել տարբեր հաստատությունների, անկախ աուդիտորների եւ միջազգային մասնագետների կողմից։ Բոլորն էլ հավանություն են տվել կենսաբազմազանության դրական արդյունքների հասնելու «Լիդիանի» ջանքերին, չնայած ակնհայտ ազդեցություններին, որը կունենա հանքարդյունահանումը։ Կարեւոր է նշել, որ դրական այս արդյունքներն էականորեն կախված են այն աշխատանքից, որն այժմ հարկադրված սառեցվել է։ Այդ աշխատանքը ներառում է Մատնունի ծիրանավորի կարեւոր հետազոտությունը եւ այդ բուսատեսակը հանքարդյունահանված տարածքներում վերականգնելու տեխնիկայի ուսումնասիրությունը, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանք, թե ինչպես է այս բուսատեսակը փոշոտվում միջատների կողմից վայրի բնության մեջ։ Նշված աշխատանքը պետք է իրականացվեր այս ամռանը, եւ այժմ այն իրականացնելու հնարավորություն այլեւս չի լինի, քանի որ այն գիտնականը, ով պլանավորել էր իրականացնել հետազոտությունը, արդեն ավարտած կլինի ասպիրանտուրան։

Լավ արդյունքները կախված են նաեւ վտանգված եւ Կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանման գործողությունների կազմակերպման բարելավումից՝ օգտագործելով պետական արգելոցների կենսամիջավայրը, որի նպատակով աշխատակիցներ պահելու եւ կառավարման համար չկա ֆինանսավորում։ «Լիդիան» ընկերությունը ցույց է տվել իր պատասխանատվությունը՝ տրամադրելով միլիոնավոր դոլարներ կենսաբազամզանության կառավարման նպատակով: Սա շատ ավելին է, քան որպես կանոն արվում են նույնիսկ ավելի խոշոր նախագծերի դեպքում։ Այն ներառում էր նոր ազգային պարկ ստեղծելու առաջարկը, որից տարիներ շարունակ կօգտվեն Հայաստանի վայրի բնությունն ու համայնքները։ Հիասթափեցնող է, որ այս նախաձեռնությունը նույնպես սառեցվել է։

-Դուք պրոֆեսիոնալ բնապահպան եք, սակայն աշխատում եք հանքարդյունաբերական նախագծերի վրա։ Հավատու՞մ եք արդյոք, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը հնարավոր է։ Ինչու՞ եք աշխատում հանքարդյունաբերական նախագծերի հետ՝ լինելով բնապահպան։ Դա օգնո՞ւմ է հանքարդյունաբերությունն ավելի լավը դարձնել։

-Ես պրոֆեսիոնալ էկոլոգ եմ, իմ առաքելությունն է բարելավել կենսաբազմազանությանն առնչվող արդյունքները շահագործման ընթացքում։ Ես աշխատում եմ նախագծերի հետ՝ նրանց քաջալերելով գործել պատասխանատու ձեւով՝ ստուգելով, թե որտեղ եւ ինչպես են նրանք շահագործում հանքերը, եւ տալով կենսաբազմազանությանն առնչվող առաջարկություններ եւ խորհուրդներ նախագծերի հենց ամենասկզբից։ Ամուլսարի դեպքում հնարավոր եղավ շրջանցել վայրի կենդանիների համար կարեւոր տարածքները, իրականացնել հետազոտություն՝ ինչպես վերականգնել հազվագյուտ տեսակների պոպուլյացիաները, եւ զգալի ներդրումներ կատարել պահպանման միջոցառումներում։ Արդյունքում, Հայաստանի հազվագյուտ տեսակների մասին գիտելիքները զգալիորեն ավելացան եւ գիտահետազոտական հաստատությունների կարեւոր աշխատանքին աջակցություն ցուցաբերվեց։ Ես կարծում եմ, եթե կատարվում են լեռնահանքային աշխատանքներ, ապա դրանք պետք է իրականացվեն պատասխանատու կերպով։

Իմ անձնական կարծիքն է՝ պետք է փորձել եւ փոխել հանքարդյունաբերությունը ներսից, քանի որ միամիտ է կարծել, թե չի լինի ոչ մի հանքարդյունահանում: Կարեւորն այն է, թե ինչպես է դա արվում։ Ես իսկապես հույս ունեմ, որ կարող ենք կենսաբազմազանության կառավարման հետ կապված «Լիդիանի» մոտեցումը կիրառել որպես առաջատար օրինակ այլ նախագծերի համար՝ օգնելով բարելավել չափանիշներն ամբողջ աշխարհում։

Այս խորագրի վերջին նյութերը