Աշխարհ

03.09.2018 20:50


Ձմռանը տագնապով են սպասում ադրբեջանական վեց գյուղերի բնակիչներ․ նրանց տներում մինչև այսօր գազ չկա

Ձմռանը տագնապով են սպասում ադրբեջանական վեց գյուղերի բնակիչներ․ նրանց տներում մինչև այսօր գազ չկա

Վեց գյուղ Ադրբեջանի հարավում (Աստարայի և Լերիկի շրջաններում) մինչև հիմա գազաֆիկացված չէ: Կենցաղային կարիքների համար մարդիկ այստեղ գազի բալոններ են օգտագործում և ընդհանրապես այն, ինչ այրվում է: Նրանք պատմել են Բի-Բի-Սիին , որ չեն պատկերացնում, թե ինչ են անելու ձմռանը, երբ ցրտերն ընկնեն: Ոմանք պատրաստվում են նույնիսկ իրենց այգիների մրգատու ծառերը կտրել ձմռանը տաքանալու համար:

Վերջին ժամանակներս կառավարությունը խստացրել է անտառահատումների դեմ միջոցները, այնպես որ, անվճար վառելափայտ հայթայթելը չափազանց ռիսկային է, իսկ գնելու համար չափազանց թանկ է:

«Մեկ մեքենա վառելափայտն արժե 300 մանաթ (մոտ 177 դոլար): Իսկ իմ կենսաթոշակը 200 մանաթ է (մոտ 118 դոլար): Ինչի՞ վրա այն ծախսեմ՝ դեղի՞, փայտի՞, թե՞ այլ բաների», – վրդովվում է գյուղերից մեկի տարեց բնակիչը:

Ադրբեջանում ապօրինի ծառահատումների շուրջ սկանդալներ են բռնկվում պարբերաբար: Սակայն, եթե Բաքվում ծառերը կտրում են, որպես կանոն, որովհետև դրանք ինչ-որ մեկին խանգարում են առևտրային օբյեկտ կառուցել, ապա շրջաններում դրանցով պարզապես տաքանում են:

2016թ-ի վերջից լուրջ վնաս հասցնող ապօրինի ծառահատումերի համար տուգանքը կրկնակի ավելացել է և կազմում է 5000-7000 մանաթ (մոտ 3-4 հազար դոլար):

Իր հերթին, «Ազերիգազ» արտադրական միավորումն ասում է, որ այս տարի գազատարն այդ գյուղերին հաստատ չի հասնի: Իսկ հետո՝ ինչպես ստացվի: Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք դրա համար պետությունը փող կունենա:

Ըստ պաշտոնական տվյալների՝ տվյալ պահին գազաֆիկացված է Ադրբեջանի տարածքի 95%-ը:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը