Լրահոս

06.09.2018 15:44


Սևանա լճում օգոստոս ամսին ջրահեղձված քաղաքացու դին գտնվել է

Սևանա լճում օգոստոս ամսին ջրահեղձված քաղաքացու դին գտնվել է

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում, Սեւանա լճի ափին, սեպտեմբերի 1-ին նկատված մահացած տղամարդու ինքնությունն արդեն պարզվել է. նա, ինչպես հավաստեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, այս տարվա օգոստոսի 3-ից Սեւանա լճում անհետացած քաղաքացի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները որոնել են օգոստոսի ընթացքում՝ կատարելով բազմաթիվ ջրասուզումներ:

Դեպքի վայրում՝ Արտանիշ գյուղի հատվածում մարդիկ վերջին անգամ օգոստոսի 3-ի կեսօրին Նվեր Շահնազարյանին տեսել են ափից 20 մետր խորության վրա, որտեղից եւ նա անհետացել է: Նվեր Շահնազարյանը փորձել է լողալով հետ բերել քամուց դեպի լճի խորքերը քշվող այն ռետինե նավակը, որի վրա գտնվել են իր քրոջ զավակները, որի ժամանակ էլ ջրահեղձ է եղել: Ջրափրկարարները կարողացել են փրկել նավակի վրա գտնվող անչափահաս երեխաների կյանքը եւ նրանց անվնաս ափ հասցնել, սակայն չեն գտել Նվերի ջրահեղձված դին: Որոնումները շարունակվեցին շաբաթներ: Այս տարվա սեպտեմբերի 1-ին Արտանիշ գյուղի հակադիր ափին, Ծովազարդի տարածքում, նկատվել է անճանաչելի տղամարդու դի, որը եւ ոստիկանության կողմից հանձնվել է դատաբժշկական փորձաքննության, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ դին պատկանում է Սեւանա լճում անհետացած Նվեր Շահնազարյանին: Դին արդեն հանձնվել է ջրահեղձվածի ընտանիքին: Փաստորեն, նրա դին հայտնաբերվել է ջրահեղձման վայրից, ալեկոծության ազդեցությամբ տասնյակ կիլոմետրեր հեռու քշված»,-ընդգծեց Գարիկ Հակոբյանը:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Այս խորագրի վերջին նյութերը