Հարցազրույց

07.09.2018 09:19


Մխիթարյան. «Այսօր իմ օրը չէր»

Մխիթարյան. «Այսօր իմ օրը չէր»

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումից հետո լրագրողները երկար սպասեցին Հենրիխ Մխիթարյանին:

Մեր ազգային թիմի ավագը հայտնեց, որ դոպինգ-թեստ հանձնելու պատճառով է երկար մնացել ստադիոնում:

Խոսելով հանդիպման մասին՝ Հենրիխն ասաց. «Գոլ խփելուց հետո երևի կենտրոնցվածությունը կորցրինք և գոլ բաց թողեցինք: Խաղը դժվարացավ. չնայած՝ մինչև գոլ խփելն էլ բարդ էր: Կարելի է ասել՝ այսօր իմ օրը չէր. հնարավորություններ բաց թողեցի, բայց ֆուտբոլ է՝ ամեն ինչ պատահում է: Լավ է, որ հաղթեցինք, 3 միավոր վաստակեցինք»:

-Առանց հարձակվողի խաղացինք. ի՞նչ կասեք այդ մասին:

-Երևի մարզիչը գտել էր, որ ամենաճիշտը դա էր. ինչ-որ տեղ ստացվեց, ինչ-որ տեղ՝ ոչ: Փորձեցինք, կարևորը՝ մինչև վերջ պայքարեցինք, հասանք ցանկալի արդյունքի:

-Խաղի ամենաբարդ հատվածը ո՞րն էր:

-Երևի թե իմ չիրացրած 11 մետրանոցից հետո: Ճիշտ է՝ գոլ խփեցինք, սակայն բարդ էր, մինչև գոլ խփելն էլ պահ ունեինք: Ֆուտբոլ է. չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Կարևորը փորձեցի, բայց իմ օրը չէր, բախտը երես էր թեքել:

-Մակեդոնիա ինչի՞ հետևից եք գնալու:

-Ինչի՞ հետևից ենք գնալու... հաղթանակի:

-Այսօրվա խաղից հետո...:

-Եթե Դուք նեգատիվ եք մտածում, կարող եք ընդհանրապես ստադիոն չգալ: Եթե մի մարդ չի գնալու Մակեդոնիա հաղթանակի համար, ապա կարող է չգնալ: Եթե պիտի գաք մարզադաշտ, որպեսզի տեսնեք, թե ինչպես է պարտվում հավաքականը, ապա մի եկեք:

-Կարծիք կա, որ Մակեդիոնիայի դեմ սպասվող հանդիպումն ամենաբարդն է լինելու. այդպե՞ս է:

-Մեզ համար յուրաքանչյուր խաղ շատ դժվար է: Դուք էլ տեսաք, որ այդ խաղը բարդ ստացվեց: Բարդ խաղ է լինելու, կպատրաստվենք ամենայլ լրջությամբ:

-Ի՞նչ նոր բան է իր հետ բերել Մինասյանը:

-Իրենից պետք է հարցնեք: Ես կարող եմ ասել, որ միայն դրական փոփոխություններ են: Նա պահպանել է իր փիլիսոփայությունը, ավելի շատ փորձ է ձեռք բերել, ավելի մանրակրկիտ է հասկանում ֆուտբոլը:

-Խփած գոլից հետո արագ գոլ ընդունեցինք և լավ վիճակում չէինք: Ընդմիջմանը ինչպե՞ս մոտիվացրիք ֆուտբոլիստներին:

-Մոտիվացնելու կարիք չկար, բոլորը հասկանում էին, որ պետք էր հաղթել: Պետք չէ սպասել, թե երբ Հենոն իրենց մոտիվացնի: Յուրաքանչյուրը իրեն պետք է մոտիվացնի, կարողանա թիմին առաջ տանի, դրական արդյունք գրանցի:

-Իսկ անձամբ ինչ-որ բան ասացի՞ք:

-Միշտ էլ ասում եմ, որ պետք է գլուխներս բարձր խաղանք, իսկ թե ինչ կլինի հետո, հարցական է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը