Քաղաքական

07.09.2018 11:27


ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրախախտումների պատիժները խստացնելու փաթեթը (տեսանյութ)

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրախախտումների պատիժները խստացնելու փաթեթը (տեսանյութ)

ՀՀ Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Այն սահմանում է ընտրական խախտումների հետ կապված պատիժների խստացում:

Ըստ այդմ առաջարկվում է վարչական իրավախախտում համարել նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։ Վարչական պատասխանատվություն կսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողները, այլև ստացողները։

Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայում հանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկին համաձայնելու, կաշառքի խոստումն ընդունելու, կաշառք խնդրելու, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար:

Փոփոխությունները կգործարկվեն սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը