Աշխարհ

10.09.2018 16:08


Բանտարկված ադրբեջանցի ընդդիմադիրը հացադուլ է հայտարարել

Բանտարկված ադրբեջանցի ընդդիմադիրը հացադուլ է հայտարարել

«Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Մուրադ Ադիլովը, որը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել, գաղութում հացադուլ է հայտարարել: Այդ մասին հայտարարել է նրա եղբայրը՝ լրագրող Նաթիգ Ադիլովը, որն այժմ Ֆրանսիայում է ապրում: Հացադուլի պատճառը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մերժումն է:

Մուրադ Ադիլովը դատապարտվել է 2015թ-ին թմրանյութերի պահպանման մեղադրանքով: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրան ներառել է քաղբանտարկյալների ցանկում, որը հրապարակել է 2016թ-ի հունիսին: 2018թ-ի սեպտեմբերի 5-ին Ադիլովը պահանջել է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակել, քանի որ նա կրել է իր պատժի երկու երրորդը: Սակայն նրան մերժել են կարգապահության խախտման պատճառաբանությամբ՝ ծխելը չնախատեսված վայրում:

Ընդդիմադրի եղբայրն ասում է, որ նրա մոտ «առողջական լուրջ խնդիրներ են առաջացել, և նյարդերը շատ լարված են», և միաժամանակ հավելում է, որ կողմ չէ բողոքի այդ տեսակին: Ըստ Նաթիգ Ադիլովի՝ հացադուլի նպատակներից մեկը միջազգային հանրության ուշադրությունը գրավելն է, որն, ըստ ընդդիմադրի, հարկ եղած կերպով ուշադիր չէ իր գործին: Քրեակատարողական ծառայությունում ասում են, որ նրանց ոչինչ հայտնի չէ:

«Մենք տեղեկատվություն չունենք, որ բանտարկյալ Մուրադ Ադիլովը հացադուլ է սկսել»,–ասել է հասարակական կապերի բաժնի պետ Մեհման Սադիղովը:

Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ քաղբանտարկյալներն Արդբեջանում հացադուլ են անում՝ ի նշան բողոքի: Օրինակ, այս տարվա հունիսին նման մեթոդի է դիմել «Ժողովրդական ճակատի» մեկ այլ անդամ Ֆիզուլի Հուսեյնովը:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը