Տնտեսական

10.09.2018 16:38


«Ռուբեն Վարդանյանը շտապեց քննադատության հարցում». ՊԵԿ ղեկավար (տեսանյութ)

«Ռուբեն Վարդանյանը շտապեց քննադատության հարցում». ՊԵԿ ղեկավար (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանի` Հայաստանի հարկային համակարգի մասին քննադատությունը մակերեսային էր։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը։

Սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ։ Հանդիպմանը քննադատական ելույթ է ունեցել միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը։

Նա նշել է, որ Հայաստանում հարկային համակարգը ավելի բարդ է, քան հարևան Վրաստանում։ Հայաստանում 18 հարկ կա, Վրաստանում` ընդամենը 6։

Անանյանն անդրադարձավ այս դիտարկմանը. Հայաստանում ոչ թե 18 հարկատեսակ կա, այլ 6` շահութահարկ (բիզնեսի համար), եկամտահարկ (քաղաքացիների համար), ԱԱՀ, ակցիզ, ինչպես նաև հողի և գույքի (ավտոմեքենայի և անշարժ գույքի)։

Փոքր բիզնեսի և գործունեության որոշ տեսակների համար (տաքսի, վարսավիրանոց և այլն) արտոնագրային հարկ է գործում։ Դրանք ոչ թե այլ հարկատեսակներ են, այլ ավելի շուտ այլ հարկային ռեժիմներ, պարզաբանեց Անանյանը։ Այդպիսով, ձեռնարկությունը կամ շահութահարկ և ԱԱՀ է վճարում, կամ շրջանառության հարկ, կամ արտոնագրային հարկ, բայց ոչ բոլորը միասին։ Այլ կերպ ասած, բիզնեսը գործ ունի նույն 6 հարկի հետ։

«Հայաստանում այլ հարկատեսակներ ևս կան։ Սակայն փաստացի դրանք ոչ թե հարկեր են, այլ վճարներ։ Երբ դրանք մտցրին հարկային օրենսգրքի մեջ, վերանվանեցին հարկերի։ Օրինակ` օգտակար հանածոների արդյունահանման հարկ։ Վրաստանում այն ևս կա, սակայն այն ֆորմալ ոչ թե հարկ է կոչվում, այլ վճար»,-պարզաբանեց Անանյանը։

Վրաստանում, ընդհանուր առմամբ, հարկային համակարգն իսկապես ավելի պարզ է, քան Հայաստանում։ Սակայն դա պետք չէ աբսոլյուտի հասցնել, նկատեց Անանյանը։

Բարեփոխումներ են իրականացվում նաև Հայաստանում։ Մասնավորապես, ինչպես նշվում էր ավելի վաղ, նախատեսվում է կրճատել հարկային ռեժիմների քանակը և պարզեցնել մի շարք ընթացակարգեր։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը