Մեկնաբանություն

11.09.2018 11:32


Ի՞նչ է սպասվում «Ելք»-ում

Ի՞նչ է սպասվում «Ելք»-ում

Երևանի ավագանու ընտրության երեկ մեկնարկած քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի սատարման շրջանակներում զարգացրել է դերասան Հայկ Մարությանի «սև-սպիտակային» հայեցակարգն ու որոշ գնահատականներ տվել:

«Այսօր Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ ու էսօր գիտե՞ք ինչ ա տեղի ունենում, էսօր նրանք գնացել են, խորհրդարանում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, քուչեքում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, թե բա՝ տղերք, կլինի դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարության ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք քաղաքապետի ընտրություններում, ընենց կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Այո՛, այնպիսի ուժեր, ովքեր, իհարկե, հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ, էդ տենց ա չէ, ամենաուժեղ հեղափոխականները նրանք են, ովքեր հեղափոխությունից մի շաբաթ անց ասում են՝ արա, մենք արինք էդ հեղափոխությունը, մինչեւ էդ կանգնած հեղափոխության դեմ խոսում էին՝ թե՝ Սերժը լավ ա, ի՞նչ գործ ունեք մեր երկրի կայունությունը խաթարում եք»,-մասնավորապես հայտարարել է Փաշինյանը:

Հիմա սոցցանցերում քննարկումներ են տեղի ունենում, թե ում նկատի ուներ Փաշինյանը: Մի մասը կարծում է, որ ԲՀԿ-ին, իսկ մյուս մասի կարծիքով՝ Փաշինյանը հարվածում էր «Լույս» դաշինքին:

Մեր կարծիքով՝ Փաշինյանի ակնարկը շատ թափանցիկ էր: Այն ուղղված էր «Քաղաքացիական պայմանագրի» հետ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դաշինք կազմած «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին, որոնք ավագանու ընտրություններին մասնակցում են «Լույս» դաշինք անվան տակ:

Հեղափոխությունից մեկ շաբաթ առաջ հենց Էդմոն Մարուքյանի գլխավորած կառույցն էր ակտիվորեն քարոզում հեղափոխության դեմ: Արամ Սարգսյանն այդքան էլ ակտիվ չէր, բայց էլի պաշտպանում էր Սերժ Սարգսյանի վարչապետությունը:

Հեղափոխությունից հետո Մարուքյանի ու Սարգսյանի կուսակցության անդամները նախարարական պորտֆելներ ստացան՝ բնականաբար, ողջունելով հեղափոխությունը:

Այս օրերին մամուլում տեղեկություններ են տարածվում, որ ՀՀԿ-ն «տակից» աջակցելու է «Լույս» դաշինքին: Առանձին ՀՀԿ-ականներ հրապարակավ շատ դրական են արտահայտվում Արտակ Զեյնալյանի մասին: Հակառակ կողմից հերքումներ չկան:

Ահա այս ամենի մասին է խոսում Փաշինյանը: Վարչապետն իր ֆորմալ թիմակիցներին մեղադրում է ՀՀԿ-ի հետ խաղեր տալու մեջ: Սա նշանակում է, որ ավագանու ընտրությունները վերջնական ջրբաժան կարող են դառնալ «Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների համար: Քաղաքական ապահարզանի այլընտրանք, թերևս, չի մնում:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Եթե մենք սխալվում ենք և Փաշինյանը «Լույս» դաշինքին նկատի չի ունեցել, ապա ճիշտ կլինի, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացնեն «սևերի» ցուցակը, որպեսզի խնդիրներ չառաջանան և մարդիկ հստակ իմանան, թե ովքեր են սև, ովքեր՝ սպիտակ, ովքեր՝ անգույն:

Ի դեպ, հեղափոխության օրերին փողոց փակողների մեջ ահագին ՀՀԿ-ական «տասովշիկներ» կային, 10 հազար դրամ բաժանողներ ու 10 հազար դրամ վերցնողներ: Բոլորն ուս ուսի տված փակում էին փողոցն ու մերժում Սերժին: Սերժն այսօր հեղափոխության մոռացված անուններից է, իսկ մերժվում են մյուսները և պիտակավորվում որպես հակահեղափոխականներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամները: Սա՝ իմիջիայլոց:

Այս խորագրի վերջին նյութերը