Աշխարհ

14.09.2018 12:40


Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություն կանցկացվի

Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություն կանցկացվի

Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում «Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն» զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ անցկացնելու են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու է 20 հազար զինծառայող, ներգրավվելու է 200 միավորից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 10 միավոր կործանիչ և ռմբակոծիչ, մինչև 20 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Զորավարժության ժամանակ ստուգվելու են նաև զինծառայողների հմտությունները Ադրբեջանի զինված ուժերի ձեռքբերած վերջին ռազմական տեխնիկայի վրա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերում վերջին լայնածավալ զորավարժությունը անցկացվեց այս տարի հուլիսի 2-6-ը։ Ինչպես նշված էր ՊՆ հայտարարության մեջ՝ դրան պետք է մասնակցեին 20 հազար զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Բաց աղբյուրների ուսումնասիրության տվյալներով կարող ենք ասել, որ զորավարժությանը ներգրավվել են նաև հունիսին Ադրբեջանի ձեռք բերած բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը