Տնտեսական

15.09.2018 13:34


«Եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, Ամուլսարի հանքը շահագործելու հնարավորություն կտրվի»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, Ամուլսարի հանքը շահագործելու հնարավորություն կտրվի»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը, ընդգծել է, որ կառավարության վերջնական դիրքորոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա և անհրաժեշտ է միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն։

«Երկու հարցի պատասխան պետք է ստանանք՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի և Ջերմուկի ջրերի համար և, ընդհանրապես, ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք չեզոք պատասխան չունենք»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, Ամուլսարի հանքը շահագործելու հնարավորություն կտրվի, իսկ եթե պարզվի, որ վտանգ կա, ապա կառավարությունն այլ ճանապարհով կգնա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը