Աշխարհ

02.03.2010 17:28


Ռ. Մելքոնյան. «Թուրքիան դարձել է իր իսկ վարած քաղաքականության պատանդը»

Ռ. Մելքոնյան. «Թուրքիան դարձել է իր իսկ վարած քաղաքականության պատանդը»

-Թուրքիայի այս իշխանությունն ունի իսլամամետ ուժի համարում, իսկ զինվորականությունը Թուրքիայում ավանդաբար համարվել է քեմալական սկզբունքների պաշտպան։ Այս պայքարի արդյունքում է, որ մի քանի անգամ տեղի է ունեցել զինվորական հեղաշրջում։ Ներկայումս էլ Թուրքիայում տեղի է ունենում ուժերի տեղաբաշխում, և յուրաքանչյուրն ուզում է իր տեղն ամրապնդել,-խոսելով Թուրքիայում տեղի ունեցող ներքին և արտաքին իրադարձություններից՝ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Անդրադառնալով Միացյալ Նահանգներում Ցեղասպանության բանաձևի ընդունմանը՝ Ռ. Մելքոնյանն այն կապել է Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ տեղի ունեցող զարգացումներին և ասել, թե առանց այդ էլ Թուրքիայում առկա են հակաամերիկյան տրամադրություններ, և Ցեղասպանության ճանաչման սպառնալիքն է՛լ ավելի է սրում թուրք-ամերիկյան տրամադրությունները։

-Թուրքիան դարձել է իր իսկ վարած քաղաքականության պատանդը,-ասել է թուրքագետն ու ավելացրել, թե շատ կանխատեսելի է, որ Ամերիկան ու եվրոպական շատ պետություններ, շահարկելով Ցեղասպանության խնդիրը, միշտ էլ փորձեն տարբեր զիջումներ կորզել Թուրքիայից.

-Մենք ներկայումս ականատես ենք նման շուկայական հարաբերության։ Թուրքական քաղաքական էլիտան փորձում է դուրս գալ այս վիճակից։ Թուրքական քաղաքական «դիսկուսում» ավելի շատ է խոսվում այն մասին, որ այս հարցին պետք է տալ արմատական լուծում, և միգուցե ավելի լավ կլինի, որ ԱՄՆ-ն ընդունի Ցեղասպանությունը, և այդ սպառնալիքն, ի վերջո, վերանա։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը