Կարծիք

02.03.2010 17:40


Մեր բոլորի նպատակն է ստեղծել պետություն, ոչ թե զավթել իշխանությունը

Մեր բոլորի նպատակն է ստեղծել պետություն, ոչ թե զավթել իշխանությունը

Մի  փոքր երկիր, որն ունի ծով խնդիրներ բոլոր ոլորտներում: Չկա մի ճյուղ կամ ոլորտ, որ բավարարի երկրի քաղաքացիների պահանջները, համահունչ լինի մեր պատկերացումներին, ձգտումներին և կամ արտաքին մարտահրավերներին:

Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ «Սարդարապատ» շարժումը վերջին վեց ամիսների ընթացքում նախաձեռնել է տեսական քննարկումներ, որոնց նպատակն է պարզաբանել մեր առջև կանգնած խնդիրների էությունը, գտնել այն հաղթահարելու ճանապարհները: Օգտվելով առիթից, առանց անուններ նշելու,  ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնագետներին և այդ գործի բոլոր մասնակիցներին: Այդ աշխատանքների արդյունքում առաջացան որոշ տեսական դրույթներ, որոնց մի մասի վերաբերյալ ես ցանկանում եմ ձեզ իրազեկել:

Նախ ասեմ, որ խոսելու եմ շատ դառը իրողություններից, որովհետև առանց ճշմարտության, առանց ինքներս մեզ ճանաչելու ոչինչ չի ստացվի: Մենք իրականում դեռ չգիտենք և չենք կարողանում ճիշտ գնահատել նույնիսկ ոչ վաղ անցյալի մեր պատմությունը, անել համապատասխան հետևություններ, առաջադրել խնդիրներ և գտնել դրանց լուծումները: Իսկ «Սարդարապատ» շարժումը առաջին հերթին ճշմարտությունն է ասելու, որքան էլ որ այն դառը լինի:

Իսկապես, մի փոքր երկիր և  ծով խնդիրներ:

Կարիք չկա դրանք թվարկելու, բոլորը տեղյակ են, նույնիսկ իշխանությունները: Սակայն ուզում եմ մի բանի մասին զրուցել' պատճառի և հետո հաղթահարման ճանապարհների:

Որ՞ն է պատճառը, որ մեզ չի հաջողվում նորմալ պետություն կառուցել, պետականությունը պահպանել, ապահովել բնականոն և ներդաշնակ հասարակական կյանք:

Այն ինչ ստեղծել ենք, մակարդակով ավելի ցածր է, քան մեր անհատական մակարդակը կամ մեր իսկ պահանջները: Անխտիր բոլոր ոլորտներում:

Չի հաջողվում և վերջ:

Ո՞րն է պատճառը: 

Այս առումով խնդիրները առաջացել են ոչ 2008թ.-ին, ոչ 1998թ.-ին, ոչ 1991թ.-ին, և ոչ էլ 1915թ.-ին: Հաճախ մենք մեր դժբախտությունների պատճառը որոնում ենք այս կամ այն քաղաքական անձի կամ ստեղծված իրավիճակի մեջ :

Իսկ միգուցե Անիի կործանումի՞ց է անհրաժեշտ սկսել հաշվել սխալ ճանապարհի հաշվարկը, թե՞ ավելի վաղ:

Ասում ենք, թե չունենք պետականության զգացում:

Իսկ միգուցե պետականության զգացման բացակայությունն է պետության կորստի պատճառը և ոչ թե պետականության կորուստն է մեզ արդարացնում, թե չունենք զգացմունքներ հանուն սեփական պետության ստեղծման:

Հասարակական բարոյազրկումը, գաղափարազերծումը հենց հիմքն են մեր պետականության կորստի, և այդ առումով մենք նորից կանգնած ենք նույն վտանգի առջև:

Մենք չենք սերտել մեր պատմության դասերը:

Առանց արժեհամակարգի վերականգման մենք ծնելու ենք նույն իշխանություններին:

Հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրը իշխանության խնդիրը չէ,  այլ մենք ինքներս ենք:

Մեր վախերը, մեր անսկզբունքայնությունը, մեր «թայֆաբազությունը», մեր օջախային-տոհմային մտածողությունը:

Հասարակությունն է ապաբարոյականացված և ապակողմնորոշված:

Մենք' հայերս  մոռացել և ուրացել ենք այն արժեքները, որոնք և թույլ էին տալիս լինել մարդ, քրիստոնյա, երկրի արժանավոր քաղաքացի և զինվոր: Մեր ընտանիքները և դպրոցները, համալսարանները պատրաստում են քաղքենիների, որոնց երազանքն է շատ փող, «սոտովի», «մաշնա», ու տան դեմը սիգարետ վաճառելու "բուդկա": Դա է ժամանակակից Հայաստանի հերոսը և կերպը:

Եվ առանց արմատական հասարակական բարեփոխումների, առանց արժեհամակարգի վերականգնման մենք միշտ ունենալու ենք նույն արդյունքը:

Իսկապես, մի փոքր երկիր և  ծով խնդիրներ:

Տարբեր մարդիկ տարբեր պատասխաններ կտան:

Մեզանում չի ստացվում պետականաշինություն, որովհետև չի կայացել հենց հասարակությունը, որպես պետության հիմք:

Չկան կայացած հասարակական կազմակերպություններ, արհմիություններ, հայրենակցական միություններ, հետևաբար նաև կուսակցություններ:

Ավելին, եթե ինչ որ հրաշքով 2008թ կամ որևէ այլ պահի, որևէ քաղաքական ուժ նվաճի քաղաքական իշխանություն, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այդ նույն խնդիրները մնալու են և շատ մեծ հավանականություն կա, որ նորից վիշապը կվերարտադրվի:

Չկա, որևէ քաղաքական ուժ, որ ունենա իր քանակով և ամենակարևորը' որակով բավարար անձնակազմ և զանգված, որպեսզի կարողանա իրականացնել մեր երկրի և հասարակության խորքային բարեփոխումը: Կադրային սովը իրական պրոբլեմ է, դրանք ուղղակի քիչ են, և միակ ճանապարհը դա անկասկած ներգաղթի կազմակերպումն է, իսկ առաջին փուլում'  Սփյուռքի լայն օգտագործումն է Հայաստանը կայացնելու գործում: Օրինակ, բարձրագույն կրթության ոլորտում ներքին ռեսուրսներով ժամանակակից որակ ապահովել մենք այլևս չենք կարող:

Հետայսու' խնդրի լուծումը իշխանություն ձեռք բերելը կամ զավթելը չէ, որ հետագայում պետականություն և հասարակություն կերտենք: Ոչ: Կարիք չկա մարտավարական խաղեր խաղալ իշխանության հետ, պետությունը պետք է ստեղծել հիմա, և հետո գալ իշխանության, ոչ թե գալ և փորձել շատացած «դանակավորների» հետ միասին ինչ-որ բան փոխել:

Պետք է կերտել հասարակական կառույցներ, հասարակություն և զուգահեռ գործող նոր պետական վարչակարգ և հետո նոր գալ իշխանության: Միևնույն է, այդ խնդիրները պիտի գտնեն իրենց լուծումները, սակայն եթե հասարակությունը ստեղծում է անհրաժեշտ կառույցներ' իրական արհմիություններից մինչև իսկական Երկրապահ, մասնագիտական խմբեր, ինչպես նաև ձևավորում է իշխանության մարմիններ վերից-վար, խորհրդարանից մինչև ԲՇԿ -ի պետ, ապա իշխանությունը ինքն է փլուզվում: Եթե մարդիկ տեսնեն իրենց ԲՇԿ-ի պետին, որն ավելի կարևոր է, քան Նախագահը, ապա կանեն իրենց իրենք ընտրությունը: Մենք դա տեսել ենք 1990թ.:

Համակարգը վերից վար արատավոր է, իր բոլոր օղակներում և չի հանդուրժի և ոչ մի օտարածին բջիջ: Սակայն, եթե հասարակությունը կարողանում է ստեղծել և պաշտպանել որևէ օտար մարմին, համակարգը ինքն է սկսում փլուզվել: Մենք դա տեսել ենք 2008թ:

Եվս մի քանի էական նրբերանգներ:

Համակարգը դառնում է խոցելի, եթե չի հասնում իրադարձությունների հետևից և հասարակության մեջ ստեղծվում են ավելի սերտ կապեր քան պետություն-հասարակություն կապում, ձևավորվում են պետությունից դուրս սոցիալ-քաղաքական կենտրոններ:

Այժմ, պետություն-հասարակություն կապը խաթարված է, և խնդիրն այն է, որ հասարակությունը ինքը չի ստեղծեում այլընտրանքային համակարգ:

Երբ նման հասարակական կառույցը և բյուրոկրատական համակարգը պատրաստ կլինի,  վարչակարգը կգա անակնկալի և հակադարձելու ոչինչ չի ունենա: Ոչ մի պատժիչ մեքենա չի աշխատի: Ի վերջո գոյություն ունեցող համակարգը մարդիկ են, ընդամենը մարդիկ: Մարդիկ, ովքեր ունեն սովորական պահանջներ և սովորական վախեր:

Այժմ մի քանի տեսական սկզբունքներ, որոնք նույնպես մշակվել են մեր կլոր սեղանների ընթացքում:

Բացառիկ հրապարակայնություն: Դա մեզ է թվում, թե գաղտնի աշխատանքը ինչ-որ առավելություն է  տալիս: Ոչ, մենք ուղղակի ինքնամեկուսանում ենք սեփական ժողովրդից, իսկ համապատասախան մարմինները միշտ գիտեն ով ինչով է զբաղված:

Հակառակը, միմիայն բաց, կատարելապես թափանցիկ աշխատանք բոլորի համար, ի վերջո հասարակական գործունեությունը չի կարող լինել հասարակությունից թաքնված: Հասարակությունը և վարչակարգը պիտի իրազեկված լինի ամեն ինչ մասին, միևնույն է իրենք հակաքայլ չունեն:

Ոչ մի շփում կամ համագործակցություն պետական մեքենայի հետ: Այս պետությունը, այս վարչակարգը մեզ համար ուղղակի գոյություն չունեն: Մենք ստեղծում ենք զուգահեռ համակարգ, հետևաբար գործողը մեզ հետ չպիտի խաչվի: Իրենք կգան անպայման, հատկապես երիտասարդության մոտ կա գայթակղություն, որ կարելի զբաղվել, ասենք անկասկած հայրենանվեր գործունեությամբ, համագործակցելով նաև իշխանությունների հետ: Դա խաբկանք է: Դա է ձեզ է թվում, թե դուք օգտագործում եք, իրականում համակարգը միշտ ուժեղ է, ձեզ են օգտագործում: 

Բացարձակ արհամարանք վարչակարգի հանդեպ, այն ուղղակի այլևս մեզ համար գոյություն չունի: Միայն առանձին, զուգահեռ գոյությունը և զարգացումը թույլ կտա ստեղծել նորը:

Ի վերջո, այդ առումով ուզում եմ նշել, որ սրանք ընտրություններով իշխանությունը չեն տա: Հետևաբար մենք էլ ընտրություններով չէ որ պիտի գանք:

Նաև, մեր բոլորի նպատակն է ստեղծել պետություն, ոչ թե զավթել իշխանությունը: Եթե հաջողվի ստեղծել և պետական բուրգը և կազմակերպել հասարակությանը, ապա արդյունքում վարչակարգը կորցնում է իշխանությունը:

«Սարդարապատ» շարժումը պատրաստ է աջակցել յուրաքանչյուր խմբին և մարդկանց, սատարել այն ամենով, ինչ ունենք և չունենք, որպեսզի այդ խմբերը կայանան, որպեսզի հաղթահարվի ներքին սոցիալական և քաղաքական պառակտվածությունը, չունենալով ամբիցիաներ անպայման ուղղորդելու: «Սարդարապատ»-ի նպատակն է կազմակերպել և ապագա ընդիմություն և ապագա իշխանություն, միավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին' հայերին, եզդիներին, ռուսներին, ասորիներին և հույներին, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին մեկ գաղափարի շուրջ' Հայաստան երկիրը մեր կենտրոնն է, մեր նպատակը, մեր միջոցը և մեր երազանքը:

Այս խորագրի վերջին նյութերը