Մեկնաբանություն

18.09.2018 12:02


Արամ Սարգսյանի ակնարկը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Արամ Սարգսյանի ակնարկը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող որոշ ուժեր կամաց-կամաց դուրս են գալիս վախվորած ու ամոթխած հարսի կարգավիճակից ու սկսում են հակադարձել Նիկոլ Փաշինյանի սև-սպիտակային քարոզչությանը:

ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը երկու օր առաջ հակադարձեց «Իմ քայլին»՝ այդ ուժին մեղադրելով նախորդ իշխանությունների հետ համագործակցելու մեջ:

Երեկվա բակային հանդիպման ընթացքում Փաշինյանին հակադարձեց նաև «Քաղաքացիական պայմանագրի» հետ ֆորմալ դաշինքային հարաբերություններ ունեցող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Սարգսյանը, քննադատելով Փաշինյանի սև-սպիտակային բաժանումների սկզբունքը, ակնարկեց, որ եթե այդպես շարունակվի, ապա խորհրդարանում Փաշինյանը կարող է մնալ երկու-երեք հոգու հույսին ու նույնիսկ չհասնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդի ասածի ենթատեքստն այն էր, որ եթե գործող վարչապետն այս պահին ալիքի վրա է, ապա վաղը կարող է այդ ալիքը չլինել և Փաշինյանը, չունենալով դաշնակիցներ խորհրդարանում, կարող է պարզապես կորցնել ներկայիս դիրքերը: Սա, կարելի է ասել, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Հանրապետության» և «Լուսավոր Հայաստանի» միասնական «մեսիջն» էր Նիկոլ Փաշինյանին: Ճիշտ կգնահատի՞ այդ «մեսիջը» Փաշինյանը, թե ոչ, իր որոշելիքն է: Փաստն այն է, որ նա քաղաքական դաշտում դաշնակիցներ չունի և չի էլ կարող ունենալ, քանզի 80-90 տոկոս ձայնի ակնկալիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ բոլորին խաղից դուրս թողնելու ծրագիր: Պարզ է, որ այդ ծրագիրը չի կարող որևէ մեկի դուրը գալ և բնական է, որ Փաշինյանը հակահարվածներ է ստանում իր ոխերիմ կոալիցիոն գործընկներներից:

Թե ինչպիսի պատկեր կստացվի Երևանում, կիմանանք սեպտեմբերի 23-ի գիշերը:

Նիկոլ Փաշինյանն ունի բացարձակ մեծամասնություն վերցնելու ախորժակ, ինչն իր դեմ է համախմբում ոչ միայն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս 11 ուժերին, այլ նաև ամբողջ քաղաքական դաշտին ու հանրության այն հատվածին, որը հասկանում է, որ ցանկացած ուժի մենաշնորհը չարիք է՝ անկախ այն բանից, թե ինչ անուն ունի այդ ուժը և ինչպես է եկել իշխանության:

Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ թեսթ կլինեն մեր հասարակության համար: Պարզ կդառնա, թե արդյոք ունի՞ մեր քաղաքացին հասունություն, թե՞ առաջնորդվում է հույզերով ու պարզունակ պատկերացումներով:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը