Մեկնաբանություն

25.09.2018 14:30


Ընտրական մաթեմատիկա. 35 > 65, 35 = 100, 43>57

Ընտրական մաթեմատիկա. 35 > 65, 35 = 100, 43>57

Երևանի ավագանու ընտրությունների լեգիտիմությունը որևէ մեկը կասկածի տակ չի առնում: Համենայնդեպս, բողոքներ չկան: Դիտորդները, մասնակցող ուժերը և հանրությունը գոհ են ընթացքից ու ոչ մի խախտում չեն արձանագրել:

Հետհեղափոխական ընտրությունները միշտ էլ այդպիսին են լինում: Հեղափոխություն արած ուժին տալիս են գերբարձր տոկոս: Այստեղ զարմանալի բան չկար:

Զարմանալին այն էր, որ մասնակցության համեմատաբար ցածր տոկոս արձանագրվեց, ինչը ցույց է տալիս, որ էյֆորիան անցել է, այլապես մասնակցության ոչ պակաս 70 տոկոս կարձանագրվեր:

Երևանի ընտրողների կեսից ավելին՝ 57 տոկոսը, չեկավ ընտրատեղամաս: Արդյունքում ստացվեց, որ մայրաքաղաքի կառավարման 100-տոկոսանոց մանդատի հարցը լուծեց ընտրողների 43 տոկոսը: Այդ 43 տոկոսի մոտ 82 տոկոսը որոշեց, որ «Իմ քայլը» պետք է բացարձակ իշխանություն ունենա Երևանում:

«Իմ քայլի» 82 տոկոսը ընդհանուր ընտրողների թվի 35 տոկոսն է: 35 տոկոս ձայնը տվյալ դեպքում ավելի մեծ ստացվեց, քան 65 տոկոսի ձայնը: «Տանը նստածները» և մյուս կուսակցություններին ձայն տվողները միասին այդ 65 տոկոսն են կազմում, բայց նրանք չեն մասնակցելու Երևանի կառավարմանը, քանզի քվեարկությանը մասնակցած և «Իմ քայլին» ձայն տված մարդիկ, որոնք ընդհանուրի 35 տոկոսն են կազմում, ավելի կազմակերպված դուրս եկան:

Արդյունքում ունենք ընտրական հետևյալ մաթեմատիկան՝

35 > 65,

35 = 100,

43 > 57:

Ի դեպ, բոլոր երկրներում էլ այս խնդիրները կան: Որոշ տեղեր ընտրության մասնակցության հարցը լուծել են փողի միջոցով, բայց դա այն փողը չէ, որն ընդունված էր մեզ մոտ տալ ընտրության գնալու և համապատասխան մարդու կամ ուժի օգտին քվեարկելու համար:

Կան երկրներ, որոնք տուգանք են նախատեսում, եթե քաղաքացին ոչ հարգելի պատճառով չի մասնակցում քվեարկությանը: Տուգանքի ուժով ստիպում են մարդկանց գնալ ընտրատեղամաս, որպեսզի իշխանությունն այդուհանդերձ ձևավորվի մեծամասնության կամքով: Այդպիսով փորձ է արվում պահել ժողովրդավարության գլխավոր սկզբունքը՝ մեծամասնության կառավարում:

Կան նաև այլ մեթոդներ: Օրինակ՝ քվորումի շեմի սահմանումը. եթե ընտրություններին կեսից ավելին չի մասնակցում, ապա այն չի համարվում կայացած:

Մեզ մոտ այդպիսի գործիքներ չկան իշխանական մարմինների ձևավորման հետ կապված: Չկա քվորումի հարց, չկա նաև տուգանք ընտրություններին չմասնակցելու համար: Արդյունքում՝ կազմակերպված կամ մոտիվացված փոքրամասնությունը ձևավորում է մեծամասնության իշխանություն:

Մեր դեպքում, իհարկե, որևէ մեկը չի կասկածում «Իմ քայլի» հաղթանակին, բայց զուտ թվաբանության առումով հարկ է արձանագրել այն, ինչի մասին վերևում նշվեց: Արձանագրել ու հետագայում փորձել շտկել բացը: «Ժողովրդի իշխանությունը» նշանակում է ոչ թե հարաբերական, այլ իրական մեծամասնության առկայություն:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը