Աշխարհ

25.09.2018 19:25


Ադրբեջանի բնակիչները բանկից վերցված վարկերի դիմաց ավելի մեծ գումար պետք է վճարեն, քան պլանավորում էին

Ադրբեջանի բնակիչները բանկից վերցված վարկերի դիմաց ավելի մեծ գումար պետք է վճարեն, քան պլանավորում էին

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հանգուցալուծել է բանկերի և վարկառուների միջև «վեճն» առ այն, թե ինչպես մարել դոլարային վարկերը՝ հի՞ն, թե՞ նոր փոխարժեքով: Արդյունքում, մարդիկ, այնուամենայնիվ, ստիպված կլինեն դոլարով վճարել, ինչը մանաթի վերահաշվարկով կրկնակի թանկ է:

2015թ-ից Ադրբեջանում դոլարի փոխարժեքը գրեթե կրկնակի աճեց: Հետևաբար, պարզվեց, որ արժեզրկումից առաջ, երբ դոլարը մանաթից էժան էր (0.78 մանաթ) դոլարային վարկեր վերցրած մարդիկ այժմ ստիպված են կրկնակի ավել վճարել, քան պատրաստվում էին ի սկզբանե: Այժմ դոլարի փոխարժեքը 1.7 մանաթ է:

Վարկառուները կարծում էին, որ արդար կլիներ, եթե իրենք շարունակեն վճարել հին փոխարժեքով, բանկերը չէին համաձայնում, և, արդյունքում բանը հասավ Սահմանադրական դատարան: Մասնավորապես, բանկերը դատարանին խնդրեցին հստակություն մտցնել Քաղաքացիական օրենսգրքի 422 հոդվածում, որում ասվում է, որ երկրում իրավիճակի զգալի փոփոխման առնչությամբ վարկային պայմանները նույնպես կարող են փոխվել:

«Արդյոք ազգային արժույթի արժեզրկումը վարկային պարտավորությունների առնչությամբ կարելի՞ է համարել իրավիճակի զգալի փոփոխություն»,- հարցրել են բանկերը: «Ոչ, չի կարելի»,-պատասխանել է դատարանը: Ըստ դատարանի՝ վարկառուն, արտարժույթով վարկ ստանալիս պետք է գիտակցի դրա հետ կապված ռիսկերն ու հնարավոր հետևանքները:

Ըստ Ադրբեջանի Կենտրոնական բանկի տվյալների՝ ընթացիկ տարվա սկզբին ժամկետանց վարկերի ծավալն, ընդհանուր առմամբ, կազմում էր գրեթե 1700 միլիոն մանաթ (1 մլրդ դոլար): Տվյալ պահին այդ գումարն աճել է 4.25 տոկոսով: Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այժմ կազմում է 14.5 տոկոս:

Ինչպես նշում է Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի ղեկավար Վուգար Բայրամովը, երկրի բնակչության 2.5 միլիոնը բանկերում վարկեր ունի: Դա Ադրբեջանի բնակչության գրեթե մեկ քառորդն է:

Արժեզրկումը և վարկի հանկարծակի աճած գումարը ցավոտ հարված հասցրեց բոլոր վարկառուների բյուջեին: Առանձին դեպքերում՝ նույնիսկ ողբերգության բերեց:

«Ազգականս կախվեց՝ հասկանալով, որ չի կարողանում վարկը մարել: Նա հեռացավ, բայց այժմ նրա ընտանիքն է ստիպված նրա փոխարեն վճարել այդ գումարը: Ամեն ամիս այրին 100 դոլար է բանկին տալիս, և դեռ յոթ տարի այդպես պետք է շարունակվի»,-պատմում է Բաքվի արվարձաններից մեկի բնակիչը:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը