Մեկնաբանություն

25.09.2018 17:21


Հայկ Մարության VS Կարգին Հայկո

Հայկ Մարության VS Կարգին Հայկո

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով քաղաքապետ ընտրվեց դերասան Հայկ Մարությանը:

Եթե նրա փոխարեն լիներ մեկ այլ դերասան, ասենք՝ Մկոն կամ կոլոտ Հովոն, կամ էլ նույնիսկ ոչ դերասան, ապա կրկին կընտրվեր, քանզի Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը նման բաների հնարավորություն տալիս է:

Մոտ 300 հազար մարդ քվեարկեց ոչ թե Հայկ Մարությանի, այլ Նիկոլ Փաշինյանի օգտին: Վարչապետը փաստացի այդպիսի խնդրանքով էր դիմել մարդկանց՝ «Հայկին քվե տալով՝ ինձ եք տալիս» թեմայով:

Բացի այդ՝ ժողովրդի հպարտ հատվածին վախեցրել էին, որ եթե հանկարծ «Իմ քայլին» չտան ձայնը և Հայկը չդառնա քաղաքապետ, ապա «մեշոկ պապին», կներեք, «հակահեղափոխությունը» կհաղթի: Հպարտ քաղաքացիներն էլ համախմբվեցին ու հուժկու հարված հասցրեցին հակահեղափոխությանը՝ «կողմ» քվեարկելով ավագանու մի ցուցակի, որի անդամների գրեթե 100 տոկոսին չեն ճանաչում նրանց օգտին քվեարկածների գրեթե 100 տոկոսը: Ինչևէ:

Հայկ Մարությանի լեգիտիմությունը կասկածից դուրս է: Նա ժողովրդի վարչապետի կողմից պաշտպանված ժողովրդի քաղաքապետ է:

Հայկին շնորհավորում ենք, մաղթում արդյունավետ աշխատանք ու մեր ընթերցողին առաջարկում մի բան պատկերացնել:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե հանկարծ ՀՀԿ-ն, իր «հաբռգած վախտերը», այսինքն՝ մինչև հեղափոխությունը, որոշեր Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել նույն Հայկ Մարությանին:

Այսօրվա հպարտ քաղաքացիներից շատերը կասեին, որ ՀՀԿ-ն մեզ ձեռ է առնում, կոմիկին դեմ է տալիս, Նիկոլ Փաշինյանը քարը քարի վրա չէր թողնի Հայկի թեկնածության պահով: Մի խոսքով, բոլորը դեմ դուրս կգային այն կոմիկին, ով խայտառակ հայերենի, ցածր մշակույթի, այլասերվածության ու անճաշակության քարոզ է արել:

Պալատական մտավորականները կրկին, ինչպես վերջին օրերին, կգովեին Հայկին՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը ճիշտ ընտրություն է կատարել: Նրանք ընդդիմախոսներին կհակադարձեին, որ Հայկը դերասան է, բայց կարող է շատ լավ քաղաքապետ լինել, քանի որ բաշարող մարդ է:

Դեռևս հպարտ չդարձած քաղաքացիներից ոմանք այդ ժամանակ Սերժ Սարգսյանի որոշումը կքննադատեին ու կասեին, որ թալանչիների ներկայացրած թեկնածու Կարգին Հայկոն ոչ պակաս թալանչի է, քանզի տների կոլեկցիա ունի և կապիտալ է արտահանել մեր երկրից: Կհիշեցնեին, որ նա այդ փողերն աշխատել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, իսկ հետո տեղավորվել է Սերժ Սարգսյանին պատկանող հեռուստաընկերությունում և այնտեղ է մինչև հիմա: Կհիշեցնեին, որ Հայկոն 2008-ի մարտի 1-ից հետո չի ամաչել ու գնացել է Սերժ Սարգսյանին պատկանող բիզնեսում աշխատել:

Հայկին կհիշեցնեին նաև, որ նա ատելի օլիգարխների բիզնեսներն է գովազդել ու չհարկվող եկամուտ ստացել:

Մի խոսքով, եթե Հայկը քաղաքապետի թեկնածու առաջադրվեր «հաբռգած» ՀՀԿ-ի կողմից, ապա հպարտ քաղաքացիները նրա օգտին կքվեարկեին «Գազելներից» իջնելուց հետո, իսկ սեպտեմբերի 23-ին Հայկի օգտին քվեարկեցին առանց «Գազելների» օգնության: Համաձայնեք, որ դա էական տարբերություն է:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: «Գազելներով» քաղաքապետ դարձած Տարոն Մարգարյանի ժամանակ Երևանի ավագանիում կար ընդդիմություն՝ ի դեմս «Երկիր Ծիրանիի» և «Ելքի»: Թե որքանով էին նրանք ընդդիմություն, այլ խոսակցության թեմա է, բայց փաստն այն է, որ սուր հարցեր էին բարձրացնում, հանրությանը հուզող խնդիրներ էին առաջ քաշում և վերջապես կեղտաջուր բերում ավագանու նիստի ժամանակ ու մտցնում Տարոնի բերանը, ինչից հետո լուծվում էր Նուբարաշենի կոյուղաջրերի հարցը:

Հիմա Երևանի ավագանիում ընդդիմություն չկա: ԲՀԿ-ն ու «Լույսը» իրենց կաշվից դուրս են գալիս, որպեսզի ապացուցեն, որ «սև» չեն ու երազում են արժանանալ գործադիր իշխանության բարի հայացքին:

«Լույս» դաշինքը չէր էլ թաքցնում քարոզարշավի ժամանակ, որ իրենք ստիպված են եղել առանձին մասնակցել ավագանու ընտրություններին, քանզի Նիկոլ Փաշինյանը չի ուզեցել վերցնել իրենց:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այստեղ էլ գրեթե նույն պատկերն է: Նաիրա Զոհրաբյանը փորձեց «իդիլիան» փչացնել, բայց դե նա մենակ ի՞նչ կարող էր անել:

Եվ այսպես, ավագանին առանց ընդդիմության է: Առաջընթացն ակնհայտ է: Կարևորը քաղաքացին հպարտ լինի: Թե չէ ի՞նչ տարբերություն, թե ով կդառնա քաղաքապետ: Համ էլ՝ եթե ունենք ժողովրդի քաղաքապետ, ապա ընդդիմություն պետք չէ:

Այս խորագրի վերջին նյութերը