Աշխարհ

26.09.2018 12:32


Գերմանիայում Էրդողանին արգելել են փակ սրահներում հանդիպումներ անցկացնել տեղի թուրքերի հետ

Գերմանիայում Էրդողանին արգելել են փակ սրահներում հանդիպումներ անցկացնել տեղի թուրքերի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հոկտեմբերի 27-29-ը Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում տեղի թուրքերի հետ նախատեսված դահլիճային հանդիպումները չեղարկվել են:

Նշվում է, որ Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ են ծրագրված եղել 3 քաղաքներում: Գերմանական իշխանությունների՝ թույլտվություն չտրամադրելու պատճառով Էրդողանի ներկայացուցիչների՝ Բեռլինի «Tempodrom», Դորտմունդի «Wetfalen» դահլիճները վարձակալելու դիմումները մերժվել են: Չեղարկվել է նույնիսկ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Եվրոպայի ներկայացուցչության միջոցով Քյոլնում արված դահլիճի ամրագրումը:

Նշվում է, որ Էրդողանին մնում է բավարարվել միայն «Adlon» հյուրանոցում գործարարների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումով:

Ավելացնենք, որ թուրք-գերմանական հարաբերություններում վերջին տարիներին առկա տևական լարվածությունը թուլացնելու նպատակ ունեցող այցը Գերմանիայում տարբեր շերտերի կողմից բացասական վերաբերմունքի է արժանանում:

Ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին:

Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել «Ձախերի» ու «Ազատ» դեմոկրատների», «Կանաչների» ու «Գերմանիայի համար այլընտրանք» կուսաակցությունների մի շարք ներկայացուցիչներ:

Սպասվում է, որ Էրդողանի այցի ժամանակ բողոքի ակցիաներ կարող են անցկացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիր խմբերի, Գերմանիայի ձախակողմյան ուժերի կողմից:

Ելնելով վերոնշյալից՝ Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:

Այս խորագրի վերջին նյութերը