Լրահոս

26.09.2018 15:00


Առողջապահության ոլորտի բարձիթողի վիճակը եթե շարունակվի, մեր երեխաները չեն կարողանալու բուժվել Հայաստանում. քննարկում (ֆոտոշարք)

Առողջապահության ոլորտի բարձիթողի վիճակը եթե շարունակվի, մեր երեխաները չեն կարողանալու բուժվել Հայաստանում. քննարկում (ֆոտոշարք)

Ո՞ր ուղղությամբ եւ ի՞նչ ֆինանսական միջոցներով. Սրանք հարցեր են, որ առաջնային լուծում են պահանջում առողջապահական համակարգի բարեփոխումների ճանապարհին: Այս շաբաթ բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ակումբում բժշկության տարբեր ճյուղեր ներկայացնող մասնագետները քննարկում էին առողջապահության ոլորտին վերաբերող խնդիրներ:

Վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում հիվանդություններից մահացության թվի նվազման դինամիկա կա: Արտերկրում ընդունված ու կիրառվող մեթոդները օգտագործվում են նաեւ մեր երկրի տարբեր բուժհաստատություններում: Ոլորտը, սակայն, արմատական փոփոխությունների կարիք ունի. Այս հարցի շուրջ բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ակումբում հավաքված բժիշկները համակարծիք են: Յուրաքանչյուր բժիշկ ոլորտի առողջացման իր բանաձեւն է առաջ քաշում:

«Մեր առողջապահական համակարգը այսօր նման է նավակի, որ ինքն իրեն լողում է անհայտ ուղղությամբ: Նավը խորտակվում է, բայց յուրաքանչյուրն ուզում է ինչ- որ ծակ փակի: Տարբեր երկրներ, տարբեր քաղաքականություն են որդեգրել, հիմա մենք չգիտենք ո՞ր ուղղությամբ ենք գնում եւ ո՞ւր ենք ուզում հասնել: Ֆինանսական միջոցները սուղ են, խնդիրները շատ են, բայց պետք է որոշվի ուղղությունը եւ առաջ շարժվենք, ոչ թե ամբողջ ուժն ու ռեսուրսը օգտագործենք չխորտակվելու վրա»,-նշում է Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Արա Այվազյանը: Գտնված լուծումները, ըստ նրա, ժամանակավոր են ու պոպուլիստական, այնինչ հրաշալի մասնագետներ ունենք, որոնց գիտելիքն ու փորձը կօգնի գտնել հաջողության հասնելու ամենակարճ եղանակը:

Նախկին առողջապահության նախարար, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն էլ Հայաստանում գործող բժշկությունը անվանում է կոտեջային: Շատ լավ բժիշկներ կան, լավ մասնագետներ, որոնց նման ունենալը կերազի ցանկացած երկիր, բայց բոլորն էլ գործում են առանձին, յուրաքանչյուրն ինքն է որոշում, որ ուղղությամբ շարժվի:

«Առողջապահությունը, ինչպես կոտեջներ, բաժանված է տարբեր ուղղությունների: Յուրաքանչյուր կոտեջ գործն անում է ինչպես կարողանում, ինչ ուղղությամբ, որ ցանկանում է: Առողջապահության ֆրագմենտալ լինելը մեր համակարգային լրջագույն խնդիրն է: Հիվանդը մեկ տեղից պետք է մտնի եւ դուրս գա առողջացած, Հայաստանում դժբախտաբար դա բացակայում է»,-ընդգծում է նա:

Լուծումը մեկն է. պետք է ընտրել որոշակի ճանապարհ, հստակ քարտեզ գծել եւ պարտադրել բոլոր բուժհիմնարկներին գնալ այդ ուղղությամբ: Հաջողության հասնելու համար, ի դեպ, անհրաժեշտ է, որ այսօր ընդունվող որոշումները, օգտագործվեն նաեւ հաջորդ կառավարությունների կողմից: Հակառակ դեպքում կկորցնենք նաեւ այն ինչ ունենք այսօր, վստահ են բժիշկները:

«Եթե այս նույն տեմպերով շարունակվի առողջապահության ոլորտի բարձիթողի վիճակը մեր երեխաները եւ թոռները չեն կարողանալու բուժվել Հայաստանում: Սոցիալական խնդիրների արդյունքում համակարգը գնալով կթուլանա, կշարունակվի բժիշկների արտագաղթը եւ մեր թոռները ստիպված կլինեն բուժվել առնվազն Վրաստանում: Լուծումը մեկն է, ոլորտի բարեփոխումները պետք է սկսել արդեն այսօրվանից»,-մտավախություն է հայտնում Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:

Ընտրել որեւէ երկրի առողջապահական մոդել, թե ստեղծել մերը՝ միքսելով խորհրդային միությունից մնացած ժառանգությունն ու նոր լուծումները: Որ տարբերակն էլ ընտրելու լինենք, ֆինանսական բավարար միջոցներ են անհրաժեշտ՝ համակարծիք են բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ակումբում հավաքված բժիշկները: Անվճար բժշկություն գոյություն չունի ամբողջ աշխարհում: Հայաստանում ներդրված սոցիալական ապահովագրության առողջապահական սեկտորն էլ իրեն բոլորովին չի արդարացնում: Բժիշկները օրինակներով են ապացուցում: Սոցփաթեթում ընդգրկված է, օրինակ, տղամարդկանց վահանաձեւ գեղձի հետազոտությունը: Այս խնդրի զարգացումը տղամարդկանց մոտ, ինչպես հայտնի է աննշան տոկոս է կազմում: Ստացվում է պետությունը տարիներով ավելորդ գումար է ծախսում, բայց սայլը տեղից առաջ չի շարժվում:

Գաստրոէնտերլոգ Հայկ Մանասյանի կարծիքով Հայաստանի առողջապահական համակարգը զարգացած երկրներից տարբերվում է երկու ուղղությամբ: Առաջնայինը կրթականն է: Ֆրանսիայի օրինակն է բերում. յուրաքանչյուր մարդ միայն երկու անգամ իրավունք ունի դիմելու բժշկական համալսարան: Համալսարանի երկրոդ կուրսից սկսած ուսանողները կատարում են բարդ վիրահատություններ: Մեր կրթական սիստեմում դա բացակայում է: «Երկրոդը լրջագույն խնդիրը շահերի բախումն է : Մինչ այսօր չեն հասկանում, որ դեղ ներմուծող ընկերությունը չպետք է ունենա դեղատուն: Մեզ մոտ քիչ է մնում հիվանդանոցը ցորեն աճեցնի ու հաց թխի հիվանդների համար: Օրինակ բերեմ չորս կլինիկա աչքի լազերային վիրահատություն է անում Հայաստանում մի հատը լիովին բավական է, չունենք այդքան հիվանդ, որ չորս կլինիկայի անհրաժեշտություն լինի»,- ասում է ակնաբույժը:

«Բժիշկները ուզում են գնահատված լինել, հիվանդները ուզում են, չհիվանդանալ եւ հիվանդանալու դեպքում էլ իրենց արագ եւ անվճար բուժեն…. Իսկ ի՞նչ է անում նախարարությունը, ըստ իս՝ ոչ մի բան: Ադմինիստատիվ ինչ որ բաներ, որ ոչ ոքի չի օգնում: Նախարարությունը բացի բարդություններից ոչ մի բան չի անում… օրենքներ է ստեղծում, ինչ որ թղթեր են տանում բերում, որը ֆինանսվորվում է պետության կողմից: Մարդիկ գումար են ստանում ոչ մի բանի դիմաց: Կառաջարկեի, որ այդ նախարարությունը ընդհանրապես չլիներ: Կրթական մասը փոխանցեին կրթության նախարությանը, իսկ ֆիանսական մասը սոցիալական ապահովության նախարարությանը»,-լուծման իր տարբերակն է առաջարկում Դոկտոր ԲԳ կլինիկայի տնօրեն Բաբկեն Ղազարյանը:

Բժիշկները տարբեր ելքեր են առաջարկում, պետք է ներդնել պարտադիր բժշկական ապահովագրություն բոլորի համար եւ հետեւողական լինել, որ այն աշխատի: Պետք է ստեղծվի առողջապահական ապահովագրության ազգային պետական գործակալություն, որը չի ժխտի մասնավոր ապահովագրական ընկերությունների գոյությունը: Պետք է Հայաստանում հարգված լինի բժշկությունը, որպեսզի կանխվի բժիշկների արտագաղթը, պետք է ճիշտ օգտագործվի պետությունից հատկացված գումարները…. Պետքեների շարքը երկար կարելի է շարունակել…Իսկ մինչ այդ հիվանդանալուց առաջ Հայաստանում ապրող քաղաքացին պետք է լավ ծանր ու թեթեւ անի, հիվանդանոցի դուռը թակելուց առաջ էլ հաշվի ու վերահաշվի գրպանի պարունակությունը:

Այս խորագրի վերջին նյութերը