Մեկնաբանություն

27.09.2018 10:50


Հայկական հեղափոխությունն՝ ընդդեմ Պուտինի՞ (տեսանյութ)

Հայկական հեղափոխությունն՝ ընդդեմ Պուտինի՞ (տեսանյութ)

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը թեև առաջնորդվում է բացառապես ներքաղաքական օրակարգով, սակայն, մի շարք հանգամանքներով պայմանավորված, ուղղված է ՌԴ նախագահ Պուտինի գլխավորած իշխանական էլիտայի դեմ (նաև՝ Լուկաշենկոյի, Նազարբաևի գլխավորած էլիտաների դեմ): Այդպես ստացվել է:

Ստորև կներկայացնենք, թե ինչու է այդպես ստացվել:

«Москва слезам не верит»

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ թավշյա հեղափոխությունը չունի արտաքին քաղաքական բաղադրիչ, օրակարգում չունի արտաքին կողմնորոշումների հարց և չեն լինելու արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություններ: Այո՛, դա այդպես է: Այդ առումով մեզ մոտ ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունը տարբերվում է Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած «գունավոր» հեղափոխություններից, որոնց հիմքում արևմտամետ և կոշտ հակառուսական կողմնորոշումն էր:

Խնդիրն այն է, սակայն, որ հայկական հեղափոխությունը, չունենալով հանդերձ արտաքին քաղաքական վեկտորի բաղադրիչ, միևնույն ժամանակ ունի արտահանվելու մեծ պոտենցիալ, և այդ առումով նյարդայացնում է ԵԱՏՄ անդամ պետությունների իշխող էլիտաներին ու թշնամացնում նրանց Հայաստանի դեմ:

«Хотим как в Армении» (ուզում ենք Հայաստանի պես) կարգախոսն օգտագործվում է ռուսական, բելառուսական, ղազախական այն ընդդիմադիր շրջանակների կողմից, որոնք դեմ են Պուտինի, Լուկաշենկոյի, Նազարբաևի իշխանությանը և ձգտում են իշխանափոխության:

Ռուս հասարակության ճնշող մեծամասնության համար ընդունելի չէին հակառուսական վեկտոր ունեցող «գունավոր» հեղափոխությունները, իսկ ահա հայկականը դրական էմոցիաներ է առաջացրել, քանզի արտաքուստ չունի հակառուսական ուղղվածություն:

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նիկոլփաշինյանների համար հայաստանյան հեղափոխության հաջողակ պատմությունը ոգևորիչ է դարձել և կրկնօրինակելու ձգտում առաջացրել: Սա տեսնում են ԵԱՏՄ մայրաքաղաքներում և թշնամաբար տրամադրվում Հայաստանի դեմ:

Հեղափոխության օրերին Հայաստանում գտնվող ռուս ընդդիմադիր բլոգեր և հակապուտինական քարոզչության առաջամարտիկ Ռոմանովը հիմա անընդհատ առաջ է տանում այն գիծը, որ եթե ստացվել է Հայաստանում, ապա կստացվի նաև Ռուսաստանում (տե՛ս կից տեսանյութը): Սա լրջորեն անհանգստացնում է ՌԴ իշխանական շրջանակներին, ինչը մեզ համար հղի է անկանխատեսելի հետևանքներով:

ԵԱՏՄ տարածքում, փաստորեն, հայկական հեղափոխությունը յուրօրինակ նմուշ է դարձել: Դա է պատճառը, որ որքան էլ հայկական նոր իշխանությունները իրենց հավատարմությունն են հայտնում ԵԱՏՄ-ին ու պուտինյան Կրեմլին, միևնույն է՝ առկա է, այսպես ասած, դասակարգային տարբերություն հայաստանյան և ռուսական էլիտաների միջև ու լարվածությունը չի թուլանալու այնքան ժամանակ, մինչև որ սիմետրիա հաստատվի: Այդ տարբերությունը բավական վտանգավոր իրավիճակ է ստեղծում, քանզի փոքր համակարգը փորձում է քաղաքական մոդա թելադրել մեծ համակարգին: Ըստ այդմ՝ հայ ժողովուրդը, իր կամքից անկախ, ներքաշվել է ներռուսական, ներբելառուսական, ներղազախական քաղաքական զարգացումների մեջ:

Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն ցանկանում է Պուտինի հետ անձնական ջերմ և հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ հաստատել: Փաշինյանի ցանկությունն այնքան մեծ է, որ նա նույնիսկ ընկնում է մյուս ծայրահեղության մեջ ու փորձում այդ առումով գերազանցել Սերժ Սարգսյանին: Սակայն որքան էլ անկեղծ լինեն այդ ջանքերը, միևնույն է դրանք մեծ հաշվով ոչինչ չեն փոխելու, ինչպես որ ոչինչ չէին կարող փոխել բոլշևիկյան Ռուսաստանի և կապիտալիստական երկրների ղեկավարների ու պետությունների հարաբերությունները:

Մարտավարական առումով ԱՄՆ-ը և Անգլիան 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ համագործակցեցին ստալինյան ՍՍՀՄ-ի հետ, բայց միևնույն է մնացին դասակարգային հակառակորդներ ու պատերազմի ավարտից հետո «սառը» պատերազմի մեջ մտան ՍՍՀՄ-ի հետ ու դա տևեց մինչև ՍՍՀՄ փլուզումը:

Փաշինյանն այլ միջավայրի ծնունդ է և դա անընդհատ իրեն զգացնել է տալու ԵԱՏՄ-ում: Դասակարգային տարբերությունները հակասության, այլ ոչ թե համագործակցության աղբյուր են:

Թե ինչպիսի սցենարներ կլինեն և ինչպիսին կլինեն հայ-ռուսական հարաբերություններն այս ամենի արդյունքում, առավել մանրամասն կքննարկենք մեկ այլ հոդվածի շրջանակներում: Հստակ է մեկ բան, որ հեղափոխության արտահանումը անընդունելի է համարվում Կրեմլում: Երևանում այդպիսի ծրագրեր չունեն, բայց դարձել են ԵԱՏՄ տարածքում հեղափոխությունների կատալիզատորի գործիք, որից չի վարանում օգտվել ՌԴ-ի հետ հակամարտության մեջ գտնվող ԱՄՆ-ը:

Էլիտաների «դասակարգային» տարբերությունները կարող են տեղափոխվել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների հարթակ և պատճառ դառնալ լուրջ սրացումների՝ սպառնալով մեր անվտանգությանը:

Սովորել գոնե սեփական սխալների վրա

Նախորդ դարասկզբում մենք հայտնվել ենք նմանատիպ իրավիճակում: Պետք է նույն բանը թույլ չտալ, քանզի այս անգամ հետևանքները կարող են անդառնալի լինել: Անհրաժեշտ է գոնե սեփական սխալների վրա սովորել:

Տեղին է նաև հիշեցնելը, որ 1991-ին ՍՍՀՄ բանակի ու ադրբեջանական ՕՄՕՆ-ի մասնակցությամբ տեղի ունեցած «Кольцо» («օղակ») օպերացիան, որի արդյունքում մենք կորցրեցինք Գետաշենն ու Մարտունաշենը, հետևանք էր Երևանի ու Մոսկվայի միջև առաջացած ասիմետրիայի, այսպես ասած՝ դասակարգային հակասության:

Այս ամենը հաշվի առնելով և պատմությունից դասեր քաղելով՝ անհրաժեշտ է գործել ԽԵԼՔՈՎ:

#ԽԵԼՔՈՎ

Նախորդ ռեժիմը մերժելի էր Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնության կողմից: Անարդարությունը խեղդում էր բոլորիս և տեղի ունեցավ հեղափոխություն, որի արտահանվելու ներքին պոտենցիալը, հասկանալի պատճառներով, լրջորեն նյարդայնացրել է Պուտինի գլխավորած էլիտային ու ռուսական պրոկրեմլյան մեդիան չի թաքցնում այդ հանգամանքը: Այդ «ներվը» մեծ հնարավորություններ է բացել Ալիևի համար՝ ռուսական իշխող շրջանակներին ադրբեջանամետ դարձնելու և մեր գլխին նոր «Кольцо» բերելու համար:

Մեր օրակարգային կետերը տվյալ դեպքում հետևյալը պետք է լինեն՝ ինչպես անել, որպեսզի

-նախորդ ռեժիմը Հայաստանում չվերականգնվի,

-հայկական հեղափոխությունը չշեղվի իր հռչակած սիրո և հանդուրժողականության բանաձևից ու հնարավորություն տա մեր երկրին զարգանալ, այլ ոչ թե մխրճվել 37 թիվ հիշեցնող «ստուկաչական» ու «դանոսչիկական» միջավայրի մեջ,

բացի այդ՝

-կարողանանք հանել այն «ներվը», որը հեղափոխությունից հետո առկա է մեր անվտանգության ապահովման գլխավոր ու բնական դաշնակից Կրեմլում,

-հայ-ռուսական հարաբերությունները դարձնենք ոչ թե կոնֆլիկտային, այլ դաշնակցային՝ հավասարը հավասարի հետ հարաբերություններ,

-թույլ չտանք Ադրբեջանին հայկական հեղափոխության դեմ Կրեմլի տրամադրվածությունն օգտագործելով՝ Հայաստանի նկատմամբ հասնել դիրքային առավելության:

Սրանք «դուխով» լուծվող հարցեր չեն: ԽԵԼՔ է պետք:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը