Տնտեսական

27.09.2018 18:33


Կառավարությունը 32 մլն դրամ կտրամադրի ՔԿՀ-ներին

Կառավարությունը 32 մլն դրամ կտրամադրի ՔԿՀ-ներին

ՀՀ կառավարությունը քրեակատարողական հիմնարկներին կտրամադրի 32 մլն դրամ՝ տեխնիկա գնելու ու վերանորոգման աշխատանքների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում այսպիսի որոշում կայացվեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի առաջարկով:

18 միլիոն դրամ կտրամադրվի 40 համակարգիչ, 20 տպիչ սարք, UPS համակարգեր և այլ տեխնիկա ձեռք բերելու համար:

«Մոտ 10 տարի ՔԿՀ-ում օգտագործում են հին համակարգիչներ՝ «Պենտիում 3», «Պենտիում 4» համակարգիչներ, որոնց պահեստամասերն արդեն շահագործումից դուրս են եկել, որոնց համակարգչային ծրագիրը չի սպասարկվում»,-նշեց Հովհաննիսյանը:

Որոշման նախագծով՝ 14 մլն դրամ կտրամադրվի շինաշխատանքների նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմման համար:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում շատ վատ վիճակում են ջրահեռացման համակարգերը, և անհրաժեշտ է դրանց վերակառուցման աշխատանքները կատարել՝ մենք նախատեսում ենք 14 միլիոն դրամ շինաշխատանքների նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմման համար և հետագայում արդեն կփորձենք գումար հայթայթել՝ բուն շինարարական աշխատանքները կատարելու համար»,-ասաց փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը