Մեկնաբանություն

28.09.2018 11:18


Ինչո՞ւ 57 տոկոսը տանից դուրս չեկավ

Ինչո՞ւ 57 տոկոսը տանից դուրս չեկավ

Երևանի ավագանու ընտրություններին բազմաթիվ գնահատականներ են տրվել: Հիմնական կարծիքն այն է, որ «Իմ քայլը» դաշինքի ստացած մոտ 300 հազար ձայնը հեղափոխական գործընթացի վերահաստատման քվեարկություն էր՝ հանրաքվե: Իսկ վերահաստատելու կարիք էր առաջացել ընտրողների մոտ, քանզի երևանցիների այդ հատվածին կարողացան վախեցնել, որ եթե հանկարծ «Իմ քայլը» 80-90 տոկոս ձայն չհավաքի, ապա «հակահեղափոխությունը» գլուխ կբարձրացնի:

Հույզերով ու միֆերով առաջնորդվող այդ զանգվածը 80-ից ավելի տոկոս ապահովեց Նիկոլ Փաշինյանի առաջարկած թիմին, որին, ի դեպ, չի էլ ճանաչում:

81 տոկոսն, իհարկե, տպավորիչ էր, և հիմա «Ոսկե ձկնիկը» հեքիաթի ծերուկի պես ՔՊ-ն ուզում է նաև արագացված ռեժիմով խորհրդարանում նույն տոկոսները «խփել»՝ «հեղափոխական ախորժակը ուտելիս է բացվում» թեմայով:

«Բոլորին դեմ եմ»

Նկատենք, որ 81 տոկոս տպավորիչ թվի կողքը կան մեկ այլ տպավորիչ թվեր:

Ինչպես հայտնի է, ընտրություններին չի մասնակցել ընտրական իրավունք ունեցողների շուրջ 57 տոկոսը: Եթե «Իմ քայլի» ստացած տոկոսները դիտարկենք ընդհանուրի մեջ, ապա կստանանք 35 տոկոսի չափ քվե: Մնացած 65 տոկոսը հիմնականում տանից դուրս չեն եկել: 6518-ը իր քվեն տվել է ավագանու ընտրություններին մասնակցող 12 ուժերից 11-ին, իսկ մնացածը գերադասել են չմասնակցելը, այսինքն՝ յուրօրինակ ձևով քվեարկել են «բոլորին դեմ եմ»-ի օգտին:

Ասել, որ տանից դուրս չեկողները, այսպես կոչված, հակահեղափոխության կողմնակից են եղել, սխալ է: Դա այն լսարանն է, որի մեծամասնությունը կողմ էր նախորդ ռեժիմի մերժմանը, բայց կողմ չէ հեղափոխության սեփականաշնորհմանը մեկ ուժի, ավելի ճիշտ՝ մեկ հոգու կողմից:

Ինչո՞ւ տանից դուրս չի եկել ընտրողների մեծամասնությունը

և ո՞ւմ քվեներն են դրանք

Եթե մի կողմ թողնենք մշտապես պասիվ և քաղաքական աբսենտիզմով (բացակայությամբ) տառապողների 15-20 տոկոսանոց զանգվածին, ապա մյուսների վարքագիծը հուշում է, որ նրանք ճնշող մեծամասնությամբ «Իմ քայլի» էլեկտորատը չեն ներկայացնում, քանզի Նիկոլ Փաշինյանի վարած քարոզարշավն առավելագույնս համախմբել է իր էլեկտորատին և նրանք գնացել են ընտրատեղամաս:

Ասել, թե ում քվեներն են մնացել տանը, դժվար է, բայց հաստատ կարելի է ասել, որ դրանք վարչապետինը չեն:

Հեղափոխական ալիքի պայմաններում քվեարկության մասնակիցների ցածր տոկոսը հուշում է, որ ընտրատեղամաս չգնացողները հականիկոլական կամ այլընտրանքային ուժ են փնտրել ավագանու ընտրություններին մասնակցող 11 ուժերի մեջ, բայց չեն գտել ու անիմաստ են համարել մասնակցությունը:

Ավագանու ընտրություններին մասնակցող 11 ուժերը փորձեցին արդարանալ, որ իրենք «սև» չեն, ինչը նրանց բոլորին, բացառությամբ՝ 2-3 անհատի, դարձրեց մոխրագույն, ու ընտրությունների արդյունքում մոխրի վերածեց:

Երևանում տեղի է ունեցել ընտրություն՝ առանց ընդդիմադիր ուժի: Հենց այդ ընդդիմադիր ուժի բացակայությունն էլ ստիպել է տանից դուրս չգալ մշտապես ընդդիմադիր քվեարկող երևանցիների մեծամասնությանը: Սա նշանակում է, որ սուրբ տեղը դատարկ չի կարող մնալ և այդ բացը կլրացվի. քվեարկությանը չմասնակցած քաղաքացիները գործադիր իշխանությանը հակադիր ուժ ստեղծելու պահանջ են ձևակերպել:

Այս ամենը շատ լավ հասկանում են «Քաղաքացիական պայմանագրում» և դա է պատճառը, որ շտապում են արտահերթ ընտրություններ անցկացնել, որպեսզի ՀՀ քաղաքացիները, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ընտրություն կատարելու հնարավորություն չունենան և ԱԺ-ում 80-տոկոսանոց պատկերը կրկնվի:

Այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ են և կա դրա հանրային պահանջ, միանշանակ է: Բայց պետք է ամեն ինչ անել, որ քաղաքական դաշտում հին մենաշնորհի փոխարեն, նոր՝ շատ ավելի անվերահսկելի մենաշնորհ չստանանք:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը