Լրահոս

28.09.2018 17:16


Ուրցաձորցիները պահանջում են համայնքապետի հրաժարականը

Ուրցաձորցիները պահանջում են համայնքապետի հրաժարականը

Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը:

Բողոքավորները պնդում են, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել:

Մասնավորապես նշում են, որ գյուղապետարանի նախկին շենքն այժմ Անդրեասյանի առանձնատունն է: Վերջինս պնդում է, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում:

Գյուղացիները ասում են նաև, որ գյուղապետն ու իր ընտանիքը տնօրինում են համայնքի վարձակալական հողերի նշանակալի մասը:

Գյուղապետարանի մոտ հավաքվել են նաև գյուղապետի աջակիցները, որոնք գոհ են Անդրեասյանի աշխատանքից, ասում են, որ նա գյուղապետարանի նոր շենք է կառուցել, շուտով կսկսի գործել մանկապարտեզը:

Նշենք, որ 5 հազար բնակիչ ունեցող խոշորացված համայնքի բյուջեն կազմում է շուջ 120 մլն դրամ:

Գյուղապետի հրաժարականը պահանջողները հայտարարում են, որ չեն դադարեցնելու բողոքի ակցիան, մինչև Անդրեասյանի չհրաժարվի պաշտոնից: Նրանք մերժեցին համայնքի ղեկավարի առաջարկը՝ գյուղապետարանի շենքի դահլիճում քննարկել խնդիրները:

Գյուղապետն ու նրա աջակիցները, մինչդեռ, հայտարարում են, որ հրաժարականի պատճառներ չկան:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը