Լրահոս

03.10.2018 16:56


Նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստեր՝ Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում

Նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստեր՝ Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով:

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան տարածաշրջանի Արևիկ, Շիրակ, Կամո, Ոսկեհասկ, Ջաջուռավան և Կառնուտ գյուղերի բազմաթիվ բնակիչներ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 3 աշխատակիցներ իրենց հասանելիք նպաստները ստանալու, դրանց վճարումը շարունակելու համար իրենցից պահանջել և անձամբ ստացել են ապօրինի վարձատրություն:

Հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 3 աշխատակիցների կողմից 2008-2018թթ., տարբեր ժամանակահատվածներում, սոցիալական անապահովության նպաստից օգտվող 14 շահառուների օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այսինքն նպաստառուների ցուցակում նրանց ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի՝ 5.082.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով առերևույթ ձեռք են բերվել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու հանցավոր արարքների հատկանիշների մասին վկայող բավարար տվյալներ և անհրաժեշտ է կատարել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն, ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 4-ին մասի 2-րդ կետով, 3121-րդ հոդվածի 1-ին մասով և 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը