Լրահոս

04.10.2018 17:00


Արցախի տարածքում գրանցվել է 3 և ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ

Արցախի տարածքում գրանցվել է 3 և ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2018 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Արցախի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից այն տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ Արցախի Հանրապետությունում` Մարտակերտ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է յոթ երկրաշարժ: Սեպտեմբերի 27-ին և 30-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Թուրքիայում, համապատասխանաբար Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևելք և Պատնոս քաղաքից 32 կմ հարավ-արևելք: Հոկտեմբերի 1-ին 3 բալ ուժգնությամբ երկու ստորգետնյա ցնցում է գրանցվել համապատասխանաբար Թուրքիա-Իրան սահմանային գոտում` Չալդրան քաղաքից 26 կմ հարավ-արևելք և Վրաստանում` Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք: Մնացած երեք երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում: Հոկտեմբերի 1-ին և 2-ին 3 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկու երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են Զաքաթալա քաղաքից 16 կմ շառավղով սահմանափակված տարածքում, իսկ հոկտեմբերի 3-ին` 4 բալ ուժգնությամբ Գյանջա քաղաքից 27 կմ դեպի հյուսիս:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է չորս երկրաշարժ: Սեպտեմբերի 28-ին 6.1 և 7.4 մագնիտուդով ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի կղզու Պալու քաղաքից համապատասխանաբար 59 կմ և 76 կմ դեպի հյուսիս, որոնց հետևել են 5 և ավելի մագնիտուդով 20 երկրաշարժ: Երկրաշարժերի հետևանքով առաջացած ցունամիի ալիքի բարձրությունը հասել է 5-7 մետրի: Պալու քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել է: Երկրաշարժերի և ցունամիի հետևանքով զոհվել է առնվազն 1407, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 2500 և տուժել 1.4 միլիոն մարդ: Ավերվել են տներ, ճանապարհներ, կամուրջներ, ընդհատվել են էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը: Երկրաշարժերի հետևանքով արթնացել է Սուլավեսի կղզու Սոպուտան հրաբուխը: Արտաժայթքող մոխրի սյան բարձրությունը հասել է մինչև 7 կիլոմետրի: Սեպտեմբերի 30-ին Ֆիջի կղզիների տարածքում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդով երկրաշարժ: Հոկտեմբերի 1-ին ևս մեկ ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով` Սումբա կղզու Վայնգապու քաղաքից 88 կմ դեպի հարավ, որին հետևել է 5.9 և 5.6 մագնիտուդով երկու հետցնցում:

Այս խորագրի վերջին նյութերը