Լրահոս

06.10.2018 08:49


Հայաստանում այսօր սգո օր է հայտարարված

Հայաստանում այսօր սգո օր է հայտարարված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում հայտարարվել է սգո օր։ Սգո օր է հայտարարված նաև Արցախի Հանրապետությունում։

Հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկվել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը՝ խոնարհել պետական դրոշը: Արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում ՀՀ դեսպանություններում ու հյուպատոսություններում բացվել են սգո մատյաններ: Երկրում և հեռուստատեսային եթերում դադարեցվել են զվարճալի և ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:

Երեկ Փարիզում տեղի ունեցավ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությունը։ Նրա մարմինը դուրս բերվեց դուդուկի հնչյունների ներքո։

Հիշեցնենք, ինչպես հայտնել էր Le Parisien-ը, լեգենդար շանսոնյեն մահացել է թոքերի այտուցից: Սա են հաստատել Նիմի բժշկական ինստիտուտում անցկացված դիահերձման արդյունքները: Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը տեղեկացրել է, որ Ազնավուրը մահացել է բնական մահով՝ սրտի և շնչառական անբավարարության հետևանքով: Նա նշել է, որ ջրահեղձման վարկածը բացառվում է:

Շառլ Ազնավուրի մարմինը հայտնաբերվել էր Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ սենյակներից մեկին հարակից լոգարանում:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը