Քաղաքական

09.10.2018 18:17


Ստորագրահավաքին միացած պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել. Արմեն Աշոտյան

Ստորագրահավաքին միացած պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել. Արմեն Աշոտյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին միացած ՀՀԿ խմբակցության պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը որեւէ անուն չհայտնեց՝ ասելով, որ չի ուզում բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը: «Ոչ մի հայտարարություն մերկապարանոց չէ, թող այդ մարդիկ իրենք խոսեն ճնշումների մասին: Ակնհայտ է, որ նման ճնշումներ եղել են եւ առաջին անգամ, երբ 58 հոգանոց խմբակցությունից խմբակցությունը լքեցին մի շարք պատգամավորներ, եւ մենք դարձանք 50 հոգանոց, այս ընթացքում եւս ճնշումներ եղել են»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ վերջին իրադարձություններից հետո կուսակցությունից ու խմբակցությունից դուրս գալու դիմում չեն ստացել. «Այս ստորագրահավաքին միացած պատգամավորների մեջ դեռ չկան մարդիկ, որ հայտարարել են խմբակցությունից դուրս գալու մասին, չեմ բացառում, որ այդպիսիք կլինեն: Մեր տեսակետը նույնն է՝ արտահերթ ընտրություններ պետք են, բայց ժամկետները չպետք է լինեն ինքնանպատակ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը չհերքեց՝ դեռ երեկվանից մեկնարկած «հայտարարությունների շքերթը» քննարկել են, բայց այս հարցով խմբակցության նիստ կամ գործադիր մարմնի նիստ չի եղել: Աշոտյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, սակայն «խելամիտ ժամկետում»: «Այնպիսի ժամկետում, որը թույլ կտար բարեփոխել ընտրական օրենսգիրքը, եւ այդ ժամանակացույցը շատ պարզ էր ու հստակ, որ գնում ենք մայիս-հունիս»,- ասաց նա:

Աղբյուրը՝ armtimes.com

Այս խորագրի վերջին նյութերը