Քաղաքական

10.10.2018 10:45


Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը (տեսանյութ)

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը (տեսանյութ)

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 30-ի «Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N79-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Երևանի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N1 արձանագրությունը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի համապատասխան՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11.00-ին, Երևանի ավագանու նստավայրում՝ Երևանի Արգիշտի փողոցի 1 հասցեում, 5-րդ հարկում, ավագանու նիստերի դահլիճում տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը` հետևյալ օրակարգով՝

1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։
2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։
3. Հանձնաժողովների կազմավորում։
4.Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում։
5. Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

***

Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում այս մասին հայտարարեց առաջին նիստը վարող Լիլիթ Պիպոյանը: «Հիմք ընդունելով, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ»,-հայտարարեց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորեց ներկաներին Երևանի ավագանու առաջին նիստի կապակցությամբ: Նա ընդգծեց, որ շատ հուզիչ պահ է, իսկ ինքը երջանիկ է, որ ավագանու անդամները ներկայացնում են Երևանի բնակիչներին, ինչը տեղի է ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով: «Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորությունի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք, ի կատար ածել այն երազանքները, որ ունեն մեր երևանցիները: Եվ ես վստահ եմ, որ ավագանու այս կազմով մենք կանենք այնպես, որ մեր երևանցիները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան ժպտան: Ես կարևորում եմ այս պահը: Երևանի ավագանու կազմը ես ըստ խմբակցությունների չեմ տարբերակում, որովհետև մենք բոլորս պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի, մեր երևանցիների մասին»,-ասաց նա:

Դիմելով Երևանի ավագանու անդամներին՝ Հայկ Մարությանը հորդորեց միշտ ուշադիր լինել Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին, ահազանգերին, անհապաղ արձագանքել ու բոլոր հարցերը դնել ավագանու նիստի քննարկմանն ու դրանց անհապաղ լուծումներ տալ:

***

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված Երևանի ավագանու նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Նրա խոսքով`նիստին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական և հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչներ, պատվավոր հյուրեր:

Ավագանու առաջին նիստի ժամանակ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը: «Իմ քայլը» դաշինքից ընտրվեց Էդուարդ Ավետիսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Մարկոս Հարությունյանը, «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը