Մեկնաբանություն

10.10.2018 11:38


Ի՞նչ է սպասվում ԲՀԿ-ին

Ի՞նչ է սպասվում ԲՀԿ-ին

Գագիկ Ծառուկյանը քաղաքական «ջոկերի» կարգավիճակը վերջնականապես կորցրեց: Այդ կորուստն իրեն անպայման զգացնել է տալու թե՛ դրսում, թե՛ ներսում: Բայց դա արդեն Ծառուկյանի խնդիրն է:

Փաշինյանի ու Ծառուկյանի միջև կնքված գործարքի արդյունքում ապագա խորհրդարանի կառուցվածքն ու համամասնությունը գրեթե 100 տոկոսով կանխատեսելի է դառնում: Կունենանք կառավարության կողմից 100 տոկոսով վերահսկվող ԱԺ, ինչպես որ մինչև ապրիլի 23-ն էր: Պարզապես դերակատարները կփոխվեն ու մենաշնորհը կփոխարինվի գերմենաշնորհով:

Գործարքի ինտրիգը ԲՀԿ-ի ստանալիք կամ ԲՀԿ-ին տրվելիք տոկոսներն են:

Երևանի ավագանու ընտրություններում հայհոյանքային քարոզչագրոհի ենթարկված ու «սևացրած» ԲՀԿ-ի հետ, ըստ հանրությանը հրամցված հուշագրի, նոր իշխանությունը պատրաստակամություն է հայտնել համատեղ գործել ու բարձրացնել մարդու իրավունքների մակարդակը:

Նման բան էլի է եղել: Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ:

Տարբերությունն այժմ այն է, որ եթե նախկինում «հուշագրային» ճնշումներից հետո ԲՀԿ-ն կարողանում էր պահել 2-րդ քաղաքական ուժի դիրքերը, ապա այժմ դա շատ բարդ է լինելու, եթե չասենք ՝ անհնար:

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, այսպես ասած, նույն դասակարգից էին ու նրանց միջև լարվածությունը կրում էր ներդասակարգային ու ներտեսակային բնույթ: Ճիշտ է, Սարգսյանը կուզենար վերացնել Ծառուկյանի գործոնը, բայց 2015-ին դա անելուց հետո եղավ 2016-ի ՊՊԾ գնդի գրավումը, այսինքն՝ վակուումը լցվեց արմատական ուժով: Հենց դա էր պատճառը, որ 2017-ին Ծառուկյանը կրկին հետ վերադարձվեց քաղաքականություն:

Այլ է պատկերը Փաշինյան-Ծառուկյան հարաբերություններում: Տվյալ դեպքում գործ ունենք դասակարգային թշնամիների հետ, այսինքն՝ պայքարը միջդասակարգային բնույթ է կրում: Եթե Սարգսյանին Ծառուկյանը պետք էր գալիս որպես շանթարգել իր և հանրության միջև (հատկապես 2017-ին ԲՀԿ-ն այդ ֆունկցիան էր կատարում), ապա Փաշինյանին նման ֆունկցիա կատարող ԲՀԿ պետք չէ:

Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի մասով նոր իշխանություններն ունեն մինիմում և մաքսիմում ծրագրեր: Ծրագիր մինիմումը ԲՀԿ-ին 2-րդ քաղաքական ուժի կարգավիճակից զրկելն է: Ծրագիր մաքսիմումը՝ ԲՀԿ-ին արտախորհրդարանական ուժ սարքելն ու ժամանակի ընթացքում այն ոչնչացնելն է:

Այդ մաքսիմում և մինիմում ծրագրերի արանքում են «համագործակցելու» Փաշինյանն ու Ծառուկյանը:

Փաշինյան-Ծառուկյան գործարքի շահող կողմը, մի խոսքով, ակնհայտ է: Հանրության հեղափոխական զանգվածները մի փոքր դժգոհ են, որ փաստորեն հեղափոխության փողոցային գործընթացը դարձել է գործիք «թավշյա» գործարքների համար, բայց դա հեղափոխական զանգվածների, այլ ոչ թե Փաշինյանի խնդիրն է: Վերջինս գործում է հայաստանյան քաղաքական ավանդույթների շրջանակներում:

Զանգվածները ստերիլ բաներ են ուզում, բայց տեսնում են, որ տեղի են ունենում գործարքներ ու մի քիչ նյարդայնանում են, բայց ոչինչ, ժամանակի ընթացքում կսովորեն, որ եթե նախկինում թաքուն էին գործարքներ կնքվում, ապա այժմ երկրում իրավիճակ է փոխվել. գործարքներն արդեն կնքվում են բոլորի աչքի առաջ և հեղափոխական մարդկանց ակտիվ ներգրավմամբ (եթե չասենք՝ օգտագործմամբ): Կարևորը՝ «դուխո՛վ»:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը