Մեկնաբանություն

10.10.2018 13:50


Ո՞ւր կորան ընտրակեղծարարները

Ո՞ւր կորան ընտրակեղծարարները

Նիկոլ Փաշինյանի հայտարարած հակակոռուպցիոն պայքարը հանրային լայն աջակցություն է ստացել: Ճիշտ է, դեռևս որևէ կոռուպցիոն սխեմա չի բացահայտվել, բայց դե ամեն ինչ դեռ առջևում է: Ա՛յ, կունենա ՔՊԿ-ն խորհրդարանի 70 տոկոսն ու վերահսկելի 30 տոկոս ընդդիմադիրներին, կոռուպցիոն սխեմաները կբացահայտվեն մեկը մյուսի հետևից: Իսկ առայժմ գնում է պայքար հակահեղափոխության դեմ: Ու որքան շատ են պայքարում, այնքան հակահեղափոխականները դառնում են մոլի հեղափոխականներ ու պայքարելու բան չի մնում:

Կոռուպցիոն բացահայտումները, միգուցե, առջևում են, բայց կա կառուպցիայի տարատեսակ, որի բացահայտման սկիզբը պետք է դրվեր Փաշինյանի վարչապետ դառնալու հաջորդ օրը: Խոսքը՝ քաղաքական կոռուպցիայի մասին է, մասնավորապես՝ ընտրակեղծիքների մեխանիզմների ու ընտրակեղծարարների:

Փաշինյանն արդարացիորեն պնդում է, որ այս խորհրդարանը ձևավորվել է ընտրակեղծիքներով և հենց այդ պատճառով լեգիտիմ չէ ու պետք է արձակվի:

2017-ին ու դրանից առաջ խոսվում էր այն մասին, որ ընտրակեղծիքների հիմնական գործիքները եղել են կեղծ անձնագրերով ու ID-քարտերով կրկնաքվեարկություն ապահովելը (շրջիկ խմբեր), ինչպես նաև ընտրակաշառք բաժանելը: Իշխանափոխությունից հետո այդ գնահատականները կա՛մ պետք է հերքվեին, կա՛մ հաստատվեին: Նախկինում ասում էին, թե մինչև իշխանափոխություն չլինի, ընտրակեղծիքների մեխանիզմներն ու ընտրակեղծարարներին հնարավոր չի լինի բացահայտել ու քրեական ընթացք տալ այդ ամենին: Հիմա ունենք իշխանափոխություն: Եվ ի՞նչ:

Եթե չի եղել ընտրակեղծիք, ուրեմն խորհրդարանը օրինական է ձևավորվել, իսկ եթե եղել է, ապա պետք է բացահայտվեն դրանք առաջին հերթին: Այդ ամենը պետք է արվեր Երևանի ավագանու ընտրություններից առաջ ու առավելևս՝ պետք է արվի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ:

Հակառակ դեպքում ստացվում է, որ ոչ մի ընտրակեղծիք ու ընտրակեղծարար չի եղել, իսկ փող բաժանողների համբավ ունեցող ՀՀԿ-ական այն պատգամավորները, ովքեր լքում են խորտակվող նավակը, ոչ թե ընտրակեղծարարներ ու «առնետներ» են, այլ հպարտ քաղաքացիներին միացած հպարտ պատգամավորներ:

Ընտրակեղծիքներ եղել են ու բոլորս գիտենք այդ մասին, բայց ընտրակեղծարարները, կարծես, կորել են: ՀՀԿ-ական «տասովշիկները» հեղափոխության օրերին դարձել էին «թունդ հեղափոխական» ու ավտոմեքենաներով փողոց էին փակում՝ «քոքելով» ռաբիս երաժշտությունն ու փողոցում տժժացնելով խորովածը, իսկ ահա խոշոր ձկները մնացել են կադրից դուրս:

Ու որպեսզի հանկարծ կարծիք չձևավորվի, որ ընտրակեղծիքների մեխանիզմները ժառանգականության սկզբունքով ձեռքից ձեռք փոխանցվելու հատկություն ունեցող բաներ են, անհրաժեշտ է օր առաջ հստակություն մտցնել այս հարցում՝ եղե՞լ են, թե՞ չեն եղել ընտրակեղծիքներ: Եթե եղել են, ապա հայտնի ամբաստանյալի ասած՝ մեխն էլ է իշխանության ձեռքում, չագուչն էլ, և հետևաբար՝ ինչո՞ւ չկան բացահայտումներ:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Մինչև հեղափոխությունը հայտարարվում էր, որ Տիգրան Մուկուչյանը «թվանկարիչ» է և նրան պետք է հեռացնել: Հեղափոխությունից հետո նա դարձավ «գեղանկարիչ»: Ամեն ինչ կարգին է:

Մինչև հեղափոխությունը հայտարարվում էր, որ Սերժ Սարգսյանի վրայով կարվել են Սահմանադրությունը և վարչապետական գերլիազորությունները ու դա հակապետական է: Հեղափոխությունից հետո պարզվեց, որ այդ կոստյումը վատը չէ և կարելի է նույնիսկ այն կրել: Ամեն ինչ կարգին է:

Այս խորագրի վերջին նյութերը