Լրահոս

10.10.2018 18:54


Չարաշահումներ Ստեփանավանի սոցապում

Չարաշահումներ Ստեփանավանի սոցապում

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 25 անձ. պատճառված վնասը կազմում է ավելի քան 587 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած 25 անձի ինքնություն, ովքեր ներգրավվել են որպես մեղադրյալ։ Նրանցից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախնական քննության տվյալներով՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում չարաշահումները կրել են տևական բնույթ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսը: Իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է դրանց մեխանիզմը, այն է՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակում, ձևակերպվել ապօրինի նպաստներ, իսկ փոխանցված գումարը՝ յուրացվել:

Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 587.400.000 ՀՀ դրամ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, նշված առերևույթ հափշտակությունները կատարելիս, առանձին դեպքերում համագործակցել են նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:

Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ 25 անձի առնչության վերաբերյալ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 19-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ նշված գործի շրջանակներում մեղադրյալների կողմից վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամ: Ա.Ղարաքեշիշյանի և գործակալության աշխատակից հանդիսացող մյուս մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը