Մեկնաբանություն

11.10.2018 14:57


ՀՅԴ-ն կբոյկոտի՞ ընտրությունները

ՀՅԴ-ն կբոյկոտի՞ ընտրությունները

Արդեն իսկ հայտնի է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի առաջին կեսին: Խոսվում է դեկտեմբերի 9-ի մասին:

Թեև ընտրության մասնակիցների ցանկը հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ մեզ սպասվում են մոտավորապես այնպիսի ընտրություններ, ինչպիսիք ունեցանք 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո անցկացված Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:

Այն ժամանակ Սերժ Սարգսյանին հաջողվեց ձևավորել 100 տոկոսով վերահսկելի խորհրդարան, որտեղ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնում էին կոալիցիոն ուժերը, ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ին կցված ոչ կոալիցիոն ուժը, իսկ «Ելք» դաշինքը՝ Բ26-ին կցված ընդդիմությունը:

2017-ի խորհրդարանական ընտրություններով սպանվեց քաղաքական դաշտը և բնական էր, որ դրանից հետո մասնակցել Տարոն Մարգարյանին քաղաքապետ նշանակելու միջոցառմանը մյուս ուժերի համար իմաստ չկար: Ու պատահական չէ, որ 2017-ին ավագանու ընտրություններին մասնակցեց երեք ուժ և անկախ հավաքած տոկոսներից՝ այդ երեք ուժն էլ, օրենքով նախատեսված կարգով, ստացան ավագանու մանդատ:

Հիմա ունենք նույն պատկերը: Պարզապես տեղերն են փոխված: Երևանի ավագանու ընտրություններից հետո հետհեղափոխական Հայաստանի քաղաքական դաշտը կրկին ոչնչացվեց և հիմա խորհրդարանական ընտրությունները, որոնք հատուկ հաշվարկով արագացվեցին, վերածվում են Նիկոլ Փաշինյանին կից օրենսդիր մարմին ձևավորելու ֆորմալ միջոցառման, այնպիսի միջոցառման, ինչպիսին 2017-ի Երևանի ավագանու ընտրություններն էին:

Դեկտեմբերին կայանալիք միջոցառման արդյունքում ԱԺ-ում կհայտնվեն 4 ուժեր, քանզի հետհեղափոխական Հայաստանում կես դրույքով «Շվոնդեր» ու կես դրույքով «Շարիկով» աշխատող Դանիել Իոանիսյանի ստեղծած օրենքն է այդպես նախատեսել:

Բացի «Քաղաքացիական պայմանագրից», որի համար «կխփվի» 80-ից 90 տոկոս, ևս 3 ուժ կանցնի խորհրդարան, և ի տարբերություն նախորդ խորհրդարանի՝ մենք անգամ ձևական ընդդիմություն չենք ունենա. բոլորը կլինեն հավասար, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասար: Այս պատկերը պարզ է անգամ մանկապարտեզի երեխաների համար: Եվ զուտ սպորտային հետաքրքրություն է ներկայացնում, թե ո՞ր ուժերն են համաձայնելու ժողովրդավարության ֆոն ապահովել և մասնակցել նախապես որոշված արդյունքով այս միջոցառմանը:

Ասենք, որ մասնակիցներին սպասվում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները. բոլորը կերդվեն, որ իրենք հակահեղափոխական չեն, «սև» չեն ու կստանան իրենց զրոամբողջները և կմնան «բորդյուրին»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին, ապա ենթադրվում է, որ այդ ուժերը, ինչպես նաև որոշ ազդեցիկ ու հանրային կշիռ ունեցող սուբյեկտներ, որոնք, ի դեպ, ակտիվորեն կողմ են եղել իշխանափոխությանը, չեն մասնակցի առաջիկա միջոցառմանը: Ու միգուցե չմասնակցեն՝ բոյկոտելով:

Եթե ՀՀԿ-ի չմասնակցության առումով Փաշինյանը հազիվ թե մտահոգվի, ապա այլ է ՀՅԴ-ի դեպքում:

Եթե ՀՅԴ-ն բոյկոտի արտահերթ ընտրությունները, ապա դա կլինի ամենաանցանկալի սցենարը Փաշինյանի համար և սեփական «Ես»-ը պահելու շանսը՝ ՀՅԴ-ի համար: Պարզ է, որ վարչապետը չի նախատեսում խորհրդարանական 4 ուժերի մեջ տեսնել ՀՅԴ-ին: Նա ցանկանում է, որպեսզի ՀՅԴ-ն մասնակցի ընտրությանը և չանցնի խորհրդարան: Սա, թերևս, հասկանում են ՀՅԴ-ում: Թե ինչ որոշում կկայացնեն դաշնակցությունում, պարզ կդառնա առաջիկա օրերին:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը