Մեկնաբանություն

12.10.2018 14:11


Փաշինյանի մտքինն ու Մարությանի շուրթերինը

Փաշինյանի մտքինն ու Մարությանի շուրթերինը

Հայտնի խոսք կա: Ասում են՝ գյուղ մտիր, երեխայից բան իմացիր: Այդ խոսքի իմաստն այն է, որ երեխաները, հայտնի հերոս Գիքորի պես, ասում են մերկ ճշմարտությունը և բացահայտում մեծերի մտքին եղածը: Ու եթե ցանկություն կա իրական բան իմանալու, ապա երեխայից է պետք խոսք քաշել:

Ասում են նաև, որ ղեկավարները շատ հաճախ իրենց մտքերը պալատական ծաղրածուների միջոցով են փոխանցում թիմին ու հանրությանը:

Ծաղրածուի միջոցով, որպես կանոն, փոխանցվում են այն մտքերը, որոնք այնքան էլ պոլիտկոռեկտ չեն: Ծաղրածուի միջոցով ստուգվում է հանրային ռեակցիան: Եթե հանրությանը դուր չգան մտքերը, ապա այդ մտքի իրական հեղինակը ձեռնպահ կմնա այն իրեն վերագրելուց, իսկ եթե հանրային ռեակցիան նորմալ կամ չեզոք լինի, արդեն ծաղրածուի հայտնած մտքերը կյանքի կկոչի ղեկավարը:

Օրինակ՝ Ռուսաստանում պալատական ծաղրածուի ֆունկցիան կատարում է Ժիրինովսկին: Նրա միջոցով է Կրեմլը դրսի ու ներսի ռեակցիաները ստուգում այս կամ այն թեմայի վերաբերյալ: Ժիրինովսկուն վերապահված է նաև Կրեմլի ղեկավարի սրտից բխող հայհոյանք տվողի ֆունկցիան:

Հայաստանում էլ կա ծաղրածուի «ինստիտուտը»: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում կային մի քանի ՀՀԿ-ական շուլուխչիներ, որոնց միջոցով ՀՀԿ ղեկավարը հանրությանը փոխանցում էր իր ծրագրերը և նպատակները: Այդ մոդելով էր շրջանառության մեջ դրվել անփոխարինելիության մասին թեզը, Մելիք-Ադամյանով անցնող գործընթացների մասին պնդումը և այլն:

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք էլ կան մարդիկ, ում միջոցով վարչապետը ստուգում է հանրային կարծիքը կամ էլ նախապատրաստում այն՝ հետագայում սեփական բերանով հնչեցնելու համար:

Ապրիլի 23-ից հետո այս առումով բան չի փոխվել: Փոխվել են միայն դեմքերը: Գալուստ Սահակյանի կամ Արմեն Աշոտյանի փոխարեն հիմա Հայկ Մարությանն է դարձել ղեկավարի մտքերի բարձրաձայնողը:

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դերասան Հայկ Մարությանն իր առաջին քարոզչական ելույթում շրջանառության մեջ դրեց «սև-սպիտակային» հայեցակարգը: Ինչպես հետագայում պարզվեց, դրա հեղինակն անձամբ Նիկոլ Փաշինյանն էր:

«Սև-սպիտակային» քարոզչությունը զուտ տեխնոլոգիական առումով արդյունավետ էր, քանի որ հնարավորություն էր տալիս համախմբել նիկոլական ընտրազանգվածը՝ խաղից դուրս թողնելով մրցակիցներին:

«Սև-սպիտակային» քարոզչության միջոցով հնարավոր եղավ մարդկանց մոտ վախ ներշնչել ու «հակահեղափոխական» «Մեշոկ պապիի» դեմ հանել հուզականության գիրկը նետված ընտրազանգվածին:

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո նույն Հայկ Մարությանը հանրությանը փոխանցել է «իր» պատկերացումները իշխանության և ընդդիմության մասին: Ըստ Մարությանի՝ ընդդիմության կարիք չկա, քանզի իշխող թիմի ներսում կան ընդդիմադիրներ (ի դեպ, մեկ այլ դերասան Հովիկ Ազոյանը, ով ՔՊ-ի ցուցակով պատգամավոր է ուզում դառնալ, հայտարարել է, որ ինքը պատրաստվում է ՔՊ-ի ներսում ընդդիմություն լինել, այսինքն՝ իշխանություն-ընդդիմություն մոդելը փորձ է արվում կառուցել Հայկոյի ու Հովոյի գաղափարական վեճի տիրույթում, որտեղ Հայկոն իշխանությունն է, իսկ Հովոն՝ ընդդիմությունը):

Դժվար է ասել, թե սա հատո՞ւկ կազմակերպած արտանետում էր, թե՞ Մարությանը որպես քաղաքականապես մանուկ՝ պատահականորեն հանրությանը փոխանցեց «տան» խոսակցությունը:

Մարությանը, կամա թե ակամա, բացահայտեց, որ իր շեֆի պատկերացմամբ՝ Հայաստանում ընդդիմադիր ուժ չպետք է լինի: «Քաղաքացիական պայմանագիրը» ծրագրում է իրենով լցնել և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր դաշտը, իսկ մյուս քաղաքական ուժերը պետք է կատարեն ժողովրդավարական շղարշի ապահովման դերը, որը հետագայում կարող է նույնիսկ պետք էլ չգալ, քանզի ինչպես Մարությանը ասաց՝ իրենց ներսում շատ ավելի թեժ քննարկումներ են լինում, քան դա կարող էր լինել իրենց և ընդդիմադիր ուժերի միջև: Ի դեպ, այսպիսի անմեղ ու առաջին հայացքից լավ գաղափարներից հետո է ծնվում տոտալիտարիզմը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը