Լրահոս

15.10.2018 19:29


Գյուլբուդաղյանց. Պետք է կարողանանք վաղվա խաղով հետ բերել հույսը և հավատը

Գյուլբուդաղյանց. Պետք է կարողանանք վաղվա խաղով հետ բերել հույսը և հավատը

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 16-ին Ազգերի լիգայի խմբային փուլում կմրցի Մակեդոնիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Վաղվա խաղից առաջ կայացել է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը: Մասնագետը խոսքը սկսեց նրանից, թե ինչպիսի ելք է տեսնում այս իրավիճակից.

«Երկարաժամկետ ծրագիր է պետք. սկսած մանկապատանեկան դպրոցներից, որպեսզի մրցակցություն լինի և առաջադիմություն:

Ռեսուրս կա, երիտասարդական հավաքականում կան տղաներ, ովքեր կարող են գալ ու խաղալ ազգային թիմում: Այս փուլում արդյունք էինք ցանկանում ստանալ և այդ պատճառով հրավիրեցինք մի քանի փորձառու խաղացողներ, իսկ երիտասարդներին լավ խաղալու համար ժամանակ է պետք: Ընդհանրապես պետք է նոր՝ երիտասարդ ֆուտբոլիստներով համալրել հավաքականը»:

Վաղվա խաղում կազմի մասին.

«25 ֆուտբոլիստներ կան: Այո, կազմի մեջ փոփոխություններ կլինեն»:

Մարտավարության մասին.

«Իհարկե, կլինեն փոփոխություններ: Մակեդոնիան և Ջիբրալթարը շատ են տարբերվում միմյանցից: Վերլուծել ենք մրցակցի խաղը, կլինեն փոփոխություններ»:

Երկարաժամկետ ծրագրի մասին.

«Հայաստանում երկու-երեք ակումբ կա, որոնք մարզադպրոց ունեն, իսկ մարզադպրոցից հետո պետք է լինի ֆուտբոլի ակադեմիա, որը մենք չունենք: Ակադեմիա՝ իր մարզիչներով, ղեկավարներով, չկա այդպիսինը: Ցանկանում եմ, որ ակումբներն ունեն ակադեմիա: Մինչև 13-14 տարեկան ֆուտբոլիստներ ունենք, որոնք լավն են, սակայն մարզադպրոցից հետո նրանք պետք է մեկնեն ակադեմիա՝ միասին ապրելու, մարզվելու համար: Սա նորություն չէ, բոլոր երկրներում այդպես է: Այդ տարիքից հետո պետք է մեկնեն ակադեմիա, որպեսզի 17-18 տարեկանում կրթված լինեն, որպեսզի 20-21 տարեկանում փոխանցման որակից չխոսենք: Իսկ թե որպես գլխավոր մարզիչ ինչպես կարող եմ ազդել այդ ծրագրի վրա՝ չգիտեմ»:

Վաղվա խաղի մասին.

«Դաժան պարտությունից հետո ցանկանում ենք, որ մեր ֆուտբոլիստները լավ արդյունք գրանցեն: Կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: Ջիբրալթարի հետ խաղում մեր երկրպագուները մինչև վերջ մեզ աջակցում էին: Չկարողացանք արդարացնել նրանց սպասելիքները, պետք է կարողանանք վաղվա խաղով հետ բերել հույսը և հավատը»:

Ղեկավարության հետ հանդիպում եղե՞լ է պարտությունից հետո.

«Փոխնախագահների հետ հանդիպել եմ խաղից հետո: Մինչև հավաքականը գլխավորելն էլ խոսել ենք ղեկավարության հետ ընդհանուր ֆուտբոլի ու առաջիկա ծրագրերի մասին մասին»:

Վնասվածքների մասին.

«Մարկոսը մի փոքր վնասվածք ուներ, սակայն ապաքինվել է: Մկրտչյանն արդեն պատրաստվում է Մակեդոնիայի հետ խաղին»:

Թիմի ներսում լարվածության մասին.

«Ես նման բան չեմ նկատել: Հիանալի մթնոլորտ է թիմում: Հենց Յուրան և Հենրիխը երեկ ամբողջ մարզման ընթացքում միասին էին»:

Երիտասարների ու փորձառու խաղացողներով մրցակցություն ստեղծելու մասին.

«Իհարկե, միայն երիտասարդներեվ մրցակցություն ստեղծել պետք չէ: Պետք է փնտրենք խաղացողներ, որոնք կգան, կմրցակցեն: Արթուր Եդիգարյանին լավ եմ ճանաչում, պարզապես այս հավաքին կարծեցինք, որ հենց այս ֆուտբոլիստները պետք է հրավիրվեն հավաքական»:

Վերջում մեր մարզիչը խոսք ուղեց երկրպագուներին՝ խոսելով նաև Մխիթարյանի մասին.

«Շատ կցանկանայի, որպեսզի հավատը չկորցնենք: Աշխարհի բոլոր ակումբների մոտ էլ նման դեպքեր լինում են: Թիմի ավագն իր խաղով ապացուցում է ամեն ինչ: Դաշտում նա չի խնայում իրեն, եթե տեսնեք նաև նրա ցույց տված արդյունքները, ապա կհամոզվեք դրանում: Վստահ կարող եմ ասել, որ նա գալիս է, որպեսզի ուրախացնի երկրպագուներին: Երեկ էլ հանդիպել է FAF-ի անդամներին, զրուցել են ու ոգեշնչել նրանց»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը