Աշխարհ

16.10.2018 16:33


Թե ինչպես են հարստանում վրացի պաշտոնյաները․ լրագրողները պատգամավորներին և նախարարներին պատկանող էլիտար տներ են հայտնաբերել (լուսանկար)

Թե ինչպես են հարստանում վրացի պաշտոնյաները․ լրագրողները պատգամավորներին և նախարարներին պատկանող էլիտար տներ են հայտնաբերել (լուսանկար)

«Ռուսթավի-2» հեռուստաալիքն իշխող կուսակցության գործող և նախկին պաշտոնյաների ունեցվածք է հայտնաբերել, որը նրանք ձեռք են բերել արդեն այն բանից հետո, երբ «Վրացական երազանքն» իշխանության է եկել 2012թ-ի աշնանը։

Ճոխ տների նորաթուխ տերերի ցանկում են հայտնվել խորհրդարանի պատգամավորներն, Անվտանգության ծառայության ղեկավարը, մեկ դատավոր, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարը՝ մի մարդ, որն, ընդդիմությունում լինելով, մյուսներից ավելի շատ էր քննադատում նախկին նախագահ Սահակաշվիլիին և նրա իշխանությունն էլիտար կոռուպցիայի համար։

Հատկանշականն այն է, որ բոլոր շքեղ տների պաշտոնական տերերը պաշտոնյաների կանայք կամ այլ ազգականներն են։

Դրոնի միջոցով «Ռուսթավի-2»-ն այդ տները ցույց է տվել վերևից։

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան մինչ իշխանության գալը միայն երկու բնակարան ուներ, որոնք ձևակերպված էին նրա մոր անունով։ Նրա հայտարարագրում նշված է եղել Թբիլիսիում մի հողատարածք Դիղոմիի շրջանում, որը նրա կնոջ անունով էր ձևակերպված։

Այժմ նա շատ ավելի հարուստ մարդ է․ նախարարի կնոջ՝ Լանա Մանջգալաձեի անունով է ձևակերպված Դիղոմիի շքեղ երկհարկանի տունը՝ լրացուցիչ մանսարդային հարկով, մեծ բակով և մարզասրահով։ Ըստ փաստաթղթերի՝ այդ տունն Իզորիան կառուցել է, երբ ՆԳ փոխնախարար է եղել՝ մինչև 2015թ-ը։

изор

Պաշտպանության նախարար Լևան Իզորիայի տունը

Եվ դա դեռ ամենը չէ։ Եվս մեկ՝ 386 քառակուսի մետր մակերեսով ավելի թանկարժեք և նորաձև տան շինարարությունը Դիղոմիում (Թբիլիսիի թաղամաս), ավարտվել է 2018թ-ի սեպտեմբերին։ Այն նույնպես ձևակերպված է պաշտպանության նախարարի կնոջ անունով։

Փաստաթղթերից հետևում է, որ ճարտարապետը նախարարի խնդրանքով մի քանի անգամ փոփոխել է տան նախագիծը․ շտկվել է ճակատային հատվածը, ներկելու փոխարեն տունը քարով է երեսպատվել, նշում է Գրուզիա Օնլայնը։

2012թ-ին, երբ Իզորիան զբաղեցրեց Վրաստանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը, նա հայտարարում էր, որ իր գլխավոր նպատակներից մեկն էլիտար կոռուպցիայի դեմ պայքարն է։

Լինելով կառավարությունում և Վրաստանի նախկին արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն նույնպես իր համար նոր տուն է կառուցել։

Ջանելիձեն սկսել է սեփական տուն կառուցել Թբիլիսիի Կարբելաշվիլի եղբայրների փողոցում 2014թ-ին, երբ զբաղեցնում էր էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը։ Նախկին նախարարը ևս մեկ բնակարան ունի Թբիլիսիի հեղինակավոր Վակե թաղամասում, որը նույնպես ձեռք է բերվել իշխանությունում լինելու ժամանակ։

Պետանվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին պատկանող հողատարածքներն ու տունը տեսանկարահանել լրագրողներին թույլ չեն տվել։ Տունը պահպանում է անվտանգության շուրջօրյա ծառայությունը։ Գոմելաուրիի տունն ու հողատարածքները նույնպես նկարահանել են վերևից։

Գոմելաուրիի ունեցվածքի հայտարարարգրի համաձայն՝ 2013թ-ին նա Թբիլիսիում երկու բնակարան է ունեցել։

Այսօր այդ ցուցակը զգալիորեն ընդլայնվել է։ Նոր ձեռքբերված տներից մեկը գտնվում է Թբիլիսիի արվարձանում գտնվող Թաբախմելա հեղինակավոր ամառանոնցային ավանում։ Անշարժ գույքը նույնպես նրա կնոջ անունով է ձևակերպված։ Բացի այդ, այդ նույն թաղամասում 858 և 2 հազար քառակուսի մետր մակերեսով ևս երկու հողատարածք կա, որոնք, ինչպես նշում են հարևանները, նույնպես պատկանում են Գոմելաուրիին։ Այդ տարածքում շինարարության նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

Այդ նույն ավանում, սակայն ավելի համեստ տանն է ապրում նաև դատավոր Մանանա Կոբախիձեն՝ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորը և 2012-2016թթ-ի փոխխոսնակը։ Ամառանոցային հմայիչ տունն իր հողատարածքով Կոբախիձեն ձեռք է բերել 2017թ-ին, երբ խորհրդարանից տեղափոխվել է Սահմանադրական դատարան։

Մեծ և նոր ձեռքբերված ունեցվածք է հայտնաբերվել նաև Պաշտպանության և անվտանգության խոհրդարանական կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիի մոտ։ Նրան է պատկանում Դիղոմիում (Թբիլիսիի թաղամաս) հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում 310 քառակուսի մետր մակերեսով տունը։ Լրագրողները նշում են, որ, դատելով վերևից արված կադրերից, Սեսիաշվիլին «ամենահարուստ առանձնատունն» ունի․ բակում լողավազան կա, իսկ տանը՝ մի քանի մեծ պատշգամբ։

сеси

Պատգամավոր Իրակլի Սեսիաշվիլիի տունը

Նրան չի զիջում նրա խորհրդարանական գործընկեր, պատգամավոր, «Պահպանողականներ» խմբակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին։

Մինչև 2012թ-ը միակ անշարժ գույքը, որը Թբիլիսիում ուներ Ձիձիգուրին և նրա ընտանիքը, Չոլոխաշվիլիի փողոցում 130 քառակուսի մետր մակերեսով բնակարանն էր։ 2018թ-ի գույքային հայտարարագրից պարզ է դառնում, որ Պահպանողական կուսակցության առաջնորդը մայրաքաղաքում եռահարկ տուն է կառուցել 685 քառակուսի մետր տարածքում։

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը