Մեկնաբանություն

16.10.2018 12:45


Իսկ ինչո՞ւ ոչ Հունան Պողոսյանը

Իսկ ինչո՞ւ ոչ Հունան Պողոսյանը

Ֆեյսբուքահայութունը ալեկոծվել է, իսկ հեղափոխական շարքերը՝ կարկամել: Պարզվում է՝ ամեն ինչ լավ էր գնում, բայց ահա մի նշանակում համը հանեց: Ա՛յ, ա՛յ, ա՛յ ...

Բանն այն է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Ու քանի որ նա նախկին ռեժիմի ներկայացուցիչ է, ուստի շատերի մոտ հարցեր են առաջացել, նաև՝ բուռն էմոցիաներ: Ընդ որում՝ այդ հարցերի ու էմոցիաների գերակշիռ մեծամասնությունը բացասական շեշտադրումով է, ինչը զարմանալի է: Եթե նույն զանգվածները նախկինում իրենց ծեծող ու ցույց ցրող Վալերի Օսպիյանին ընդունեցին որպես հեղափոխական ոստիկանապետ, ապա ինչո՞ւ են փոթորկվել Պողոսյանի նշանակման կապակցությամբ:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր նշանակումները լավն էին ու միայն Հունան Պողոսյա՞նն է վատը և հակահեղափոխականը: Ի՞նչ է, եթե նրա փոխարեն մարզպետ նշանակվեր, ասենք, 26 տարեկան մի աչոնիկ կամ անհայտ ծագման 27 տարեկան մորուքով տղա, ապա դա լա՞վ էր գնահատվելու: Ո՞րն է խնդիրը:

Պարզ չէ՞, որ հստակ ծրագիր և կադրային բանկ չունեցող ղեկավարը կամ պետք է «գըմփ-գըմփ-հու» անողների շարքերից լավ թմբուկ խփող հեղափոխական մեկին գտնի ու նշանակի պաշտոնի (տվյալ դեպքում կարևորը սելֆի անելու ձևերն իմանալն է ու դեմքի խունվեյբինական արտահայտությունը), կամ էլ պետք է նախկինների մեջ կադր ման գա: Տվյալ դեպքում որոշվել է նախկիններից մեկին բերել, որպեսզի կադրային բազան շատ չջրիկանա: Համ էլ՝ առջևում ընտրույթուններ են, իսկ հին կադրերն այդ հարցում լավ մասնագիտացած են:

Միգուցե կարելի է նաև Վլադիմիր Գասպարյանի՞ն վերադարձնել: Նայած թե ի՞նչ խնդիր է լուծվում:

vladimir

Ի դեպ, Պողոսյանը եղած նոր նշանակումների մեջ, գուցե, ամենալավն է: Մի հատ նայեք կառավարության կազմը, Երևանի ավագանու կազմը, մարզպետներին ու նորաթուխ չինովնիկներին և կհամոզվեք ասածիս մեջ:

Իշխանափոխությունից հետո կադրային թեման շատ է շոշափվում: Տեսակետ է տարածվել, թե Նիկոլ Փաշինյանը լավն է, բայց թիմն է վատը: Դա սխալ տեսակետ է: Թիմը ձևավորում է ղեկավարը՝ իր պատկերացումների, մտավոր կարողությունների, ծրագրերի ու փիլիսոփայության շրջանակներում: Կադրերը ղեկավարի հայելային արտացոլանքն են: Բարի ու լավ թագավորի և չար ու վատ ենթակաների մասին հեքիաթները տհասների համար են հորինված:

Կադրերին չի կարելի անձնավորված քննարկել: Եթե Սյունիքի մարզպետ վերանշանակվեր, ասենք, Լիսկան, ապա հասկանալի կլիներ վրդովմունքը, բայց եթե նման օդիոզ ֆիգուր չէ նոր նշանակվածը, ապա կադրային հարցերին պետք է ավելի լայն համատեքստում նայել:

Կառավարումը գիտություն է և լուրջ գիտություն: Կառավարման տեսությունը և պրակտիկան մեզ ասում են, որ ֆունկցիայից պետք է գալ կառուցվածքին ու դրանից հետո կադրերին: Այլ կերպ ասած՝ նախ պետք է հստակեցվի, թե ինչ եք ուզում անել, հետո նոր որոշվի թե ինչ կառուցվածք եք ստեղծում ձեր ուզածին հասնելու համար և ինչ կադրեր են պետք դրված խնդիրները լուծելու համար: Մեզ մոտ շատ հաճախ հակառակն է արվում՝ թիմակցի վրա պաշտոն են «կարում» ու դրանից հետո որոշում, թե ինչ է նա անելու:

Ինչպես հայտնի է, նոր կառավարությունը խոստացել է երջանկացնել ՀՀ քաղաքացիներին՝ դրանից առաջ նրանց հպարտ սարքելով: Է՛հ, նման խոստման շրջանակներում կարելի է ում ասես ինչ պաշտոնի ասես նշանակել: Չէ՞ որ մենք, ըստ պաշտոնական տեսակետի, հիմա ապրում ենք երջանիկ Հայաստանում ու հանդիսանում ենք հպարտ քաղաքացիներ: Եթե այդպես է, ապա ի՞նչ տարբերություն, թե ով է Սյունիքի մարզպետ կամ Սփյուռքի նախարար, Երևանի քաղաքապետ կամ Արարատի մարզի 40 հազար հեկտար տարածք տնօրինող մարզպետ:

Համաձայն կառավարության ծրագրի՝ Հունան Պողոսյանը հիմա երջանկացնելու է սյունեցիներին. դա Նիկոլ Փաշինյանի հիմնական խոստումն է: Դժվար է ասել, թե Պողոսյանն իր մռայլ ու խոժոռ դեմքով կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում նրա անելիքը դա պետք է լինի՝ երջանկացնել սյունեցիներին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է հստակ ծրագիր ու շոշափելի արդյունքների պարտավորություն լինի կառավարության կողմից, որպեսզի հնարավոր լինի քննարկել, թե արդյոք այդ ծրագրերի իրականացման ու խոստացված արդյունքների ապահովման համար այս կամ այն կադրը լա՞վն է, թե՞ վատը: Եթե ծրագիր ու չափելի արդյունքների խոստում չկա, ապա կարելի է ՀՀԿ-ի տատիկին էլ պաշտոն տալ, ՀՀՇ-ի Գևորիկին էլ: Կարևորը՝ «դուխո՛վ»:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը