Քաղաքական

18.10.2018 12:36


Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել

Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստվում է սեփական կուսակցությունը ստեղծել և դառնալ ընդդիմություն:

«Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա պետք է այդ մասին մտածես»,-ասել է Ռ. Քոչարյանը`պատասխանելով հարցին, թե մտադի՞ր է սեփական կուսակցությունը ստեղծել:

Նրա խոսքով, կուսակցության անվանումը սկզբունքային չէ․ «Սկզբունքային են այն մոտեցումները որոնք պետք է համահունչ դարձվեն... Այսօր ընդդիմադիր դաշտում ես շատ լուրջ վակուում եմ տեսնում և ենթադրում եմ, որ այն պետք է լցնել՝ երկրի շահերից ելնելով»:

Նախկին նախագահն ընդգծել է, որ ինքը որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունի:

«Եթե նման ձգտում լիներ, ապա ես 10 տարի չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակը զարգանում է այնպես, որ իրադրությունը քեզ գործընթացի մեջ է ներքաշում, որից դու չես կարող խուսափել՝ պարզապես կենսագրությունից, բնավորությունից և կյանքի նկատմամբ դիրքորոշումից ելնելով»,-ընդգծել է նա:

Միաժամանակ, խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն չունենալու մասին, Քոչարյանը պարզաբանել է, որ պարզապես չի հասցնում:

«Ես անկուսակցական էի: Դա նշանակում է, որ ես պետք է կուսակցություն ստեղծեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչ երբևէ եղել է: Ընդ որում, ես կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար, որո՞նք են առաջին քայլերը, երբ ցանկանում ես թիմ ստեղծել: Դու ուշադրությունը սևեռում ես այն մարդկանց վրա, որոնց ճանաչում ես, շրջապատին, որի հետ շփվել ես, աշխատել»,-ասել է Քոչարյանը:

Սակայն, նրա խոսքով, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, անհրաժեշտ է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ և էներգիայով լեցուն մարդկանց:

«Ինչ-որ մեկին, իհարկե, պետք է ներգրավել հին թիմից, որին դու գիտես, որի հետ աշխատել ես: Բայց, ամեն դեպքում, հենվել պետք է նոր սերնդի մարդկանց վրա, իսկ դա անելը հեշտ չէ, դրա համար ժամանակ է պետք»,-հավելել է Քոչարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը