Մեկնաբանություն

18.10.2018 14:35


Ինչպես բացահայտել անարդյունավետ իշխանությանը. մեթոդական ցուցում

Ինչպես բացահայտել անարդյունավետ իշխանությանը. մեթոդական ցուցում

Աշխարհի ոչ մի պետության ոչ մի իշխանություն արդյունավետ չի աշխատի, քանի դեռ չունի գլխի վերևում մահակ՝ քաղաքացիական հասարակության ու կայացած քաղաքական ինստիտուտների տեսքով:

Այլ կերպ ասած՝ մինչև իշխանությանը չվերահսկես, հույս չունենաս, որ չի թալանելու, որ արդյունավետ է աշխատելու, որ գլխիդ պատուհաս չի դառնալու:

Իշխանություններին շատ թե քիչ վերահսկելի դարձնելու լավագույն համակարգը ժողովրդավարականն է: Այն կատարյալ չէ, բայց համեմատաբար լավն է:

Իրական ժողովրդավարական համակարգը ձևական ժողովրդավարություններից ու մյուս ռեժիմներից տարբերվում է այն բանով, որ եթե անգամ կատարյալ սրիկաներ են հավաքվում իշխանության մեջ, ապա ստիպված են լինում դրական գործեր անել, քանզի կա ընտրությունների միջոցով կամ սահմանադրական այլ ճանապարհով հեռացվելու վտանգ:

Առաջադեմ պետությունների քաղաքացիները գիտեն, որ փրկիչներ չեն կարող լինել: Փրկիչը համակարգն է, որը ստիպում է վատ մարդկանց լավ գործեր անել: Եթե այդ համակարգը կա, ապա իշխանությունը ստիպված արդյունավետ է աշխատում ու հաշվետու դառնում հասարակությանը, իսկ եթե ժողովուրդը վստահում է մեկ մարդու ու կողքի քաշվում՝ հայտարարելով, թե «վոժդը» մի բան գիտի ու ինչ անում է, ճիշտ է անում, ապա արդյունքում ստանալու է բռնակալ ու վատ է ապրելու:

Իշխանություններին պետք է ընտրել ու հաջորդ օրվանից փայտը ձեռքից չգցել, որ շան պես վախենա, այլ ոչ թե դառնալ իշխանության «զոմբին» ու հետո բողոքել, թե բա ինչու այսպես եղավ:

Արդյունավետ իշխանություն ունենալու համար անհրաժեշտ է ունենալ զսպումների ու հակակշիռների մեխանիզմներ քաղաքական դաշտում: Պետք է ունենալ նաև բազմաբևեռ քաղաքական դաշտ ու մրցակցային միջավայր: Մենաշնորհը լճացնում է ցանկացած լավ ղեկավարի ու նրան դարձնում չարիք:

Կան մեթոդներ, որոնցով կարելի է պարզել անարդյունավետ աշխատող իշխանությանը.

1.Եթե իշխանությունը պոպուլիստական խոստումներ է տալիս, ապա զգուշացեք, քանի որ գործ ունեք չարիքի հետ և պետք է անմիջապես վռնդել այդ իշխանությանը,

2.Եթե իշխանությունը հանրությանը բաժանում է, թշնամանք սերմանում ու ատելություն քարոզում, այլ ոչ թե միավորում, ապա ձեզ կարելի է ցավակցել, քանզի ապրում եք վտանգավոր իշխանության ներքո,

3.Եթե իշխանությունը անընդհատ դժգոհում է վատ ժառանգությունից, ապա դա հուշում է, որ առկա է անարդյունավետ ու գործ չանող իշխանություն,

4.Եթե իշխանությունը սեփական ձախողումները բացատրում է ներքին կամ արտաքին թշնամիներով ու «բոբոների» կերպար մատուցում հանրությանը, ապա գործ ունենք շարքային դեմագոգի հետ, որը չի կարող արդյունավետորեն ղեկավարել պետությունը և փորձում է շեղել հանրային ուշադրությունը բուն խնդրից,

5.Եթե իշխանությունը տալիս է վերացական խոստումներ (օրինակ՝ խոստանում է երջանկացնել մարդկանց) և չի տալիս չափելի ու գնահատելի խոստումներ, ապա, ամենայն հավանականությամբ, նա դժբախտացնելու է մարդկանց ու անարդյունավետ կառավարի:

Առայժմ այսքանը անարդյունավետ իշխանություններին բացահայտելու մեթոդական ցուցումների մասին:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը