Քաղաքական

19.10.2018 09:52


Արամ Հարությունյան․ «Իրենք որևէ գաղափար չունեն լոզունգներից բացի»

Արամ Հարությունյան․ «Իրենք որևէ գաղափար չունեն լոզունգներից բացի»

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր «բարիկադներից այն կողմ են»:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը փորձեց պարզել, թե ո՞ր քաղաքական ուժերն են պատրաստ սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններում համագործակցել «Իմ քայլը» դաշինքի հետ:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը բացառեց որևէ տեսակի համագործակցությունը «Իմ քայլը» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի հետ:

«Բացառում եմ որևէ տեսակի համագործակցություն: Իրենք բարիկադներն այնպես են ստեղծել, որ այդ բարիկադները քանդելուց հնարավոր է՝ երկիրը խնդիրներ ունենա: Լավհասկանալով, որ առաջիկա քարոզարշավի ընթացքում շատ քաղաքական ուժեր նրանց մեղադրելու են հասարակությանը պառակտելու մեջ, դրա համար են փորձում խմբագրել իրենց քայլերը: «Ասֆալտին փռելու», «սևերի և սպիտակների» մասին հայտարարություններից հետո Փաշինյանն ինչ էլ անի, հասարակության մեջ եղած թշնամանքը չի վերացնի: Այդ թշնամանքը ամենաշատը արտահայտվում է Ֆեյսբուքում: Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների որոշ մասի համար ընդհանրապես սրբություն չկա, քանի որ հայհոյանքից բացի ուրիշ ձևով չեն արձագանքում այլակարծությանը»:

Հետաքրքրվեցինք՝ «կառուցված» բարիկադների պատճառով, թե՞ գաղափարական դրդապատճառ էլ կա, որ պարոն Հարությունյանը բացառում է համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ:

«Իրենք որևէ գաղափար չունեն լոզունգներից բացի, եթե իրենց չգրված գաղափարի մեջ մտնում է եկեղեցին, բանակը վարկաբեկելը, հրապարակի ժողովրդով քաղաքական ուժերին սպառնալը, ապա ակնհայտ է, որ մարդը, ով ազնիվ է ինքն իր հետ և հարգում է իր քաղաքական կենսագրությունը, երբեք նման ուժի հետ համագործակցության չի գնա: Իսկ նրանք, ովքեր այսօր աչք են փակում կամ ձևացնում են, թե իրենք չեն տեսնում տեղի ունեցողը, փորձում են տեղավորվել Փաշինյանի շուրջ կամ կեղծ ընդդիմության տեսքով հայտնվել պառլամենտում: Բնական է, որ այդ մարդիկ նույն նպատակներն ունեն, ինչ-որ Փաշինյանը: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը միայն թամադա է նշանակված հեղափոխության գլխին՝ հեղափոխության հիմնական ծրագիրը Արևմուտքինն է, Սերժ Սարգսյանը գործի մեջ է, և նրանց հիմնական խնդիրը ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելն է»,- նշեց պարոն Հարությունյանը:

Ճշտեցինք, թե ըստ պարոն Հարությունյանի՝ հեղափոխությունը Սերժ Սարգսյանի գո՞րծն է՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով, ասաց, որ միանգամայն այդպես է:

«Այո՛, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի օգնությամբ է այս հեղափոխությունն արել, մենք հասկանում ենք՝ իշխանությունները նպաստել են, որ այս հեղափոխությունը կայանա: Ես, որ այս շարժման օրերին եղել եմ ներքին խոհանոցում, այնքան բան եմ տեսել, որ ինձ համար դա լրիվ համոզմունք է, ինչ-որ տեղ նաև ապացույցներով ամրագրված փաստ»,-նշեց պարոն Հարությունյանը՝ հավելելով, որ ինքն այս մասին հնարավորություն ունի միայն խոսել ասուլիսների ժամանակ, ավելի լայն հարթակներում, հեռուստատեսությամբ իրեն հնարավորություն չի տրվում բարձրաձայնել այս հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը