Լրահոս

19.10.2018 17:43


Պարզվել է Գյումրիում գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը

Պարզվել է Գյումրիում գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է Գյումրու Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին: Արարքի դրդապատճառները պարզվում են: Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու և համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:

***

Ոստիկանության օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է երկու օր առաջ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների մայրը։ Նա Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակչուհի է, 18-ամյա Մ․Մ-ն է։

Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջինս պատմել է, որ ինքը ծննդաբերել է 01․10․2018 թվականին Մասիսի ծննդատանը, երեխաներին ունեցել է կեսարյան հատումով, ու քանի որ հետծննդաբերական շրջանում իրեն այնքան էլ լավ չի զգացել, բացի այդ սոցիալապես ծայրահեղ պայմաններում է բնակվում, որոշել է երեխաներին տանել մանկատուն։ Ի դեպ, նրա տուն այցելած ոստիկանները ևս պատմում են, որ կինը փոքրիկ, հարմարություններից բացարձակապես զուրկ տեղանքում է բնակվում։

Նա ապրում է միայնակ։ Կինը փոխանցել է, որ երեխաներին ունեցել է իր ընկերոջից, սակայն ընկերոջը տվյալները չի հայտնել, միայն ասել է, որ նա Մասիս քաղաքից չէ։ Իսկ թե ինչու է Գյումրի բերել երեխաներին, Մ․Մ-ն ասել է, որ ուզում էր հնարավորինս հեռու լինի իր բնակավայրից, որպեսզի չխայտառակվի։ Կինն ասել է, որ մանկատան պայմանները իր պայմաններից շատ ավելի լավը կլինեն, մանկատան բակում թողնելով՝ գոնե ապահով կլինի, որ նրանց կվերցնեն ու լավ պայմաններում կմեծացնեն։

Այս խորագրի վերջին նյութերը