Լրահոս

19.10.2018 18:48


«Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան (լուսանկար)

«Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան (լուսանկար)

Երգի, երաժշտության , պարի տարբեր փառատոներ, միջազգային մրցույթներ, փորձի փոխանակման ծրագրեր…. Սա միայն մի մասն է ծավալուն աշխատանքի, որ իրականացնում է Հայաստանում եւ արտերկրում Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան: Կազմակերպությունը դեռ երիտասարդ է, հիմնադրվել է 2014 թվականին, բայց արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում: Մեր զրուցակիցը Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Արման Ղուկասյանն է:

44459130_1013619935487291_4927842310592397312_n

-Պարոն Ղուկասյան Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան գործում է ընդամենը չորս տարի եւ այդ ընթացքում հասցրել եք տարբեր մրցույթ-փառատոներ կազմակերպել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում, որն է Ձեր հաջողության բանալին:

-Մեր առաջին միջազգային երգարվեստի եւ պարարվեստի մրցույթը «Կովկասի առաջնությունն» էր, որին մասնակցում էին 600 մասնակից՝ աշխարհի ութ երկրներից: Այդ ժամանակ չէինք էլ ենթադրում, որ նման առաջընթաց ենք ունենալու: Չորս տարում,սակայն, ասոցիացիան ահռելի քայլերով առաջ գնաց: Այսօր աշխատում ենք աշխարհի բոլոր ծայրերում: Ներկայացուցիչներ ունենք անգամ Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Հաջողության բանալին պարզ է՝ ազնիվ ու սիրով արվող աշխատանք:

44371643_762545737420982_3852602028337397760_n

-Որո՞նք են հիմնական ուղղությունները, որով աշխատում է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան:

-Մենք կազմակերպում ենք տարբեր միջազգային փառատոներ եւ մրցույթներ, ոչ միայն Հայաստանում , այլեւ արտրերկրում: Ուղղությունները տարբեր են, մենք հարթակ կարող ենք տրամադրել տարբեր ոլորտների արվեստագետներին: Տարբեր ոճի երգ, երաժշտություն, պարեր…. Տարատեսակ մրցույթ փառատոներ ունենք, որ վերաբերում են արվեստի տարբեր ճյուղերին: Բոլոր մրցույթ- փառատոները, սակայն, մեկ ընդհանրություն ունեն: Մրցույթներին նախորդում է նախընտրական փուլը եւ բեմ են բարձրանում միայն արժանի մասնակիցները: Լավագույններին ընտրում է միջազգային ժյուրին: Մեր մրցույթներում հաղթանակը առաջընթացի ճանապարհ է դարձել շատ մասնակիցների համար: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան զբաղվում է մրցույթներում լավագույնս ներկայացած երիտասարդների հետագա պրոդյուսինգով եւ նրանք հնարավորություն են ստանում ներկայանալ արտերկրի լավագույն բեմերում: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի համար չափազանց կարեւոր է հայկական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը: Միջազգային մրցույթները, փառատոները, կոնգրեսները աշխուժացնում են մշակութային մթնոլորտը Հայաստանում, նպաստում տաղանդավոր երիտասարդների ճանաչմանն ու առաջընթացին: Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան, մեր տաղանդավոր երիտասարդները պետք է հնարավորություն ստանան ներկայանալ եւ ներկայացնել Հայաստանը աշխարհին:

44277358_287483551863980_6924163429263474688_n

-Նշեցիք, որ միջազգային մրցույթ- փառատոներ եք կազմակերպում նաեւ արտերկրում: Մի փոքր զրուցենք նաեւ այդ մասին: Ինչպե՞ս դուրս եկաք միջազգային ասպարեզ եւ ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում դրսում:

-Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան միակն է Հայաստանում, որ միջազգային մրցույթ-փառատոներ եւ մշակութային կոնգրեսներ է կազմակերպում արտերկրում: Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Հայաստանում կազմակերպված մեր փառատոների ընթացքում ծանոթացանք տարբեր երկրներ ներկայացնող արվեստագետների հետ, որոնց հետ շարունակեցինք համագործակցությունը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ միջազգային մրցույթներ ենք կազմակերպել աշխարհի տարբեր անկյուններում՝ շուրջ վեց տասնյակ երկրներում՝ այդ թվում Վրաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Բալթյան երկրներում, Եվրոպայում…. 22 երկրում ասոցիացիան ունի պետական հովհանավորություն: Փառատոնային ծրագրերին ֆինանսապես աջակցում են տվյալ երկրի մշակույթի նախարարությունները, քաղաքապետարանները, պետական այլ կառույցները: Դա հնարավորություն է տալիս ապահովել հազարից ավելի մասնակիցների անվճար կեցությունն ու մրցույթներին մասնակցությունը տվյալ երկրներում: Ասոցիացիայի ներկայացուցիչները վճարում են միայն ուղեվարձը: Ասոցիացիային այսօր անդամագրվել է ավելի քան քառասուն հազար արվեստագետ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի ավելի քան հարյուր երկրում: Մեր մրցույթներին մեկ անգամ մասնակցած արվեստագտները հետագայում դառնում են ասոցիացիայի մշտական ներկայացուցիչը աշխարհի տարբեր երկրներում, սա նշանակում է մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ կանգ չենք առնելու:

44384111_313398696121675_7514284698713980928_n

-Ապագա պլանների մասին խոսենք, ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում

-Մեր ծրագրերը շատ են եւ հավակնոտ: Համարձակությունը գործի կեսն է նշանաբանով ենք շարժվում առաջ: Սեպտեմբերին նախատեսում են կազմակերպել երգի-պարի մրցույթ Լոնդոնում եւ լատինամերիկյան պարերի մրցույթ Չինաստանում: Երկու մրցույթն էլ ամենամյա կդառան: Նախատեսում ենք նաեւ հիմնել երգ-երաժշտության միջազգային ակադեմիա, որը մասնաճյուղեր կունենա աշխարհի տարբեր երկրներում ու Հայաստանում: Ակադեմիայում կդասավանադեն հայտնի երաժիշտներ: Ակադեմիայի լավագույն ուսանողները կդառանան ասոցիացիայի անդամ եւ կօգտվեն բազմաթիվ առավելություններից:

44449706_2174607149477218_2974788189950050304_n

44371625_288623635081448_6520945104876732416_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը