Ինչպես Մսմնայում կանխվեց Ղարաբաղի ոչնչացումը. 100-ամյա հերոսամարտի տարեդարձը
Հոկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մսմնա գյուղում մեծ շուքով նշվեց Մսմնայի ճակատամարտի 100-ամյակը։
Մսմնայի ճակատամարտն Արցախի ազգային-ազատագրական պայքարի կարևորագույն և վճռորոշ հաղթանակներից մեկն է։ Այդ հերոսամարտը հայերի համախմբվածության ու ինքնակազմակերպման վառ օրինակ է, որը բավականին հետաքրքիր և ուշագրավ մանրամասներ է պարունակում։
Մսմնայի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ․ հոկտեմբերի 18-ին, երբ շուրջ 120 հայ կամավորականները ջախջախել են 400 հոգուց բաղկացած և լավ զինված թուրքական պորֆեսիոնալ բանակը՝ դրանով իսկ կասեցնելով թուրքական նկրտումները՝ ամբողջ Ղարաբաղը հպատակեցնել նոր ստեղծված ադրբեջանական իշխանությանը։
Մսմնայի ճակատամարտին և նրա հերոսուհուն՝ իմաստուն Հերիքնազին նվիրված գրքի հեղինակ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս, պատմության հետազոտող Վաչագան Վահրադյանը 7or.am-ի հետ զրույցում պատմել է, որ 1918 թ․թուրքերը 2 հազարանոց զորքով խաբեությամբ մտել են Շուշի, ինչից հետո 400 հոգանոց մի ջոկատ է կազմվել, որը պետք է անցներ Ղարաբաղի տարածքով և ճանապարհին ահ ու սարսափ սփռեր ու կոտրեր հայերի դիմադրության ոգին։ Սակայն հրամանատար Խոսրով բեկ Փոլադովը զորքը հանկարծակի շեղում է նախանշված ուղղուց և գնում դեպի փոքր գյուղ՝ Մսմնա։
Մսմնացիները որոշում են պայքարել․ այդ գաղափարն ու ամբողջ ռազմական գործողության ծրագիրն առաջ է քաշում մի հայուհի՝ Հերիքնազ անունով։ Նա Շուշիում բնակվող հարուստ և հարգված վաճառական Ավագ Գասպարյանի կինն էր։ Երբ Շուշին գրավում են, Հերիքնազն՝ իր ընտանիքով, հեռանում է Մսմնայում գտնվող իրենց ամառանոցային տուն։
Պատմաբաններին հասկանալի չէ, թե ինչու է, այդուհանդերձ, Խոսրով բեկ Փոլադովը շեղվում թուրքական հիմնական զորքի հրամանատարի նախանշած ուղղուց և գնում Մսմնա։ Սակայն, Հերիքնազի ծոռը՝ Գրիգոր Մկրտչյանը, հետաքրքիր մանրամասներ է պատմել Վաչագան Վահրադյանին։ Ըստ այդմ՝ դեռևս Շուշիում բնակվելու տարիներին Խոսրով բեկ Փոլադովը սիրահարված է եղել գեղեցկադեմ ու վայելչակազմ Հերիքնազին․ վերջինը բոլորի ներկայությամբ Փոլադովին նույնիսկ ապտակել է իրեն սիրահետելու համար։
Երբ թուրքերը մտնում են Շուշի, Փոլադովին նշանակում են ասպատակող ջոկատի հրամանատար։ Հենց Հերիքնազին տիրանալու նպատակով էլ Խոսրով բեկ Փոլադովը ճանապարհը շեղում է դեպի Մսմնա։ Երբ զորքը մոտենում է գյուղին, Հերիքնազը կանչում է գյուղի երիտասարդությանը և հորդորում գնալ ու շրջակա մյուս գյուղերին տեղեկացնել, որ նախապատարաստվեն դիմադրության։
Իսկ ծրագիրը հետևյալն էր․ անվախ Հերիքնազը միայնակ դուրս է գալիս զորքին ընդառաջ, մոտենում է Փոլադովին և ասում, որ զորքը գյուղ չմտցնելու պայմանով իրենք կկերակրեն զորքին, սպայական կազմին կտանեն գյուղ և այնտեղ բարձր մակարդակով կհյուրասիրեն, իսկ արդեն առավոտյան ինքը ցույց կտա մի կածան, որով թուրքական զորքը կարող է հեշտությամբ հասնել Ճարտար գյուղ և մոտենալով հետևի մասից՝ անսպասելի կերպով հարձակվել ու գրավել ուժեղ ամրացված և աշխարհազորայինների կողմից լավ պահպանվող գյուղը։
Խոսրով բեկ Փոլադովը հավատում է Հերիքնազին, և այն ժամանակ, երբ մսմնացիները կերակրում էին թուրքական զորքին նրանց ուշադրությունը շեղելու և ժամանակ շահելու համար, մյուս գյուղերի բնակիչները պատսպարվում են նեղ կածանի երկու կողմերում։ Առավոտյան, երբ կերուխումն ավարտած թուրքական զորքը ճամփա է ընկնում, կածանը մառախուղով է պատված լինում և թուրքերը չեն կարողանում նկատել գաղտնի կերպով այնտեղ հավաքված գյուղացիներին։ Հենց այդ նեղ կածանում էլ 120 կամավորականները հիմնահատ ոչնչացնում են թուրքական 400 հոգանոց զորքը։Փրկվում է միայն Խոսրով բեկ Փոլադովը՝ իրեն ուղեկցող հայի օգնությամբ։ Վաչագան Վահրադյանի տվյալներով՝ հետագայում թուրքերի հրամանատարը գնում է Միջին Ասիա, փոխում անուն-ազգանունը և դառնում բոլշևիկ։
Այս ամբողջ գործողությունը կատարվում է այնպիսի գաղտնիության պայմաններում, որ Շուշիում գտնվող հիմնական զորքի հրամանատարը ոչ մի տեղեկություն չի ունենում տեղի ունեցածի մասին։ Իսկ երբ համապատասխան օրը նախանշված վայր զորքը չի ժամանում, մեկ ուրիշ ջոկատ է ուղարկում անհետացած զորքի հետքերով։ Երբ թուրքերը դուրս են գալիս Շուշիից, իմանում են եղելությունը, որ հայ կամավորականները կոտորել են բոլորին։ Ջոկատը հետ է դառնում, և դրանից հետո թուրքերը ոչ մի ռազմական քայլ չեն ձեռնարկում Ղարաբաղի գյուղացիներին ճնշելու ուղղությամբ։
-Այս ճակատամարտի նշանակությունն այն է, որ դրանով ամբողջ Ղարաբաղը փրկվեց կոտորածներից, կործանումից և ոչնչացումից։ Այսինքն՝ սա նույն նշանակությունն ունի Ղարաբաղի համար, ինչ որ Սարդարապատի ճակատամարտը ողջ հայության համար,-մեզ հետ զրույցում ընդգծեց Վ․ Վահրադյանը։
Նա նաև նկատում է, որ ծնունդով այս գյուղից է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը (Բաբայանի ծնողները Մսմնայից են)։
-Փաստորեն, փոքրիկ գյուղը երկու անգամ Ղարաբաղը փրկել է ոչնչացումից՝ մոտ 80 տարվա տարբերությամբ։ Երկու ռազմական հանճար և մեկ մշակութային գործիչ է տվել գյուղը՝ հայտնի կոմպոզիտոր Անդրեյ Բաբաև (Անդրանիկ Բաբայան)։ Հատուկ նշեմ, որ Չարդախլու գյուղից 4 մարշալ է դուրս եկել՝ Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խանփերյանցն ու Իսակովը, բայց այդ 4 մարշալներն ապրել ու աշխատել են Ռուսաստանում ու ոչ մի ուղղակի օգուտ չեն տվել Ղարաբաղին։ Իսկ Մսմնայի հերոսները ապրել են Ղարաբաղում և օգուտ են տվել հենց Ղարաբաղին,-ասում է Վ․ Վահրադյանը։
Ի դեպ, Մսմնայի ճակատամարտի 100-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցում էր նաև Հերիքնազի ծոռը՝ Գրիգոր Մկրտչյանը։
7or.am-ի հետ զրույցում նա կարևորեց մեր օրերում գյուղի հերոսական ոգին բարձրացնելու և պահպանելու անհրաժեշտությունը։ Նշենք, որ Մսմնայի բնակչությունը տարեցտարի նվազում է, գյուղի դպրոցում տարբեր տարիքի ընդամենը 7 աշակերտ կա, ճանապարհները քարուքանդ են, հողերը չեն մշակվում։
-Գյուղը, կարելի է ասել, մահանում է․ այնտեղ միայն տարեցներն են մնացել, երիտասարդ ընտանիքները հեռանում են, և Մսմնայի հերոսամարտի մասին հիշատակելը նաև կարևոր է գյուղացիների և թերևս ողջ հայության արժանապատվությանն աջակցելու առումով, որպեսզի միասնական ուժերով հնարավորություն ընձեռվի գյուղին ավելի երկար ապրել ու պարզապես չվերանալ քարտեզի վրայից։ Բոլո՛րը պետք է իմանան այս փոքրիկ գյուղի մեծ հերոսության մասին,-եզրափակեց Գ․Մկրտչյանը։
Ինչպես Մսմնայում կանխվեց Ղարաբաղի ոչնչացումը. 100-ամյա հերոսամարտի տարեդարձը
Հոկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մսմնա գյուղում մեծ շուքով նշվեց Մսմնայի ճակատամարտի 100-ամյակը։
Մսմնայի ճակատամարտն Արցախի ազգային-ազատագրական պայքարի կարևորագույն և վճռորոշ հաղթանակներից մեկն է։ Այդ հերոսամարտը հայերի համախմբվածության ու ինքնակազմակերպման վառ օրինակ է, որը բավականին հետաքրքիր և ուշագրավ մանրամասներ է պարունակում։
Մսմնայի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ․ հոկտեմբերի 18-ին, երբ շուրջ 120 հայ կամավորականները ջախջախել են 400 հոգուց բաղկացած և լավ զինված թուրքական պորֆեսիոնալ բանակը՝ դրանով իսկ կասեցնելով թուրքական նկրտումները՝ ամբողջ Ղարաբաղը հպատակեցնել նոր ստեղծված ադրբեջանական իշխանությանը։
Մսմնայի ճակատամարտին և նրա հերոսուհուն՝ իմաստուն Հերիքնազին նվիրված գրքի հեղինակ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս, պատմության հետազոտող Վաչագան Վահրադյանը 7or.am-ի հետ զրույցում պատմել է, որ 1918 թ․ թուրքերը 2 հազարանոց զորքով խաբեությամբ մտել են Շուշի, ինչից հետո 400 հոգանոց մի ջոկատ է կազմվել, որը պետք է անցներ Ղարաբաղի տարածքով և ճանապարհին ահ ու սարսափ սփռեր ու կոտրեր հայերի դիմադրության ոգին։ Սակայն հրամանատար Խոսրով բեկ Փոլադովը զորքը հանկարծակի շեղում է նախանշված ուղղուց և գնում դեպի փոքր գյուղ՝ Մսմնա։
Մսմնացիները որոշում են պայքարել․ այդ գաղափարն ու ամբողջ ռազմական գործողության ծրագիրն առաջ է քաշում մի հայուհի՝ Հերիքնազ անունով։ Նա Շուշիում բնակվող հարուստ և հարգված վաճառական Ավագ Գասպարյանի կինն էր։ Երբ Շուշին գրավում են, Հերիքնազն՝ իր ընտանիքով, հեռանում է Մսմնայում գտնվող իրենց ամառանոցային տուն։
Պատմաբաններին հասկանալի չէ, թե ինչու է, այդուհանդերձ, Խոսրով բեկ Փոլադովը շեղվում թուրքական հիմնական զորքի հրամանատարի նախանշած ուղղուց և գնում Մսմնա։ Սակայն, Հերիքնազի ծոռը՝ Գրիգոր Մկրտչյանը, հետաքրքիր մանրամասներ է պատմել Վաչագան Վահրադյանին։ Ըստ այդմ՝ դեռևս Շուշիում բնակվելու տարիներին Խոսրով բեկ Փոլադովը սիրահարված է եղել գեղեցկադեմ ու վայելչակազմ Հերիքնազին․ վերջինը բոլորի ներկայությամբ Փոլադովին նույնիսկ ապտակել է իրեն սիրահետելու համար։
Երբ թուրքերը մտնում են Շուշի, Փոլադովին նշանակում են ասպատակող ջոկատի հրամանատար։ Հենց Հերիքնազին տիրանալու նպատակով էլ Խոսրով բեկ Փոլադովը ճանապարհը շեղում է դեպի Մսմնա։ Երբ զորքը մոտենում է գյուղին, Հերիքնազը կանչում է գյուղի երիտասարդությանը և հորդորում գնալ ու շրջակա մյուս գյուղերին տեղեկացնել, որ նախապատարաստվեն դիմադրության։
Իսկ ծրագիրը հետևյալն էր․ անվախ Հերիքնազը միայնակ դուրս է գալիս զորքին ընդառաջ, մոտենում է Փոլադովին և ասում, որ զորքը գյուղ չմտցնելու պայմանով իրենք կկերակրեն զորքին, սպայական կազմին կտանեն գյուղ և այնտեղ բարձր մակարդակով կհյուրասիրեն, իսկ արդեն առավոտյան ինքը ցույց կտա մի կածան, որով թուրքական զորքը կարող է հեշտությամբ հասնել Ճարտար գյուղ և մոտենալով հետևի մասից՝ անսպասելի կերպով հարձակվել ու գրավել ուժեղ ամրացված և աշխարհազորայինների կողմից լավ պահպանվող գյուղը։
Խոսրով բեկ Փոլադովը հավատում է Հերիքնազին, և այն ժամանակ, երբ մսմնացիները կերակրում էին թուրքական զորքին նրանց ուշադրությունը շեղելու և ժամանակ շահելու համար, մյուս գյուղերի բնակիչները պատսպարվում են նեղ կածանի երկու կողմերում։ Առավոտյան, երբ կերուխումն ավարտած թուրքական զորքը ճամփա է ընկնում, կածանը մառախուղով է պատված լինում և թուրքերը չեն կարողանում նկատել գաղտնի կերպով այնտեղ հավաքված գյուղացիներին։ Հենց այդ նեղ կածանում էլ 120 կամավորականները հիմնահատ ոչնչացնում են թուրքական 400 հոգանոց զորքը։ Փրկվում է միայն Խոսրով բեկ Փոլադովը՝ իրեն ուղեկցող հայի օգնությամբ։ Վաչագան Վահրադյանի տվյալներով՝ հետագայում թուրքերի հրամանատարը գնում է Միջին Ասիա, փոխում անուն-ազգանունը և դառնում բոլշևիկ։

7or.am