Մեկնաբանություն

21.10.2018 20:59


Ամբոխը և մութ ուժերը

Ամբոխը և մութ ուժերը

Ամբոխի հավաքական գիտակցությունը համարժեք է դպրոցահասակ երեխայի գիտակցությանը, իսկ հոգին նման է զգացմունքային կնոջ կամ նևրոզ ունեցող միջին վիճակագրական տղամարդու հոգուն:

Ամբոխին հեշտ է խաբել, ներշնչել, մոլորեցնել ու թյուրիմացության մեջ գցել:

Ամբոխը ընկալում է ոչ թե փաստարկները, ոչ թե ռացիոնալ միտքը, այլ հրամցված պատկերները և պնդումները, ընդ որում՝ այդ պնդումները, որպես կանոն, հիմնավոր չեն լինում:

Ամբոխը հեշտ է «կուտը» ուտում: Հետո է նա հասկանում, որ մոլորեցվել է, բայց արդեն ուշ է լինում: Դա մոտավորապես նման է այն պատմությանը, երբ դյուրահավատ ու հուզառատ կնոջը խաբեբա տղամարդը հեշտությամբ կարողանում է համոզել, որ սիրում է ու տանում դեպի անկողին: Այդ հետո է խաբված կինը հասկանում, որ հանդիպել է շարքային «բաբնիկի», որին ոչ թե սերն է պետք, այլ մեկանգամյա սեռական հարաբերությունը:

Ամբոխին պետք չեն իրական փաստերը: Ամբոխն առաջնորդվում է սևով ու սպիտակով: Նաև՝ պատրանքներով:

Ամբոխին պետք է հերոս ու կուռք, ինչպես նաև թշնամու կերպար: Ամբոխի համար սյուժեն շատ պարզ է՝ կա հերոս, որն ինքնամոռաց կռվում է մութ ուժերի դեմ:

Այդ մութ ուժերի դերում կարող են հանդես գալ այն երևույթներն ու անձերը, որոնք ամբոխին են հրամցվում «վոժդի» կողմից:

Սրանք ունիվերսալ մոդելներ են ու գործում են բոլոր այն դեպքում, երբ կա ամբոխավարություն:

Եթե փորձենք տեղայնացնել վերը նշվածը, ապա մեզանում ամբոխին վախեցնում ու ֆռռացնում են տարատեսակ «բոբոներով», որպեսզի լուծվի ամբողջական իշխանություն ձևավորելու հարցը:

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարվեց, որ «բոբոն» հակահեղափոխական ուժերն են ու սևերը, և եթե կոմիկ Հայկոն չդառնա Երևանի քաղաքապետ, ապա «մեշոկ պապին» կգա ու բոլորին կտանի: Սարսափահար ամբոխը 81 տոկոս ձայնով մերժեց «մեշոկ պապիին»՝ ոչ տեսնելով ու ոչ էլ լսելով վերջինիս:

Սյունիքում մարզպե՞տ է պետք նշանակել «մերժված» ռեժիմի կարկառուն ներկայացուցչի, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրություններում նախկին մեթոդներով անհրաժեշտ քվեների քանակն ապահովվի, բայց այնպես արվի, որպեսզի նաև հեղափոխական սրտե՞րը չճմլվեն այդ նշանակումից հետո: Հոգ չէ: Կարելի է հեքիաթներ պատմել սյունիքյան մաֆիայի ու նարկոթրաֆիկի մասին: Թե քանիսը կհավատան այդ վարկածին, թող սերժականից նիկոլական դարձած «Գելափը» հաշվի:

Էջմիածնում անհրաժեշտ է սեփական «կռուգի» աչոնիկի՞ն նշանակել քաղաքապետ: Հոգ չէ: Պետք է ընդամենը տեղացիներին վախեցնել, որ նախկին կլանները կարող են վերակենդանանալ և վերջ: Ու նաև հրահանգել, որ պետք է ընտրել կին թեկնածուի (առանց բացատրելու, թե ինչու է պետք կին ընտրել Էջմիածնում, իսկ, ասենք, Կապանում՝ տղամարդ):

Այդ «բոբոների» մատուցումից հետո ամբոխն ուշադրություն չի դարձնում, որ համայնքապետի իշխանական թեկնածուի օգտին նախկինից ոչ պակաս ձևով վարչական ռեսուրս է կիրառվում:

Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության փոխարեն ունենանք ամբոխ ու այդ ամբոխը թույլ տա «լապշաներ» կախել իր ականջներից:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Երբ տուշոնկայի պատմությամբ հայտնի գեներալ Մանվել Գրիգորյանին հարցնում էին, թե ինչու է իր որդուն՝ Կարեն Գրիգորյանին դարձրել Էջմիածնի քաղաքապետ, նա պատասխանում էր, թե ինքը կապ չունի, որդին ինքնուրույն մարդ է: Այդ ինքնուրույն որդին մեկ շաբաթ էլ քաղաքապետ չմնաց, հենց որ ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը և Մանվելին կալանավորեցին:

Երբ Մանվելի որդուն ասում էին, որ ինքը քաղաքապետ է դարձել հոր լոբբինգով և որպես սերժական Մանվել Գրիգորյանի որդի՝ առավելություն ունի մյուսների նկատմամբ, նա պատասխանում էր, որ այդպես չէ, քանի որ Մանվել Գրիգորյանի որդի լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն: Այսօր նույնաբովանդակ հարցադրմանն ի պատասխան Հրազդանի քաղաքապետացու Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, պատասխանել է. «Սասուն Միքայելյանի որդի լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն»:

Մի խոսքով՝ «դուխո՛վ»:

Այս խորագրի վերջին նյութերը