Մեկնաբանություն

21.10.2018 22:00


«Տղա բերելու» ավանդույթը շարունակվում է

«Տղա բերելու» ավանդույթը շարունակվում է

Երբ բովանդակությունը բացակայում է, պետք է շեշտը դնել ձևի վրա:

Երբ ասելիք չկա, պետք է թոզ փչել:

Երբ մեջը դատարկ է, պետք է արտաքին փաթեթավորման վրա ուշադրություն դարձնել:

Երբ ասելիք ու անելիք չկա, կարելի է շրջապատվել մեծերով, որպեսզի մեծ երևաս:

Հա, ինչ էի ուզում ասել: Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ է նշանակել Արթուր Մեսչյանին:

Շատերը Մեսչյանին գիտեն որպես երաժիշտ, բայց նա մասնագիտությամբ ճարտարապետ է:

Ֆեյսբուքահայության մեծ մասը հիացական գնահատականներ է տալիս այս նշանակման կապակցությամբ, իսկ մի փոքր մասն էլ ողջամիտ հարցադրումներ է անում, թե ի՞նչ հայեցակարգի շրջանակներում է նշանակվել հայտնի արվեստագետը և ո՞րն է այն տեսլականը, որը պետք է կյանքի կոչի նորանշանակ գլխավոր ճարտարապետը:

Լա՞վ է այս նշանակումը, թե՞ վատ, դժվար է միանշանակ ասելը: Պետք է ոչ թե անձը քննարկել, այլ ֆունկցիան: Իսկ ֆունկցիայի մասին ոչ նախընտրական, ոչ էլ հետընտրական փուլում չի խոսվել, որ գնահատենք, թե այդ ֆունկցիայի իրականացման համար Մեսչյանը լա՞վն է, թե վատը:

Տպավորությունն այնպիսին է, որ Մեսչյանին նշանակել են արտաքին փայլի ապահովման համար: Այսպես ասած՝ «տղա են բերել»: Որպեսզի կոմիկ դերասան Հայկոյի «մերկությունը» չերևա և որպեսզի Մեսչյանը որոշակի լրջություն հաղորդի քաղաքապետին: Այսինքն՝ Մեսչյանն այս իշխանությունների համար ավելի շատ այլ դերակատարում ունի, քան գլխավոր ճարտարապետի:

Ի դեպ, նույն այդ ոճով գործում էր Սերժ Սարգսյանը: Դրսից «տղա էր բերում», որպեսզի փայլ հաղորդի իր իշխանությանը:

Երբ 2008-ին նա ծանր գնով դարձավ նախագահ, առաջին հրամանագրերից մեկով Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակեց աշխարհահռչակ հայ երաժիշտ Շարլ Ազնավուրին: Պարզ էր, որ Ազնավուրից ոչ թե դեսպանի պարտականություններ էր պահանջվում, այլ սարգսյանական իշխանությանը համաշխարհային մեծության աստղով զարդարելու ֆունկցիա: Խաղացել էին Շարլի հայրենասիրության վրա, համաձայնության եկել և օգտագործել նրա անունը: Հայտնի երգչին դեսպան նշանակելով՝ Սարգսյանը փորձում էր «շիկ» ապահովել ու լեգիտիմացնել սեփական իշխանությունը:

Շարլի նշանակումը ոչ մեկը ռիսկ չէր անում քննադատել, քանզի ինչպե՞ս կարելի էր քննադատել մեր սիրելի շանսոնյեի դեսպան դառնալը: Հիմա նույն բանն է՝ ինչպե՞ս կարելի է հարցեր բարձրացնել կամ հիացականից բացի այլ գնահատական հնչեցնել Մեսչյանի նշանակման կապակցությամբ, չէ՞ որ նա հայտնի «Առաքյալներից» է եղել:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը